Կամ Թովմասյանի հետ Հաագա, կամ Դավթյանի հետ Վարդաշեն

Կամ Թովմասյանի հետ Հաագա, կամ Դավթյանի հետ Վարդաշեն

ԱԺ հերթական արտահերթը, որ կազմակերպվել էր «Իմ քայլը» «հինգ պակաս» ամբաստանյալ խմբակցության կողմից, տեղի ունեցավ: Գուցե այդ նիստի կայծակնայնությունը շփոթեցրեց ինձ, բայց ես այն տպավորությունն ստացա, որ դա ՀՀ ԱԺ իբր արտահերթ նիստ էր: Արտահերթ նիստերը, սովորաբար, հրավիրվում են խիստ կարևոր հարցերով, ընդհուպ՝ անհետաձգելի: Այդ նիստերի ընթացքում, սովորաբար, մթնոլորտը լինում է լարված, պատգամավորներն՝ աշխույժ, ելույթ ունեցողներն էլ բարձրախոսներն այնպես տենդագին են ծռմռում, որ թվում է՝ հիմա կպոկեն: Բայց այն, ինչ Արարատ Միրզոյանը հրամցրեց մեզ որպես ԱԺ արտահերթ նիստ, մեղմ ասած՝ հերթական նիստ էլ չէր:

Կարճ նկարագրեմ, թե ինչ տեղի ունեցավ: Եկան դասը սերտած՝ «քվեարկել կողմ», կնոպկան սեղմել և գնալ մի 3 ժամ հանգստանալու: 3 ժամ հանգստանալուց հետո գալ, կնոպկան սեղմել ու սպասել, թե ինչ տեղի կունենա դրանից հետո՝ արդեն ՍԴ շենքի շուրջ կամ փողոցում: Պետք է ասեմ, որ այս պարզ պրոցեդուրայի ընթացքում անգամ «իմքայլությունը» 2 «զոհ» տվեց՝ Վահագն Հովակիմյան և Արման Բաբաջանյան, որոնք փորձեցին առանց դատ ու դատաստանի արձակուրդում գտնվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ներկայացնել որպես ժողովրդի թշնամի: Կարծում եմ՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը, 3 ուժերի ներկայացրած հաղորդումը քննարկելիս հաշվի կառնի նաև նշված երեսփոխանների այդ «արտահերթ վարքագիծը»: Եվ էլի մի բան, որ աչքի զարնեց արտահերթին: Վահագն Հովակիմյանն այդ օրն ավելի վարժ էր կարդում, թեև շնչառությունից զգացվում էր ակնհայտ լարված է: Թերևս այսքանը:

Իսկ հիմա այն մասին, թե ինչու էր հրավիրվել այս աննախադեպ արտահերթ նիստը կամ նստաշրջանը, ինչպես սիրում է ասել Արարատ Միրզոյանը: Միանգամից ասեմ, որ ոչ մի արտահերթ նիստի անհրաժեշտություն էլ չէր առաջանա, եթե Արարատ Միրզոյանը 2 օր առաջ ինքնագլխություն թույլ տված չլիներ: Նա, ինչպես արդեն գիտեք, սեփական նախաձեռնությամբ ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանին և այդ մասին իր անունից հայտարարություն տարածել: Հայաստանի օրենսդրությամբ նման բան, իհարկե նախատեսված չէր, և դատավոր Աշոտ Խաչատրյանը, որ թերթերից էր իմացել Արարատ Միրզոյանի անձնական նախաձեռնությամբ ՍԴ նախագահի ԺՊ ձեռնադրվելու մասին, շտապել էր մեծարգո նախագահին տեղեկացրել, որ դա հնարավոր չէ, մինչև սահմանադրական օրենքներում այս, այս, այս փոփոխությունները չկատարվեն:

Դատավորի պատճառաբանությունները լսելուց հետո Արարատ Միրզոյանը խոստացել էր՝ կանենք և հենց նույն օրը թերթերին տեղեկացրել, որ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվելու: Սա է ողջ պատմությունը: Իսկ այն, որ նիստի ժամանակ պատճառաբանվեց, թե այս նոր «փոփոխությունները» չէին կարող արվել նախորդ «փոփոխություններից» առաջ, որոնցով դադարեցվեց 3 դատավորի պաշտոնավարում, իսկ Հրայր Թովմասյանն էլ պաշտոնի իջեցում ստացավ, ընդամենը մանիպուլյացիա էր: Ու հենց տեղում հարց առաջացավ՝ եթե դուք ճիշտ էիք, ինչո՞ւ նախ՝ օրենքի խախտումով ՍԴ նախագահի ԺՊ նշանակեցիք, իսկ հետո միայն օրենքը հարմարեցրիք ձեր քայլերին: Եվ այստեղից օրենսդրական նոր բաց է առաջանում: ՀՀ Քրօրում ոչ մի կետ չկա այն մասին, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկել ՀՀ ԱԺ նախագահին, որ խախտելով բոլոր օրենքները ՍԴ նախագահի ԺՊ է նշանակում:

Այսօր առավոտյան, երբ ԱԺ-ում պատրաստվում էին արտահերթին, ՀՀ գլխավոր դատախազություն մուտք արվեց 3 քաղաքական ուժերի (ԲՀԿ, ՀՅԴ, Հայրենիք) մի հաղորդում հանցագործության մասին, որով նրանք հայրենի իրավապահների ուշադրությունն էին հրավիրել ՀՀ ԱԺ 89 օրենսդիրների և մի շարք այլ բարձրաստիճան անձանց հակաօրինական ընթացքի և դրա հետևանքով տեղի ունեցող ծանր հանցագործության, այն է՝ սահմանադրական կարգի տապալման կամ սահմանադրական հեղաշրջման վրա: ԱԺ 89 պատգամավորները (այս անգան 80-81) տեղեկացված էին այդ մասին, որովհետև նշված քաղաքական ուժերը մեկ օր առաջ էին հայտարարել հաղորդում ներկայացնելու իրենց մտադրության մասին:

Այդ հանգամանքը, սակայն, չկանգնեցրեց օրենսդիրներին, որոնք որոշել էին ամեն կերպ սվաղել նախընթաց խայտառակությունը, ինչպես նաև փրկել Արարատ Միրզոյանի դեմքը: Թե օրենսդիրների կողմից ՀՀ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի դեմ դեմարշի այս նոր դրսևորումն ինչ ազդեցություն կունենա ՀՀ Գլխավոր դատախազության վրա, կիմանանք ավելի ուշ, բայց արդեն այսօր հույս կա, որ իրավապահների միջնաբերդում կսկսեն ավելի զգույշ վարվել ստացվող քաղաքական պատվերների հետ: Իսկ նման հույս ներշնչում են վերջին օրերի ակնհայտ ձախողումները (Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ-ի գործերով), որոնց պատճառը ոչ այնքան դատախազության ներկայացուցիչների ոչ կոմպետենտությունն էր, որքան իշխանությունների ադեկվատության դեֆիցիտը:

Եթե Գլխավոր դատախազությունը իմքայլական օրենսդիրների և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ չհարուցի սահմանադրությունը տապալելու մեղադրանքով, ապա, միրնույն է, որպես պատասխանող, այդ օրենսդիրներն ու բարձրաստիճան պաշտոնյաները կանգնելու են դատարանի առաջ, քանզի հաստատ չեն լռելու իրենց իրավունքների համար պայքարող ՍԴ դատավորները: Իսկ որ վերջիններս կբողոքեն իրենց իրավունքների դեմ տեղի ունեցած պետական-խմբակային հանցագործության դեմ, երկու կարծիք չի կարող լինել: Դատական գործը կարող է հասնել ՄԻԵԴ, իսկ այնտեղ, ինչպես գիտենք, երբ քննվող գործը ստանում է պետական հանցագործության երանգավորում, սովորաբար շատ էլ գլուխ չեն ցավեցնում և միանգամից այն ուղարկում են Հաագա: Այնպես որ ՀՀ Գլխավոր դատախազությունում իսկապես պետք է շատ զգույշ և նուրբ վարվեն ներկայացված հաղորդման հետ: Վարդաշենն, ինչքան էլ չլինի, Հաագայից ավելի մոտ է և անվտանգ: