Հանրաքվեից առաջ սննդօգնությո՞ւն  են բաժանում Նոր Գեղիում

Հանրաքվեից առաջ սննդօգնությո՞ւն  են բաժանում Նոր Գեղիում

Օրեր առաջ Նոր Գեղիի համայնքապետարանը  համայնքի շուրջ 100 սոցիալապես անապահով ընտանիքների տրամադրել է սննդօգնություն: Արկղերում եղել է այլուր, բրինձ, հնդկաձավար, ոսպ, լոբի, բուսայուղ, սպագետտի, մեղր, քաղցրավենիք և խտացրած կաթ: Նմանատիպ օգնություն  տրամադրվել է նաեւ 2019թ.-ի հունվար-փետրվար ամիսներին, երբ Նոր Գեղիում համայնքապետի ընտրություններ էր:
Մեր այն հարցին՝  ինչո՞ւ որոշեցին այս ժամանակահատվածում բաժանել սննդօգնությունը,  եւ տարվա մեջ քանի անգամ են բարեգործական հիմնադրամների կողմից համայնքի բնակիչներին օգնություն բաժանվում, Նոր Գեղիի համայնքապետ Վարդան Պապյանն ասաց. «Մենք պայմանագիր չունենք այդ բարեգործական հիմնադրամների հետ: Մենք հայտ ենք ներկայացնում, որ մեր համայնքում էսքան ընտանիքի կարիք կա սննդի, իրենք մեզ սնունդ են տալիս: Ամեն տարի  այս սեզոնին մենք օգնություն ենք բաժանում: Դուք եթե նայեք անցած, տարի այս ժամանակահատվածում էլ մենք հայտ էինք ներկայացրել եւ օգնություն բաժանել: Մենք մինչեւ հանրաքվեն ենք հայտը ներկայացրել»: 

-Պարո՛ն Պապյան,  անցած տարի այս ժամանակահատվածում էր ձեր ընտրություններն էին, հիմա էլ՝ հանրաքվեն, ստացվում է, որ  կաշառք եք բաժանում: 

-Ես ընտրակաշառք բաժանող չեմ, ընտրությունների հետ կապ չունի դա, էդ տեսանկյունից մի մոտեցեք, խնդրում եմ: Դա ընդամենը մեր բնակիչներին օգնություն ա: Երբ որ մենք հայտը ներկայացրել ենք անգամ հանրաքվեի մասին խոսակցություն չի եղել, ինչ անեմ, որ ամեն տարի մեր բաժանած սննդօգնությունը հանընկնում է ընտրությունների հետ: Մյուս տարի էլ այս ամիսներին մենք կրկին օգնություն կբաժանենք, եթե նորից ընտրություն կամ հանրաքվե լինի՝ կհամընկնի: 

-Հանրաքվեի հետ կապված համայնքում նախապատրաստական աշխատանքներ իրականացնում ե՞ք:
-Կարծում եմ դեռ ժամանակը չի, ես հիմա ժամանակ չունեմ դրանով զբաղվեմ: