Ո՞նց մեղադրես հեռացողներին, երբ ոչ ոք չի գալիս դուխ տա, խոսքով գոնե իր աջակցությունը հայտնի

Ո՞նց մեղադրես հեռացողներին, երբ ոչ ոք չի գալիս դուխ տա, խոսքով գոնե իր աջակցությունը հայտնի

«Կրակոցներ միշտ են հնչում, բայց գյուղի ուղղությամբ առայժմ չկան»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանը։ «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, բնակիչները վերադառնում են»,- ասաց Ավագյանը։  

Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերյան պատերազմի ընթացքում գյուղի շենք-շինությունների կրած վնասները հաշվարկել են, իսկ թե կոնկրետ որքան վնաս է հասցվել գյուղին՝ Ավագյանը չկարողացավ տվյալներ ասել, սակայն վերականգնման աշխատանքներն արդեն սկսել են։ «Արդեն երկու օր է` գյուղի դպրոցը սկսել է աշխատել»,- նշեց Ավագյանը։

Նույն մարզի Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղում իրավիճակն այս պահին նորմալ է, բնակիչների մի մասն է դեռևս վերադարձել գյուղ։ Պատերազմի ժամանակ գյուղին հասցված վնասների գնահատումն արվել է, աշխատանքները վերանորոգման ուղղությամբ դեռևս չեն սկսվել՝ տեղեկացրեց Երանոսյանը։ «Գյուղում մի քանի տուն են խփել՝ այդ առումով դաշտերին հասցված վնասներն ավելի շատ են»,- ասաց Վերին Շորժայի վարչական ղեկավարը։

Մեր հարցին, թե արդյոք գյուղի բնակիչները կարողանու՞մ են հանգիստ իրենց առօրյա գործերով զբաղվել, ասաց, որ այժմ ոչ ոք չի կարող հանգիստ լինել․ «Հիմա հայ ազգը որտե՞ղ է իրեն հանգիստ զգում, կա՞ էդպիսի տեղ, որ հայ ազգն իրեն լավ զգա, հարաբերական հանգիստ վիճակ է դեռ, կրակոցներ չկան»։ Ինչ վերաբերում է գյուղից հեռանալ ցանկացողներին, Երանոսյանը նշեց, որ գյուղի բնակիչներից ոչ ոք չի մտածում գյուղից ընդմիշտ հեռանալու մասին։

Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանն էլ «Հրապարակին» տեղեկացրեց, որ պատերազմի օրերին գյուղից դուրս եկած բնակիչների հիմնական մասը վերադարձել է՝ գյուղի մեծ մասը բնակեցված է։ Գյուղ դեռևս չվերադարձած մարդկանց հետ էլ Ասատրյանը պարբերաբար կապ է հաստատում և հույս հայտնում, որ նրանք ևս կվերադառնան։

Սյունիքի մարզի Արավուս համայնքի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանն ասաց, որ իրենց գյուղից ոչ ոք չի հեռացել և ոչ էլ մտադրություն ունի հեռանալ, չնայած որ պատերազմի օրերին Արավուսը շատ ավելի ծանր և խնդրահարույց վիճակում է` թշնամու դիրքերի ու մոտիկության առումով։

Ինչ վերաբերում է Խոզնավար գյուղին, ապա պատերազմի օրերին՝ թե Խոզնավար, թե Վաղատուր գյուղերից մեծ քանակությամբ բնակիչ էր հեռացել։ «Պատերազմի օրերին թշնամին մինամյոտով խփել է գյուղի մեջ, զոհ ունեցան, ու մարդիկ դուրս եկան գյուղից»,- ասաց Հովսեփյանն ու հավելեց, որ ոչ ոք չի կարող մեղադրել իրենց հարազատ բնակավայրերից հեռացող մարդկանց: «Ո՞նց մեղադրես, երբ ոչ ոք չի գալիս դուխ տա, ո՞նց կլինի այսպես՝ գոնե մեկը գա, խոսքով գոնե իր աջակցությունը հայտնի»,- եզրափակեց Հովսեփյանը։