Խորհուրդ Փաշինյանին` իր պատից կախված նկարը տանել փորձագետի մոտ

Խորհուրդ Փաշինյանին` իր պատից կախված նկարը տանել փորձագետի մոտ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է «Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի» քննարկումներն ինքն իր հետ: Անցալ շաբաթ առաջին քննարկումն էր, օրերս` երկրորդը: Հավաքների մասնակիցներն ակտիվ, երկրի հարցերով մտահոգ քաղաքացիներն են, ովքեր կառավարության մեյլին նամակ են գրում` հայտ ներկայացնում: Նրանց մեծ մասը քննարկման ժամանակ իրենց հուզող հարցերն է բարձրացնում, որոնք վարչապետի կողմից առաջ «բրթվող» «իրական Հայաստանի» թեզերի հետ կապ չունեն: Այնպես որ, վարչապետը, կարելի է ասել, ինքն ասում է, ինքը` լսում, բայց դրանից չի հուսահատվում եւ համառորեն շարունակում է «քննարկումները»` ճեղքեր փնտրելով հայրենիքի ու պետության միջեւ: 

Օրերս նրան գրգռել էր «Հայրենիք Հայաստանի ու պետություն Կիլիկիայի» միջեւ ճեղքվածքը: «Կիլիկիան հայկական պետություն էր, բայց այստեղ էլ մի խնդիր կա, հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Կիլիկիան, եւ, իմ կարծիքով, այստեղ ճեղք է առաջացել։ Մենք անկախություն ստանալով, մեր պետությանը վերաբերվում ենք նույն դիստանցիայով, այսինքն՝ Հայաստանը մեր հայրենիքն է, բայց պետությունը ոնց որ թե մեզ այդքան հարազատ չի, ինչքան մեր հայրենիքը...»,- ասել է նա: Կառավարության նիստի ժամանակ էլ նույն թեզերը քարոզել է մշակութային տեսանկյունից՝ ասելով, որ թանգարաններում ու պատկերասրահներում տեսնում ենք 19, 20-րդ դարերի արվեստը, «բայց անկախ Հայաստանի Հանրապետության արվեստը մեր թանգարաններում շատ քիչ է ներկայացված»: Անկախ Հայաստան ասելով, Փաշինյանը երեւի նկատի ունի հետիշխանափոխական Հայաստանը: 

Հիշեցնենք, որ 2018-ին ուզում էին հեղափոխության թանգարան ստեղծել, «հեղափոխության» սիմվոլներն էին հարգի` «դուխով» գլխարկ, օղի, երգեր, իր արձանն էին դրել Իջեւանում: Բայց այսօր մարդկանց մի ահռելի հատված անիծում է «հեղափոխությունը», համարում այն մեր կործանման, պարտությունների սկիզբը, աղետների, զոհերի, Արցախի կորստյան հետ են ասոցացնում: Եվ վարչապետը կրկին փորձում է վերադառնալ մշակույթի, արվեստի մեջ այն մարմնավորելու մտքերին: «Անկախությունից հետո բաց է՝ վակուում է, չկա ոչինչ, ՀՀ-ում արվեստ չկա, մշակույթ չկա, ստեղծագործություն չկա, ոչինչ չկա, եւ սա լուրջ խնդիր է։ Եվ, այո, մենք այդ ֆոնդերը պետք է համալրենք։ Մեր պետական պատկերասրահում ժամանակակից նկարիչների մշտական ցուցահանդես չկա, չէ՞»,- ասել է նա: 

Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Սվետլանա Պողոսյանին հարցրինք՝ չունե՞նք ժամանակակից արվեստ, էդ դեպքում ինչո՞ւ ենք գնում մասնակցելու Վենետիկի բիենալեին, ի՞նչ ենք ցուցադրում ժամանակակից արվեստի եւ մյուս թանգարաններում։ «Ոչ, կարող եմ ասել, որ ավանդույթները շարունակվում են նոր ստեղծագործական մոտեցումներով՝ ե՛ւ արվեստի, ե՛ւ արհեստագործության ոլորտում: Բավականաչափ մասնագետներ ունենք՝ խեցեգործներ, նկարիչներ, քանդակագործներ, որոնք աշխատում են: Հենց Նկարիչների միությունում, թանգարաններում ցուցահանդեսներ են լինում: Շատ լավ կլինի, որ պետությունը գնի լավ աշխատանքները, եւ ֆոնդերը համալրեն: Գուցե չե՞ն գնում: Օրինակ, դեկորատիվ կիրառական արվեստի տարբեր ճյուղերից սովետական շրջանի հարուստ հավաքածու կա թանգարաններում, ու լավ կլինի, որ պետական ֆինանսավորում լինի, որ պատկերասրահներն ու թանգարանները ժամանակակից մշակույթի արտեֆակտներ ձեռք բերեն»,- պատասխանեց նա: 

Ազգագրագետը դեմ չէ, որ «հեղափոխության» հետ կապված «արտեֆակտներ» էլ ցուցադրվեն, բայց պետք է գնահատել ու ցուցադրել մշակույթի ժառանգականությունը՝ հնագույն շրջան, զարգացում, մեր օրեր: Մեկը մյուսին չի փոխարինի: Ո՞նց անենք, որ մեր ունեցածն ավելի տեսանելի լինի, շատ պրոպագանդվի, ու վարչապետի մակարդակով իմանան, թե ինչ ունենք մենք: «Մենք պարբերաբար գնում ենք, մասնակցում ենք, տեսնում ենք, ես չգիտեմ, թե ինչու է այդ տպավորությունը: Գուցե խնդիրն այն է, որ  հավաքածուները չե՞ն համալրվում, դա ուրիշ խնդիր է, բայց ե՛ւ արվեստ կա, ե՛ւ մշակույթի բնագավառում նորություններ»: 

Կառավարության նիստին վարչապետը խոսեց նաեւ տնտեսական կողմի մասին, ԿԳՄՍ նախարարն ասաց, որ աճուրդների համակարգը չի կայացել, Փաշինյանը պնդեց, որ չկա գնահատման հուսալի համակարգ, ու հայտնի չէ, թե արվեստի որ գործն ինչ արժե: Նա օրինակ բերեց իրենց պատից 40 տարի կախված նկարը, որ ինքը չգիտի, թե դա ինչ արժե: Չունե՞նք արվեստի գնահատման համակարգ, աճուրդներ, գործիքներ, մեխանիզմներ, ինչպե՞ս է եղել, որ այդքան հետ ենք մնացել: Սվետլանա Պողոսյանը հիշեց, որ ժամանակին կար մշակութային խորհուրդ, որը ստեղծագործողներից գնումներ էր կատարում, եւ դա խթանում էր արվեստագետներին: Աճուրդին մարդիկ պետք է ցանկանան մասնակցել: «Այլ բան է, որ արժեքավոր գործերը պարբերաբար ցուցադրվում են ու էլի վերադառնում են արվեստանոցներ, թանգարանները պետք է ունենան հնարավորություն՝ ձեռք բերելու այդ գործերը՝ աճուրդի, գնման, թե նվիրատվության միջոցով, եւ պետությունն այստեղ անելիք ունի»,- ասաց ազգագրագետը: Իսկ չկա՞ Հայաստանում գործերի գնահատման մեխանիզմ, ո՞նց Նիկոլն իմանա իր պատից կախված նկարի գինը։ Հարցը զարմացրեց Պողոսյանին, որը չէր լսել կառավարության նիստը. «Մենք փորձագետների ահռելի խումբ ունենք: Շատ փորձագետներ հենց նախարարության համակարգում են աշխատում: Դժվար չէ իրենց դիմել ու ճշտել: Գնագոյացումների մեխանիզմը փորձագետները գիտեն, փորձագիտական գործակալություն կա` ինչի՞ մասին է խոսքը: Պետությունը պետք է պատվեր տա, խթանի արվեստագետներին: Հենց պետության գործն այն է, որ պայմաններ ստեղծի, որ զարգանա արվեստը»։