Խոսեբա Սարիոնանդիա․ Մութ խաղաղություն

Խոսեբա Սարիոնանդիա․ Մութ խաղաղություն

Խոսեբա Սարիոնանդիա (ծնվ. 1958թ.) - բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, մանկագիր եւ էսսեիստ: Բասկերի երկրում մայրենի լեզվով ստեղծագործող բոլոր ժամանակների ամենահեղինակավոր գրողներից է: Հայրենիքում եւ դրա սահմաններից դուրս ճանաչված է նաեւ որպես ազգային ազատագրական շարժման գործիչ: Նրա բազմաթիվ ստեղծագործություններ թարգմանվել ու հրապարակվել են իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն եւ գերմաներեն: 

«Ոգի-Նաիրի» կենտրոնը հրատարակության է պատրաստել Խ.Սարիոնանդիայի բանաստեղծությունների ընտրանին՝ «Բանտեր եւ աքսորներ» խորագրով, որը շուտով լույս կտեսնի: Ժողովածուն կլինի հայերեն առաջին հրատարակությունը բասկյան գրականությունից:
 

ՄԻ ՁԵՌՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴՈՒ ՁԵՌՔԸ

Դռներ՝ մեր առջեւ բացող տարածքներ,
դռներ՝ դրանք արգելափակող,
գիշերներ՝ կարոտով հիշող ցերեկվան,
ցերեկներ՝ կարոտով հիշող գիշերվան,
չկերած բորբոսնած հաց՝ մոռացության մատնված
սեղանի վրա:
Մեր երկիրը երկիր է՝ տեղ չգտած աշխարհագրության
ոչ մի գրքում,
մի խոր վիրապ, որի մեջ ենք ընկել,
վիրապ, որ կուլ է տալիս մեզ,
մեզ չտրված համբույրը խեղդվում է մեր չտված 
համբույրների խոր լճում,
մեր ասած՝ խաղողի հատիկների չափ բառերը նույնքան 
դառն են, որքան մեր չասած բառերը,
վստահությունը, որ մենք չունենք, մեր կյանքի միակ 
վստահությունն է:
Բոլոր կոչերը, բոլոր ցանկությունները, բոլոր տառապանքները
նման են մի ձեռք ունեցող մարդու ձեռքին:

ՄՈՒԹ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ 

Սպիտակ աղավնի, դու պաշտպանում ես քո գոհունակությունը 
դրամարժույթով ու ծանր զենքով:
Դու պաշտպանում ես քո մութ 
ազատությունը՝
ստիպելով ուրիշներին աշխատել, 
հետեւել սպորտին
ու աղոթել: Դու պաշտպանում ես
քո ծնողների մռայլ տունը,
որ բաց չթողնես օճառային օպերայի 
անգամ մի դրվագ: 
Դու պաշտպանում ես քո
մութ քունն այնպես, որ քաղցր
երազներդ ծնեն քաղցր երազներ:
Դու պաշտպանում ես սրտիդ անդորրը՝
օծանելիքով առատորեն 
ցայված մարմնով
եւ քո հանգստյան օրերով: 
Դու պաշտպանում ես
քո մութ ու կեղտոտ խաղաղությունն
ու քո մի սլաք ունեցող ժամացույցը.
մենք տարօրինակ գայլի 
երեխաներ ենք:
Արդեն ժամանակն է, 
որ դու ցուցամատով 
ազդանշան տաս քո ոստիկաններին՝
գնդակահարեն մեզ:

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻ ԽՈՀԵՐԸ

Ձերբակալվածի խոհերը միշտ
վերադառնում են բանտ:
Փողոցում նա կհանդիպի 
դատավորների,
դատախազների ու փաստաբանների,
եւ նույնիսկ ոստիկանը, առանց նրան ճանաչելու,
հայացքը կսեւեռի 
նրա վրա ամբոխի մեջ, 
քանզի նրա շարժուձեւը 
ծանրակշիռ չէ կամ չափազանց
ծանրակշիռ է:
Սրտի խորքում նա կրում է հավիտյան
դատապարտվածի էությունը: 

ԿՅԱՆՔԸ ԺԱՄԱՆԵԼ Է, ԱՅՆ ՔՈ ԱՉՔԵՐՈՒՄ Է
 
Verrà la morte e aurà i tuoi occhi*
Չեզարե Պավեզե

 
Կյանքը ժամանել է, այն քո 
աչքերում է,
Ճիշտ է, բասկերի խնդիրը լուծված չէ,
եվրոպական խնդիրը՝ նույնպես,
եւ թե Ամերիկայում, թե Աֆրիկայում
կիտված է կոնֆլիկտների 
մի ամբողջ դեզ:
Օվկիանիայում չնայած դրանք միայն երկուսն են, 
բայց՝ ահավոր մեծ նշանակության:

Իսկ, ըստ երեւույթին, կարեւորն այն է, որ հրատապ չէ 
այս ամենը, երբ դու այստեղ ես:
Թող այդ պատերազմական պատմությունները չթափվեն մեր գլխին,
(մենք բավականին պատմություն ունենք մեր ննջարանում),
Չեմ ուզում լսել վերջնական 
ձախողումների մասին
քիմիայի բնագավառում…
Դու Երկրի վրա ամենալուրջ հարցն ես,
ավելին նույնիսկ, քան ֆիզիկայի, 
մետաֆիզիկայի բոլոր հարցերը: 
Դու մայրն ես
եւ դուստրը
բոլոր մարտերի: 
Կյանքը ժամանել է, 
եւ այն քո աչքերում է:
Եվ սա պետք է հայտարարվի 
հրապարակավ,
քանզի սերը (ինչպես ոմանք կարծում են) 
երկուսի կամ երեքի մտահոգությունը չէ:
Սերը մեծ նշանակություն ունի բոլորիս համար:


*Verrà la morte e aurà i tuoi occhi - Չեզարե Պավեզեի բանաստեղծության այս վերնագիրը բառացիորեն թարգմանվում է որպես «Մահը կգա եւ կունենա քո աչքերը»: Ցնցող եւ հակիրճ այդ հիշարժան բանաստեղծությունը հայտնաբերվել է իտալացի բանաստեղծի թղթերում, երբ նա վերջ էր տվել կյանքին:


ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԲԱՆԵՐ

Ամենագեղեցիկ բաները հնարավոր է՝
գոյություն չունեն:
Ամենախորիմաստ 
հաղորդագրությունները, օրինակ,
դեռ պետք է արտասանվեն:
Երկրների մեծամասնությունն այսօր
անհայտ երկրներ են:
Աշխարհում գոյություն ունեն շատ 
բաներ ու շատ մարդիկ, որոնք չկան:
Մենք ծնվել ենք մի տարածքում, որ գոյություն չունի
 եւ, հետեւաբար,
մենք գոյություն չունենք այնքանով, որքանով որ չկանք,
իսկ մենք չկանք:
Մենք՝ բոլորս, անհրաժեշտություն ենք, բոլորս ընթացք ենք,
բոլորս՝ միջնորդություն,
բոլորս՝ դատարկություն, 
բոլորս՝ իշխանություն,
բոլորս տարօրինակություն ենք:
Մենք՝ բոլորս, պարտավոր ենք 
մտածել, զգալ
ու արտահայտվել:
Եվ գրեթե շատ բան մենք դեռ
պարտավոր ենք անել,
իսկ գոյություն չունեցող իրերը
փնտրում են իրենց անունները՝
անգո նվաստացումից փրկվելու 
համար,
պատրաստելու այն, ինչը դեռ չկա: Բայց այն, ինչը գոյություն չունի, նաեւ
գոյություն ունի:
Կյանքը բաղկացած է իրերից, որոնք
դեռ գոյություն չունեն:

ՊՈԵԶԻԱՆ ՄԱՀԱՑԱԾ Է, ԲԱՅՑ ԴԱ ԵՍ ՉԷԻ

Գուցեեւ գտել եք իմ մատնահետքերը
նրա մարմնի վրա,
ես մոտեցա նրան, որովհետեւ 
կարծում էի՝
դեռ մահացած չէր:

Դուք ինձ բռնել եք՝ 
ձեռքերս նրա մարմնի վրա,
բայց ես պարզապես փորձում էի 
նրան վերակենդանացնել:
Երբ տեղ հասա, 
նա գրեթե մահացած էր,
նա հազիվ էր շնչում:

Ճիշտ է, երբեմն նա գալիս էր խաղալու իմ ոտքերի արանքում:
Բայց ես երբեւէ մտադրություն չունեի բանաստեղծ դառնալ:
Ո՞վ է ասում, թե ինձ տեսել են: 
Ես ուղղակի անցնում էի մոտով:

Չգիտեմ, թե ով կարող էր լինել նա, բայց երբ հասա այնտեղ, 
ես նրան գտա արդեն մեռած՝ 
բոլորված մարդկանցով:
Վստահ եմ՝ նա խեղդվել է հենց նրանց ձեռքով, ովքեր իրենց
բանաստեղծ են հռչակել:

Մի՛ ձերբակալեք ինձ, 
որովհետեւ ես չէի,
իրականում ես բանտ չեմ սիրում:
Մի քանի հին թերթ բերեք՝ 
գոնե ծածկելու 
նրա մարմնի մի մասը:

Ի դեպ, ինչպե՞ս եք պատրաստվում 
թաղել նրան: 
Պոեզիան չի տեղավորվում բալենու փայտի դագաղում:

Անգլերենից թարգմանությունները՝ Քրիստինա ՔՈՉԱՐՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ