Ստի փիլիսոփայություն
Մի հմուտ ստախոս մի առիթով ստախոսության մասին կարճ դասախոսություն էր կարդում` ասելով, որ սուտը պետք է շատ ճշմարտանման լինի, եւ ցանկալի է, որ ստի մի մասը ճշմարիտ լինի, ու միայն մի հատվածը հորինված լինի, որ եթե անգամ մարդը փորձի ճշտել այն` ճշմարտության կտորը հայտնաբերելով մտածի, որ մյուս մասն էլ է ճիշտ: Մեկ այլ գործիչ ստախոսների, կեղծիք տարածողների մասին ասում էր` կանգնած ժամացույցն էլ է օրական երկու անգամ ժամը ճիշտ ցույց տալիս: Հիմա ստի ու կեղծիքի շատ ավելի հմուտ վարպետներ կան ասպարեզում: Լսում ես` առաջին հայացքից ինչ-որ ճշմարիտ բաներ են ասում: Ասենք. մեր տնտեսությունը պետք է զարգանա, որ մենք ուժեղ բանակ ունենանք: Մեր սերունդը պետք է կրթվի, որ երկիրը զարգանա, եւ տարբեր բնագավառներում հաջողություններ արձանագրենք:
Եվրոպական արժեքներն ապացուցել են իրենց կենսունակությունը, ռուսական հասարակությունը հանդուրժում է բռնապետությունը, բռնությունը եւ զենքի, ագրեսիայի նկատմամբ լոյալ է, իսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժեր չի ստեղծում: Առաջին հայացքից, իհարկե, այս պնդումների մեջ ճշմարտություն կա, եւ դժվար է դրանց առարկելը, բայց դրանք՝ բոլորը, միակողմանի, կոնկրետ տեսանկյունից եւ կոնկրետ թելադրանքով ու նպատակներով տարածվող թեզեր են: Տնտեսությունը զարգացնելու թեզն առաջ մղողներին բոլորովին էլ բանակը չի հետաքրքրում, կրթության մասին խոսողները բուհական համակարգն են հիմնահատակ ավերում: Եվրոպական արժեքներ դավանողներն իրենց տեսակետից տարբերվող կարծիք հայտնողներին, իրենց քննադատողներին պատրաստ են հոշոտել: Ռուսական բռնապետությունն էլ մերժելի է այնքան ժամանակ, քանի դեռ հայտնի շրջանակները ռուսական կայսրությունից գրանտներ չեն ստանում: Եվ, առհասարակ` շատ թեզերի հիմքում փնտրեք փողը, շահը:
Կարծիքներ