Առաջինը ինչ-որ քայլերի պետք է գնա պարտվողը

Առաջինը ինչ-որ քայլերի պետք է գնա պարտվողը

«Այսօր եւ միշտ մենք պետք է ապավինենք մեր ուժին եւ մարտնչենք մինչեւ վերջ։ Դա կտեւի եւս 1 օր թե 10 օր, միեւնույն է, մենք պետք է շարունակենք պատերազմել հանուն մեր հայրենիքի, ժողովրդի, զինվորի,- ասում է բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանն ու հավելում։ - Իհարկե, ցանկալի է, որ պատերազմը շուտ ավարտվի, բայց արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ մենք ապրում ենք վիշապի երախում, պետք է դրա գլուխը թռցնենք, որ կարողանանք ապրել»։

Պատերազմի այս փուլում բանակցությունների մասին խոսք կարո՞ղ է լինել։ «Նախ, բանակցություններ հանուն ինչի՞, միայն այդ դեպքում կարող են լինել բանակցություններ, իսկ եթե լրիվ հակառակ պահանջով պետք է մեզ բանակցության հրավիրեն, ու մեզ ձեռնտու պայմաններ չլինեն, ինչո՞ւ պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ, հատկապես որ մենք գիտենք՝ ինչ մենք ենք ուզում, դրա ճիշտ հակառակն իրենք են ուզում։ Եթե Թուրքիան ու Ադրբեջանը դադարեցնեն իրենց հայատյաց քաղաքականությունը, եւ դա գործնականում կոնկրետ քայլերով դրսեւորվի, այդ դեպքում մենք կարող ենք խաղաղասիրությանը համապատասխան գործել, բայց եթե այդ ամենն այսօր գոյություն չունի, մենք պատերազմը դադարեցնելու առաջին քայլը չպետք է անենք»,- կարծում է Մկրտչյանը։

Դատելով միջազգային հանրության արձագանքներից՝ կարո՞ղ ենք ասել, որ վերջինս չունի այն լծակները, որ կարողանա ազդել այս հակամարտության ու, մասնավորապես, Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա։ «Միջազգային հանրությունը միայն հայտարարություններ է անում, ինչը շատ քիչ է, բանավոր մակարդակից պետք է գործնական քայլերի անցնել, մենք դրա երաշխիքը պետք է ունենանք։ Իհարկե, սպասելիքներ կարող ենք ունենալ, բայց դրանք պետք է լինեն գործնականում, եւ, առհասարակ, մենք մեր պատմությունից դասեր քաղելով՝ պետք է շարունակենք ռազմական վիճակում մնալ, չթուլանալ, միավորվել, չպառակտվել, դավաճաններին դուրս մղել մեր շարքերից։ Ազգը պետք է դառնա մի մարմին, ու այդ մարմինն էլ պետք է գործի։ Ես, իհարկե, որպես մարդ՝ չեմ ուզի, որ որեւէ մեկը զոհվի՝ լինի զինվոր, տարեց կին թե երեխա, որովհետեւ դրանք բոլորը մենք ենք, բայց մենք չենք կարող այս տեսակ հումանիզմով երկար ապրել, որովհետեւ նույն պատմությունն անընդհատ մեր գլխով անցել է, եւ հիմա մենք պետք է ինչ-որ քայլերի գնանք։ Բայց առաջինը ինչ-որ քայլերի պետք է գնա պարտվողը։ Հետո՝ ո՞վ էր ասում, որ 6 կամ 11 օրում պատերազմ է վերջանում, այդպիսի բան գոյություն չունի, դեռ պատերազմ է, նրանք շարունակում են կրակել, դիվանագիտական խողովակներով չեն առաջարկել որեւէ բան, որ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ նստի, պետք է մենք նույնձեւ, ինչպես առաջին օրը, շարունակենք մեր մաքառումը եւ պայքարը»։

Շ․ Մկրտչյանի կարծիքով, պատերազմի ելքը որոշվում է հենց պատերազմի դաշտում, դրանից հետո նոր դիվանագետներն անում են հաջորդ քայլերը։ «Դիվանագետները չեն որոշում, երբ ավարտվեց պատերազմը, հատկապես՝ եթե զենքը կռվողների ձեռքում է, ինչպես մեր իրավիճակում։ Այնպես որ, հուսանք, որ լավ կլինի, բայց հույսներս եվրոպական պետությունների վրա չդնենք, որովհետեւ բոլոր պետությունները ելնում են իրենց պետական շահերից եւ դրանով են առաջնորդվում՝ փորձելով լուծել մեր բախտը, ինչը մենք չպետք է թույլ տանք, ինչքան որ մեր ուժը պատի։ Պետք է մինչեւ վերջ պայքարենք, ես դրա կողմնակիցն եմ, այսինքն՝ պատրանքներից դուրս գանք»,- եզրափակում է բանաստեղծը։    

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի կարծիքով, բանակցությունների կամ որեւէ զիջումների դեպքում առաջինն Արցախի ժողովուրդը պետք է իր խոսքն ասի․ «Կարծում եմ՝ այս դիրքորոշումը ճիշտ է, որովհետեւ ի սկզբանե էլ հրադադարի պայմանագրի հարցում Արցախը եղել է մասնակից, եւ ԼՂՀ ներկայացուցիչներն են եղել այդ հրադադարի հաստատողները, եւ հիմա էլ ինչ կատարվում է, կատարվում է Արցախի տարածքում։ Եվ հետագա զարգացումներում էլ Արցախի մասնակցությունը պետք է անպայման լինի։ Միջազգային կառույցներն էլ պետք է նպաստեն, որ Արցախը՝ ինքը դառնա մասնակից այս խնդիրների վերջնական լուծմանը։ Եվ հարցը տեղից կշարժվի, եթե մի քանի երկիր ճանաչեն Արցախի անկախությունը։ Քանի որ ռազմական դրություն է, եւ ռազմական շատ մանրամասների տեղյակ չենք, բայց անգամ այս պարագայում հակառակորդի որոշ հրապարակումներում սպրդում է տողատակերի ճշմարտությունը։ Իսկ մերոնք աննախադեպ կազմակերպված են, եւ մեր բանակն ամուր կանգնած է։ Վստահ եմ՝ հասնելու ենք մեր նպատակներին։ Հետո․ գիտեք՝ չկա չարիք առանց բարիքի, այս չարագործությունը, որ Թուրքիան ու Ադրբեջանը միասին սանձազերծել են, ըստ երեւույթին, նրանց ծրագրերը լրիվ խափանվել են, եւ միջազգային ասպարեզում հիմա շատ ավելի շահեկան վիճակում են Հայաստանն ու Արցախը»։

Հ․ Շահումյանը կարծում է, որ Ադրբեջանը, իսկ ավելի ճիշտ՝ Թուրքիան, միտումավոր են ընտրել այս պահը, որովհետեւ ամբողջ աշխարհում հիմա լարված վիճակ է, համավարակ․ «Մեծ տերություններում մեծ խնդիրներ կան․ Ամերիկայում ընտրություններ են, Ռուսաստանը խնդիրներ ունի իր եղբայր երկրների հետ, եւ հենց այս պահն ընտրեցին, որ ուշադրություն չլինի, բայց, հուրախություն մեզ, մեծ արձագանք եղավ, այսօր էլ Լոս Անջելեսից մինչեւ Վաշինգտոն բազմահազար հայեր են դուրս եկել փողոց եւ բողոքի ցույց են անում՝ պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սա, ի հակառակ թուրքերի սպասելիքների, բավականին նպաստավոր միջազգային մթնոլորտ է ստեղծել Արցախի հետագա գործերի համար։ Կարծում եմ, որ Հունաստանը, Կիպրոսը գուցե առաջիկայում ճանաչեն Արցախի անկախությունը։ Աստված տա՝ զինադադարը շուտ լինի, այլեւս ոչ մի զոհ չլինի, որովհետեւ այնպիսի պայծառ ջահելներ են նահատակվել, որոնք հանուն ազգի զենք են վերցրել եւ զոհվել․․․։ Մեր զինված ուժերը շատ լավ են իրենց դրսեւորում, բայց մեծ ցավ ապրեցի, երբ լսեցի, որ մարդկանց մի խումբ ապատեղեկատվություն է տարածում, հուսախաբության է տանում․․․ նման մարդկանց անգամ տնով-տեղով խայտառակելը քիչ է, նրանք ուղղակի ազգի դավաճան են, եթե նման քայլի են գնում, եւ չեն կարող հայ կոչվել։ Այս օրերին նաեւ շատ ուրախացա, երբ ընդդիմադիր շատ ուժեր ձայները կտրեցին եւ արդեն լծվել են երկրի հաղթանակին, առաջընթացին եւ բանակին աջակցություն են ցուցաբերում։ Այսպիսի պահի ոչ մի քաղաքականություն չի կարող լինել, այս երկիրը քանդողը հենց այդ քաղաքականությունն է, այս պահին կա եւ պետք է լինի միայն ազգի ճակատագիր, ուրիշ ոչինչ»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջամտությանը, ապա «մենք ունենք Արցախի խնդրի հետ կապված Մինսկի խումբ, որի մեջ է նաեւ Ռուսաստանը, եւ, ուզենք թե չուզենք, Ռուսաստանի մասնակցությունը կա․․․։ Հետո՝ չեմ կարծում, որ այսօր կգտնվի մի մարդ՝ մեր երկրի ղեկին, որ հանկարծ կհամարձակվի որեւէ ապազգային քայլ անել։ Եվ այս տեսակ խոսակցություններն էլ միայն խանգարող բաներ են։ Ես զարմանում եմ, որ այս չարամտությունը տարածվում է ամեն պահ, որից ամեն րոպե օգտվում է թշնամին։ Մարդիկ լարված են, ես՝ ինքս էլ առաջնագծում չեմ, բայց նստած տեղս ավելի եմ տանջվում, քան եթե լինեի այնտեղ։ 15 օր է՝ ձեռքս ո՛չ մատիտ եմ կարողանում վերցնել, ո՛չ վրձին, հեռուստացույցի առաջ նստած՝ ուզում եմ մի լավ լուր լսել»։