Խնձորեսկցիներից գողացված ոչխարներն ու գոյության համար պայքարը

Խնձորեսկցիներից գողացված ոչխարներն ու գոյության համար պայքարը

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հարձակումն իրականացվում էր հիմնականում երեք ուղղությամբ՝ Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի։ Ամենից շատ տուժեցին թերեւս ջերմուկցիները եւ հատկապես` Ջերմուկի սարում ոչխար պահող խնձորեսկցիները, որոնց 6 հազար 500 գլուխ ոչխարն ադրբեջանցի զինվորականները գողացան, իսկ հովիվները հազիվ հասցրին փախչել, որ գերի չընկնեն։

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին եւ Վերին Խնձորեսկ գյուղերը 44-օրյա պատերազմից հետո շփման գոտի են դարձել։ Ադրբեջանցիները գյուղից ոչ այնքան հեռու են դիրքավորվել։ Խնձորեսկի բնակիչների մեծ մասն անասնապահությամբ էր կարողանում ապրուստը հոգալ, եւ շատերը ոչխար գնելու համար վարկեր էին վերցրել։ Նրանք հայտնվել էին շատ ծանր վիճակում:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ սեպտեմբերյան պատերազմի օրերին ապրուստի միակ միջոցից զրկված ու բանկերի հետ խնդիրներ ունեցող գյուղացիներին աջակցություն ցույց տալու որեւէ պետական ծրագիր մշակվո՞ւմ է, թե՞ ոչ։ Նա ասաց, որ քննարկումներ գնում են, բայց հստակ որեւէ բան չի կարող ասել։

Սյունիքի մարզպետարանից եւս մեզ ոչ մի հստակ բան չասացին։ Մեր տեղեկություններով, Սյունիքի մարզպետարանում սպասում են կառավարության որոշմանը, որով ծրագրվում է որոշակի աջակցություն ցուցաբերել ոչխարը կորցրած գյուղացիներին։ Հատկանշական է, որ խոսքը գնում է ոչ թե փոխհատուցման, այլ աջակցության մասին։ Որոշմանը մոտ ապագայում են սպասում, սակայն հստակ ժամկետներ հայտնի չեն։

Խնձորեսկի բնակիչ Սասուն Դաղունցը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ կորցրել է 530 գլուխ ոչխար, որոնցով իր ապրուստն էր հոգում։ «Խնդիրները շատ-շատ են։ Մեր բաղչից ինչ գոյանում է, դրանով ենք գոյատեւում։ Ունեցածս ոչխարները ամբողջ կյանքի ընթացքում մեր աշխատանքի արդյունքն են»,- ասաց Դաղունցն ու հավելեց, թե ապրում են հավատով, որ այս հարցն անպայման կլուծվի։ Նշեց նաեւ, որ բանկերից վերցրած վարկերի հարցով լրջագույն խնդիրների առաջ են գյուղացիները, եւ որ Կենտրոնական բանկը դեկտեմբեր ամսվա համար վարկերի տոկոսների վճարումները սառեցրել է։ «Դեկտեմբերից հետո տեսնենք ինչ կլինի, իշխանությունները նայած ինչ կանեն, էլի, փոխհատուցում կանեն, չեն անի, եթե հատուցեն, չի սառեցվի, եթե չհատուցեն, գուցե էլի սառեցնեն»,- նշեց Խնձորեսկի բնակիչը։

Եթե կառավարությունը որոշել է ինչ-որ աջակցություն ցույց տալ, դա բավարար կհամարի՞ ինքը։ «Հիմա իրենք կամ պետք է գումար տրամադրեն` մենք ոչխար նորից առնենք ու շարունակենք մեր գործունեությունը, իսկ եթե իրենք ոչխար գնեն ու մեզ տան՝ ավելի լավ»։

Սերյոժա Բեգլարյանն էլ մոտ 320 գլուխ ոչխար է կորցրել սեպտեմբերյան պատերազմի ժամանակ, չորս ձի, «Գազ 52» ֆուրգոն մոդելի բեռնատար։ «Մենք միայն ոչխարներից էինք եկամուտ ստանում, այդքան կենդանի ունեցողն այլ բանով չի կարող զբաղվել։ Ամբողջովին զրկվել եմ իմ եկամտի միակ աղբյուրից, ամբողջ կյանքիս աշխատանքի արդյունքն էին այդ ոչխարները՝ 20 տարվա մեր աշխատանքի արդյունքն էր»,- ասաց Բեգլարյանը։ Խնձորեսկի բնակիչը նշում է, որ ոչ մի աշխատանք չկա, երկու ուսանող զավակ ունի, հինգ հոգանոց ընտանիքն այժմ չգիտի ինչպես գոյատեւել։

«Մենք այս պետության անդամներ ենք, մենք ամեն ինչին մասնակցում ենք, դրա համար հարկեր ենք մուծել, մենք դրա համար Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքին հարկեր ենք մուծել։ 2008 թվականից ամեն տարի հարկեր ենք մուծում, մարդ ենք, էլի՝ գոնե մեզ չանտեսեն։ Մենք կառավարությունից ենք պահանջում հարցի լուծում, ինչ ձեւ կորոշեն, գոնե գան, տեսնենք՝ ինչ են ուզում անել։ Մենք ուզում ենք անասուն առնել պահել, մենք այդ հնարավորությունը չունենք՝ գնանք Ամերիկա, գրին քարտ չունենք»,- ասաց Սերյոժա Բեգլարյանը։ Նա նշեց, որ փոխհատուցում չստանալու պարագայում փորձելու են մեկ այլ տեղում հաստատվել, այլընտրանք չի մնում․ «Գյուղում մենք անելիք չենք ունենա, բա ուրիշ էլ ի՞նչ անենք, մենք ուզում ենք մեր անասնապահությամբ զբաղվենք, բայց եթե չի ստացվում, ի՞նչ անենք»։ Եվ շեշտեց, որ պարբերաբար բարձրաձայնում են խնդիրը, սակայն անարդյունք` ոչ մի լուծում չի առաջարկվում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վերին եւ Ներքին Խնձորեսկների ղեկավար Երվանդ Մալունցը «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրել էր, որ գյուղացիների կրած կորուստը կազմում է մոտ 350 միլիոն դրամ։