Թե ինչպես հայ ժողովրդին դրեցին թշնամու զոհասեղանին

Առիթ ունեցել եմ անդրադառնալու, թե ինչու հայտնվեցինք այս ողբալի վիճակում: 1994-ի զինադադարից հետո` իրար հաջորդող բոլոր իշխանությունները, հույս ունենալով, որ միջազգային հանրությունն Ադրբեջանին թույլ չի տա պատերազմ սկսել, իրենց թայֆաներով` անտեսելով պետական անվտանգությունը, երկիրը մեջ-մեջ արեցին, ինչը շարունակվում է առայսօր։ 2016-ի քառօրյա պատերազմից հետո իշխանությունները հասկացան, որ պատերազմով հարցի լուծումը չի բացառվում, միաժամանակ Ռուսաստանը սեղանին դրեց «լավրովյան» պլանը։ Իշխանությունները սկսեցին ակտիվացնել «երիտհայերի» խմբակին, որոնց բուծումը սկսվել էր 2012-ից, իսկ 2017-ին՝ Միքայել Մինասյանի հովանու ներքո, «Ելք» դաշինքին մտցրին Ազգային ժողով։ Իսկ թե ինչպես 2018-ին իշխանությունը փոխանցվեց այս անհայրենիք խմբակին, բոլորիս է հայտնի։
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու մեզ դրեցին թշնամու զոհասեղանին։ Այդ ազգադավ գործընթացի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ ՔՊ-ի ակտիվ մասնակցությամբ եւ 680 հազար պետականակործան ընտրազանգվածի աջակցությամբ։ Հիմնավորեմ փաստերով. նախ արձանագրենք այն, որ Նիկոլն իրազեկված է եղել, թե ինչի համար են իրեն իշխանության բերել, բայց Արցախի հայաթափման ծրագիր 18-ին չի եղել։ Արցախի հայաթափման պատասխանատուն միայն Նիկոլն է` իր խմբակի հետ: Դրա մասին է վկայում 2023թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից առաջ արված հայտարարությունը, որով նա թյուրիմացության մեջ գցեց միջազգային հանրությանը՝ ասելով, որ արցախահայությանը վտանգ չի սպառնում, որից լավագույնս օգտվեցին ադրբեջանցիները։ Եվ պատերազմի վտանգի առկայության պայմաններում իշխանությունները ոչ միայն անհրաժեշտ քայլեր չձեռնարկեցին՝ այն կանխելու համար, այլեւ ավելին՝ իրենք սադրեցին: 2019-ին Արցախում «Արցախը Հայաստան է, եւ վերջ», իսկ տավուշյան առճակատումից հետո «մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակն ու ինտելեկտուալն է» հայտարարությունները սադրանք էին։ Պատերազմի հրահրում էր նաեւ այն հրապարակային հայտարարությունը, թե` «իմ զրոյական կետից եմ բանակցում», որից հետո Մինսկի խմբի համանախագահող երկրները պասիվացան, որից լավագույնս օգտվեցին մեր թշնամիները։
2021-ի ԱԺ ընտրություններից հետո Նիկոլը հիմնականում «խաղաղություն» է քարոզել՝ միաժամանակ ժողովրդին ահաբեկելով պատերազմով, բավարարելով թշնամիների բոլոր պահանջները, ինչի ականատեսը եղանք Տավուշում, երբ ասում էր, որ եթե չհանձնենք, մեկ շաբաթից պատերազմ կսկսվի։ Այժմ ժողովրդին պատերազմով ահաբեկման նոր փուլ են սկսել՝ հայտարարելով, որ «խաղաղության համաձայնագրի» բոլոր կետերը համաձայնեցված են, բայց հերթական տեղեկատվական ահաբեկչությունն են գործի դրել` ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կեղծ հայտարարությունները եւ մեր հերքումները։ Քարոզչության իմաստն է` Ադրբեջանը հող է նախապատրաստում ագրեսիայի համար։ Այս ամենով Հայաստանի իշխանությունները հանրությանը նախապատրաստում են հերթական զիջումներին։
Ասելիքս եզրափակեմ Նիկոլի՝ վերջերս Գյումրիում արած հայտարարությամբ, որտեղ ասել է՝ շատ կորուստներ ունեցանք, բայց ձեռք ենք բերել ավելի մեծ ինքնիշխանություն եւ անկախություն։ Ռուսաստանի ազդեցությանն ավելացրել են թուրք-ադրբեջանական՝ մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող ստորացուցիչ ազդեցությունը, մյուս կողմից` Եվրամիություն են գնում ռուսական տնտեսությամբ եւ կեղծ` իմիտացիոն ժողովրդավարությամբ։ Իրականում մեկ բան հստակ է` մեզ դնում են թշնամու զոհասեղանին։
ՀԳ․ Ժողովրդական խոսք կա՝ երկու վախը մեկ մահ է։
Պետրոս ՄԱԿԵՅԱՆ
Կարծիքներ