Խորհուրդն այնպես է կազմված, որ ռեկտորի ԺՊ-ին նշանակեն ռեկտոր

Խորհուրդն այնպես է կազմված, որ ռեկտորի ԺՊ-ին նշանակեն ռեկտոր

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն այսօր, համաձայն համալսարանի ռեկտորի ԺՊ Դավիթ Գյուրջինյանի հրամանի, կազատվի աշխատանքից։
«Ինչպես գիտեք, սեպտեմբերի 19-ին, երբ Արցախում այդ ողբերգական իրադարձությունները սկսվեցին, այդ երեկոյան դասադուլ եւ գործադուլ անելու կոչով հանդես եկա եւ գնացի Հանրապետության հրապարակ՝ կանգնելու մեր եղբայրների կողքին, եւ այդ նույն ժամանակահատվածում, երբ ես պայքարում էի իմ քաղաքացիական իրավունքների համար, համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը երեկոյան ժամը 7-ին տնից վերադառնում է աշխատավայր ու ստորագրում ինձ աշխատանքից ազատելու հրամանը,- իրեն աշխատանքից ազատելու հիմքերի ու նախապատմության մասին պատմում է Ց․ Ակոպյանն ու անդրադառնում հրամանի բովանդակությանը։- Այն, որ հրամանն իրավական գլուխգործոց է, սրա մասին շուտով կիմանան բոլորը, երբ 2 օր հետո մուտք անեմ դատարան։ 12 էջանոց հրաման է, որտեղ գրված է, որ ինձ աշխատանքից ազատել է նրա համար, որ իբր ես չեմ համապատասխանում իմ պաշտոնին, եւ բերում է 4 հիմնավորում, որից 2-ն իր իսկ կողմից կարված եւ քրեական գործ հարուցված գործողության հետ է կապված, մասնավորապես իմ՝ դեկանի գործունեության հետ, մյուսը՝ ռեկտորի պաշտոնակատար եղած գործունեության հետ, որ ես իբր թե սխալմամբ մարդուն աշխատանքից ազատել եմ։ 3-րդն իմ խոսքի ազատության հետ է կապված, որտեղ նշել է, որ ես ֆեյսբուքյան գրառումներ եմ արել, վիրավորել եմ իրեն, եւ 12 էջից մոտ 4-5 էջն իմ ֆեյսբուքյան գրառումներն են եւ հարցազրույցներ տարբեր լրատվամիջոցներին։ Սա, բնականաբար, կվիճարկվի դատարանում»։

Ց․ Ակոպյանը ցանկանում է իր վերջին աշխատանքային օրը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց հանդիպել լրագրողների հետ եւ խոսել բարձրագույն կրթության ոլորտում առկա հիմնախնդիրների եւ  իրենց բուհի շուրջ ծավալվող մտահոգիչ իրադարձությունների մասին:
Ինչ վերաբերում է համալսարանի ժամանակավոր հոգաբարձուների խորհրդին, որն օրենքով 6 ամիս կարող էր գործել, եւ որի ժամկետը լրացել էր դեռեւս սեպտեմբերի 9-ին, ապա․ «Հերթական անգամ տիկին նախարարը դրսեւորեց անգործություն, եւ սեպտեմբերի 9-ին լրացավ 6-ամսյա ժամկետը ժամանակավոր խորհրդի, եւ միայն 2 ամիս անց բարեհաճեցին նոր խորհուրդ հաստատել, իսկ նոր խորհրդի կազմն ուղղակի զավեշտ է։ Օրինակ՝ խորհրդի կազմում է ընդգրկվել հատկապես վերջին օրերին իր տխրահռչակությամբ հայտնի Լալիկ Խաչատրյանը։ Վաղամեռիկ Արմեն Գրիգորյանի գործով հիմնական վկայությունը տվել է հենց Լալիկ Խաչատրյանը՝ Մանկավարժական համալսարանի հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, Գյուրջինյանի մտերիմ ընկեր, որի ցուցմունքի հիման վրա էին ձերբակալել Արմեն Գրիգորյանին։ Խորհրդի կազմում ընդգրկված է դեկանի տեղակալի աղջիկը, որն իմ դուրս գալուց հետո, ամենայն հավանականությամբ, դեկան կդառնա, ինչն իմ ենթադրությունն է։ Այսինքն՝ խորհուրդն այնպես է կազմված, որ փորձեն Դ․ Գյուրջինյանին ժամանակավորից վերածեն ընտրված ռեկտորի, բայց չարաչար սխալվում են, որովհետեւ չեն կարող, քանի որ այս պահին դատական գործընթացներ են տեղի ունենում, եւ եթե հանկարծ այս խորհուրդը որոշի մրցույթ հայտարարել, դա հերթական անգամ կլինի օրենսդրական կոպիտ խախտում։ Եթե մենք խոսում ենք նորմալ իրավական երկրի մասին, ապա չեն կարող մրցույթ հայտարարել, բայց, ցավոք սրտի, վերջին մեկ տարում տեսել ենք բազմաթիվ խախտումներ, դրա համար չեմ կարող երաշխավորել, որ հերթական անգամ չեն խախտի օրենքը, բայց իրավական ճանապարհով քանի կա դատական վեճ, մրցույթ անելու իրավունք չունեն»։
20 հոգանոց հոգաբարձուների նոր խորհուրդը կազմված է հիմնադրի, լիազորի, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության կողմից առաջադրված 5-ական անդամից։ Խորհուրդը դեռ նախագահ չունի, կընտրվի այն ժամանակ, երբ խորհուրդը նիստ հրավիրվի։ «Ամենայն հավանականությամբ, կարելի է ենթադրել, որ կլինի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը»,- նկատում է զրուցակիցս։

Ինչ վերաբերում է Բրյուսովի անվան համալսարանի ճակատագրին։ «Ակադեմիական քաղաքի ծրագրի մեջ խոսելով բուհերի խոշորացման մասին՝ նշվում է ընդամենը 4 ուղղության բուհերի մասին, որտեղ չկա որեւիցե բուհ, որը կսպասարկի հումանիտար կամ լեզվաբանական ուղղությունը։ Այսինքն՝ ենթադրվում է, որ Բրյուսովի համալսարանը չի լինելու, լուծարվելու է. մանկավարժական բլոկը՝ կրթական գիտությունների մեջ, իսկ հասարակագիտական բլոկը միանալու է ԵՊՀ-ին, դա ուղղակի գրված չէ, բայց տողատակերով հասկանալի է, որ 2027-ին Բրյուսովի համալսարանը չի լինելու։ Հուսանք, որ մենք կկարողանանք կանխել այդ գործընթացը, եւ 2027-ին այսօրվա կառավարությունը չի հասցնի այս ծրագիրը կյանքի կոչել»,- հույս է հայտնում Ցոլակ Ակոպյանը։