Եթե ձեր իշխանությունը ունակ չէ դա անել, ապա կգա ազգային նկարագիր ունեցող իշխանություն

Եթե ձեր իշխանությունը ունակ չէ դա անել, ապա կգա ազգային նկարագիր ունեցող իշխանություն

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը անգործության, պարապության մեկ տարին լրանալու կապակցությամբ, Հայաստանում և Սփյուռքում տիրող լարված իրավիճակում, հաղթահարելով համավարակի հարուցած բոլոր տեսակի լոգիստիկ խոչընդոտները՝ հանգստի մեկնեց տուն՝ Լոս Անջելես: Ավա՜ղ, Բեյութում տեղի ունեցավ սոսկալի պայթյուն, և ուղղակի հարամվեց նրա արձակուրդը:

Հայաստանի հանրությունը, որ վիրտուալ տարածքում որոնում էր հանձնակատարին, կարծես զոռով ետ բերեց պաշտոնյային, ով պետք է շատ արագ արձագանքեր Սփյուռքի մայրաքաղաք Բեյրութի ողբերգությանը, ընդ որում՝ նախօրոք մշակած լինելով աղետի մեջ հայտնվող սփյուռքահայ հայրենակիցների աջակցության ռազմավարություն, օպերատիվ գործողությունների մարտավարություն, կոնկրետ քայլեր: Գրասենյակը պետք է համակարգեր կառավարության ու այլ գերատեսչությունների, համահայկական կառույցների, անհատ բարերարների աջակցությունը, կոչեր տարածեր, ուղղորդեր և այլն: Բայց հանձնակատարն արդեն մի ունիվերսալ պատասխան տվել էր «Սիվիլնեթ» կայքի լրագրողին՝ կապված Տավուշի դեպքերից հետո Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հրահրված միջէթնիկ ընդհարումներին: Լրագրողի համառ ու անզիջում հարցին, թե դուք ինչ եք արել, ի վերջո պատասխանեց, որ համայնքն այնքան արագ կազմակերպվեց ու գործեց, որ իրենք անելիք չունեին: Շռայլ պարգևավճարներով իրեն ու իր մերձավոր շրջապատին վարձահատույց եղած հանձնակատարը (ըստ մամուլի 82 միլիոն դրամ) դեռ չի պատկերացնում իր անելիքը: 

Երկրի ղեկավարը՝ խախտելով դիվանագիտական էթիկան ատաջինը ցավակցեց Արամ Ա կաթողիկոսին, այնուհետև Լիբանանի ղեկավարին: Այն դեպքում, երբ բազմաթիվ պետություններ անմիջապես հումանիտար օգնություն ուղարկեցին Լիբանան, խոսքի մեջ ակտիվ ու գործի մեջ կրիայի քաղաքականություն վարող ՀՀ իշխանությունները և, հատկապես Սփյուռքի գործերով հանձնակատարը սպասում էին, որ գնահատվեն կարիքները: Բարեկամ երկրում հումանիտար աղետ է, մեր հայրենակիցները ունեն 13 զոհ, հարյուրավոր վիրավորներ, ավերվել է Սփյուռքի հայապահպանության միջնաբերդը, քարուքանդ են եղել  հոգևոր, կրթական, մշակութային օջախները, մի՞թե  հումանիտար օգնություն ուղարկելու համար պետք էր սպասել մեկ շաբաթ: Այնքան տրիվիալ է, ակնհայտ է, թե նման պարագաներում ինչով են օգնում, որ օրեր, շաբաթներ պետք չեն` կարիքներ գնահատելու և նոր միայն գործելու համար: Ստացվում է, որ անհատ բարերարները, օրինակ Ռուսաստանից հայ գործարար Սամվել Կարապետյանը, համահայկական կառույցներն ու կազմակերպությունները ավելի արագ և օպերատիվ արձագանքեցին, քան Հայաստանի իշխանությունները:

Արդեն չեմ կարող ասել` ինչ առաքելությամբ Հայաստան եկած հանձնակատարը օրերս կառուցվածքային փոփոխություն իրականացրեց իր գրասենյակում՝ աշխատանքից ազատելով 12 աշխատակցի, հիմնականում վարչության և բաժնի պետերի: Միթե կառուցվածքային փոփոխություն իրականացնելու համար նրան անհրաժեշտ էր մեկ տարի: Ինչ էր անում այդ գրասենյակը մի ամբողջ երկար ու ձիգ տարի, արդեն ազատված աշխատակիցները վկայում են, որ անգործությունից շատ ակտիվորեն սեղաններ ու աթոռներ էին տեղափոխում սենյակից սենյակ: Չեմ կարող ասել ինչ հատկանիշների համար Ղեկավարությունը նախկիններից ընտրել է մի քանի աշխատող, որոնց հետ ինչ-որ գործեր է արել, մյուս աշխատողները մնացել էն առանց հանձնարարությունների, պարապուրդի ենթարկված և անտեսված: Մեկ ամբողջ տարի, գուցեև մեղքի զգացումով, ափսոսանքով, բայց աշխատավարձ են ստացել: Պետական միջոցների վատնումը պոզով ու պոչո՞վ է լինում:  

Գրասենյակի կառուցվածքին, կանոննադրությանն ու այլ խնդիրների կանդրադառնանք առանձին հրապարակումներով: Այժմ ուղղակի տեղեկացնեմ, որ փակված վարչություններից մեկը՝ Մերձավոր Արևելքի երկրների հետ աշխատանքներ իրականացնեող վարչությունն էր, որը հրաշալի աշխատում էր համայնքների հետ, իսկ 2012 թվականից վարչությունն իր փոքր կազմով, մյուս բոլոր ստորաբաժանումների հետ միասին  և նախարարի գլխավորությամբ ու անմիջական վերահսկողությամբ փայլուն աշխատանք էր իրականացնում: Գործում էր միջգերատեսչական հանձնաժողովը, այդ աշխատանքներում ներգրավված էին միջազգային կազմակերպությունները, համահայկական կառույցները, մասնագիտական ընկերակցություններ ու հասարակական կազմակերպություններ: Կուտակվել էր աղետյալ հայրենակիցներին դիմավորելու, նրանց կարիքները գրանցելու, հաշվառելու, նրանց սոցիալական, մշակութային ինտեգրմանն ուղղված ահռելի փորձ, մշակվել էին աշխատանքների կազմակերպման հստակ կառուցակարգեր: Նախկիններին ոչնչացնելու, ամեն ինչ զրոյացնելու, աննախադեպության մոլուցքով բոցավառված նորերը ոչնչացրին այս ամենը, ոլորտից դուրս հրավիրեցին պրոֆեսիոնալ, հայրենադարձների հետ աշխատանքի փորձ ունեցող մասնագետներին: Ովքե՞ր են իրականացնելու լիբանանահայերի հետ տարվելիք  աշխատանքները: Այս հարցն էլ դեռ թողնենք անպատասխան:

Համավարակի հետ կապված՝ Զարեհ Սինանյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ հետխորհրդային երկրներից հնարավոր ֆորսմաժորային հայրենադարձության պատրաստ չեն:
Արդյո՞ք հիմա պատրաստ են ընդունելու թունավոր միջավայրում հայտնված մեր լիբանանահայ հայրենակիցներին: Աարտակարգ իրավիճակի այս ամիսներին ինչ է արել բյուջեից շռայլորեն վարձատրվող, ինքնապարգևատրման տարերքով օժտված այս կառույցը: Ասում են հայրենադարձության օրենք են մշակել, իսկ ըստ օդում թռչկոտող լուրերի՝ նրանք պարզապես կարկատում են նախարարության կողմից ամբողջությամբ մշակած ու մինչև ԱԺ հասած օրենքը այնպես ինչպես կարկատում են ծրագրերը, ինչպես Մխիթար Հայրապետյանը կարկատեց Արի տուն» ծրագիրն ու նրա պատրաստի շապիկի ու գլխարկի վրա կարեց Քայլ դեպի տուն արհեստածին բառերը:  Անհամբեր սպասում եմ այդ օրենքի նախագծի հրապարակմանը՝ զուգահեռներ տանելու և վերլուծելու այն: 

Երեկ Զարեհ Սինանյանը մի այլ արտառոց հայտարարություն արեց, որ պետք է Հայաստան բերել ոչ միայն հայերի, այլ քրիստոնյա արաբների և ասորիների, նրանց Հայաստանում բնակեցնելով՝ լուծել նաև ժողովրդագրության խնդիրը: Ամենայն հարգանք տածելով արաբ և ասորի ժողովուրդների հանդեպ, ուզում եմ հարցնել, դա ամերիկայի քաղաքացի գլոբալիստական հայացքներ որդեգրած, ցանկացած բնույթի մարդու սատարող հումանիստ իրավապաշտպան պարոն Զարեհի Հայաստանի ժողովրդագրության բարելավման վերաբերյալ տեսակետն է, թե՞ ՀՀ պետական պաշտոնյա, ՀՀ վարչապետի Սփյուռքի գործերով հանձնակատարի պաշտոնական հայտարարություն էր, այսինքն իշխանության տեսակետը, որը հնչեց նրա կողմից: 

Մի քանի օր առաջ ես սահմանային գյուղում էի, իմ հայրական տանը, որտեղ մեր մեծ գերդաստանից միայն մայրս է մնացել: Գյուղում մնացած ծերերը դեռ հավատում են, որ Նիկոլը կվերադարձնի իրենց զավակներին, արդար, անկաշառ հայաստան կկերտի, ախր խոսք է տվել: Օ՜, սրբազան միամտություն: Ես մի պարզ վիճակագրություն արեցի. Վերցրի կողք-կողքի տասը տուն հաշվեցի, ու պարզվեց, որ այդ տասը տանը ապրում է ընդամենը իննը մարդ, որից հինգը մի տանը, երկու տանը երկու տարեց մայրեր են ապրում, որ պարզապես չեն կարող իրենց օջախը մարել ու հեռանալ, մնացածը դատարկ են, պարոն գլոբալիստ հանձնակատար: Էլ ում պետք է բերեք, աֆրիկայից, Լատինական Ամերիկայից, ու էլ չգիտեմ որտեղից: Գուցե դուք եկել եք կերտելու բազմազգ, ժողովրդավարներից ժողովրդավար, անդուռ ու աներդիկ Հայաստան: Երեկ դուք պատրաստ չէիք այս դատարկ տների զավակներին ընդունել, այսօր պատրաստ եք արաբների, ասորիների տուն ու տեղ տալ: Առանձնակի համակրանքով ու երախտագիտությամբ եմ վերաբերվում Լիբանանի պետությանն ու արաբ ժողովրդին, որ 1915-ին սիրով ընդունեցին մեր տարաբախտ քարավաններին, օգնեցին, հանգրվան տվեցին որբերին ու տառապյալներին, ովքեր աղետալի վիճակում հասել ու թակում էին իրենց դուռը, նրանց հնարավորություն տվեին կազմակերպվելու ու զորավոր համայնք դառնալու: 

Այսօր, երբ ամբողջ աշխարհը սատար է կանգնել Լիբանանին, երբ նրանք ձեզ չեն դիմել օթևան տալու խնդրանքով, երբ դուք դեռ ոչ մի քայլ չեք արել լուծելու հայ համայնքի խնդիրները, ժողովրդագրական խնդիր եք լուծում՝ Հայաստանում տեղավորված տասնյակ հազարավոր հնդիկներին, պակիստանցիներին, պարսիկներին գումարելով արաբներին ու ասորիներին: Թույլ տվեք նրանք որոշեն, դիմել, կամ՝ ո՛չ, տուն ու ապաստան խնդրել, կամ՝ ո՛չ: Ես անձամբ պատրաստ եմ օգնել, աջակցել որևէ քրիստոնյա արաբի, կամ ասորիի, որը կթակի իմ դուռը, բայց հրավիրել, բերել ու դրանով ժողովրդագրական խնդիրներ լուծելու վերաբերյալ Ձեր հայտարարությունը ևս մեկ հիմք է տալիս կորապես կասկածելու, որ դուք Հայաստան եք եկել  Սփյուռքի հետ կապերը զարգացնելու, անցած մեկ տարին, այլ բանի մասին է խոսում:

Նախ՝ ձեր խոստացած ներդրումները բերեք, աշխատատեղեր ստեղծեք: Նախ ետ դարձրեք երկրի զավակներին, ովքեր ցիրուցան եղան Լևոն Տեր Պետրոսյանի  իշխանության տարիներին, ու երկրի ամայացումը շարունակվում է մինչ այսօր: 

 «Սասունցի Դավիթ» էպոսից եկող Բաղդասարի ու Սանասարի իմ պապենական օջախում դուք ուզում եք Մսրա Մելիքի զարմին բնակեցնել: Ծափահարություններ Ձեզ, պարոն հանձնակատար և սպասեք իմ նոր օվացիաներին:  

Այսօր ակնհայտ է, որ բոլոր ոլորտներում, և մասնավորապես. Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում կատարվում են կրիայի քայլեր՝ առաջ ու ետ: չկա վազք, չկա թռիչք: Պետական համակարգի աշխատողներին աշխատավարձ ու առատ պարգևավճարներ է տրվում կամ ոչինչ չանելու, կամ էլ  սխալներ թույլ տալու և այդ սխալներն անվերջ խմբագրելու, սրբագրելու համար: Նորարարությունների, բարեփոխումների բոլոր փորձերը խորթ են, օտար, անընկալելի, դեմ են հայի ոգուն, տեսակին, պահանջմունքներին, ազգային շահերին ու անվտանգությանը: 

Պարոնայք իշխանավորնե՛ր, Զարեհ Սինանյա՛ն, Հայաստանի ժողովրդագրական խնդիրը պետք է լուծվի միմիայն բնական աճով ու հայրենադարձության միջոցով և վե՛րջ:  Սա ձեզ ասում է քաղաքացին, երեք միլիոն վարչապետերից մեկը, երկրի տերը, հայ մշակույթի ժառանգորդը: Եթե ձեր իշխանությունը ունակ չէ դա անել, ապա կգա ազգային նկարագիր ունեցող իշխանություն՝ որը կգործի ի շահ հայ ժողովրդի միասնության, ոչ թե պառակտման, հանուն երկրի առաջընթացի, հանուն բազմազավակ հայ ընտանիքների, հանուն ցիրուցան, մոլորյալ զավակների վերադարձի: Վստահ եմ ձեր իշխանությանը ձայն տված ոչ մի քաղաքացի չի երազել արհեստականորեն օտարներով բնակեցված Հայաստանի մասին:

Էվելինա Բաղդասարյան