Ոչ մի ճիշտ քայլ

Ոչ մի ճիշտ քայլ

Պետական գործչի խելքն ու շնորհքը, իմաստնությունն ու փորձառությունը դրսեւորվում են նրանում, որ ոչ միայն երկիրը չտանի փորձությունների, այլեւ ինքն իրեն ծիծաղելի ու անհեթեթ վիճակների մեջ չդնի։ Որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ անգամ եթե դու տիրապետում ես ուժային կառույցներին, բարոյականության հետ խնդիրներ չունես, ամոթի զգացումդ կորցրել ես եւ քո անձնական բարեկեցությունը մի ամբողջ երկրի բարեկեցությունից ու ապագայից վեր ես դասում, դա դեռ չի նշանակում, որ կարող ես բոլոր իրավիճակները հարթել եւ ջրից չոր դուրս գալ։

Խելացի ղեկավարը, օրինակ, անգամ եթե ակամայից հայտնվել է հետպատերազմյան Հայաստանի ղեկավարը լինելու բարդ կացության առաջ, իր քայլերով չի բարդացնի առանց այն էլ ծանր վիճակը՝ իրենից դժգոհ մարդկանց մոտ գնալով կամ այդ դժգոհ մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ սկսելու հրահանգներ իջեցնելով։ Առհասարակ՝ նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հնարավորինս խուսափեր անապացույց ու սադրիչ հայտարարություններ անելուց, մեղքը սրա-նրա վրա բարդելուց։

Պետք է փորձեր զղջալու, ափսոսանքի ու ներում հայցելու քայլեր անել։ Իսկ ի՞նչ է անում նա՝ ամեն կերպ հրահրում է համազգային բունտ ու բողոքի ակցիաներ։ Նորանոր մարդկանց է թշնամացնում իր հետ։ Ցույց է տալիս, որ թքած ունի հանրային կարծիքի վրա։ Բողոքողներին թշնամի է հռչակում եւ ժողովուրդ չի համարում։ Ատելություն ու չարություն է սփռում իր խոսքով, կրկին պառակտում է հանրությանը, իր կողմնակիցներին ու ենթականերին դնում է անելանելի վիճակում։ Տրորում է օրենքը եւ կեղծ տեղեկատվություն տարածում, բեմականացնում է իր հանդեպ սիրո ու հարգանքի տեսարաններ, երբ հանրության մի պատկառելի մաս մերժում է իրեն։ Մի խոսքով՝ անում է այն, ինչ չպետք է աներ։