Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ 

Նավիկյանի խոսքով՝ 80-օրյա ժամկետում դիմումի պատասխանը կտրվի։

Հունանյանը դիմումը ներկայացրել է  սեպտեմբերի 11-ին։

Հիշեցնենք, որ 20 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, 5 հոգուց բաղկացած ահաբեկչական խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, զինված ինքնաձիգներով, մտել է խորհրդարանի նիստերի դահլիճ եւ գնդակահարել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, եւս 6 բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների:

Պատգամավորները մեկ օր շարունակ պատանդ էին մնացել խորհրդարանի դահլիճում, որից հետո ահաբեկիչները հանձնվել են իրավապահ մարմիններին: Մինչ այդ Նաիրի Հունանյանն առանձնազրույց է ունեցել այդ ժամանակ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Դատավարությունը տեւել է երեք տարի, որի արդյունքում 5 ահաբեկիչները դատապարտվել են ցմահ ազատազրկման: Ահաբեկչության կազմակերպիչները այդպես էլ չեն հայտնաբերվել: