ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից

ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից

Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի լիազորությունները դադարեցված դատավոր՝ դիմումատու Սուրեն Անտոնյանի գործով որոշում է հրապարակել՝ գտնելով, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում:

Մասնավորապես, ՄԻԵԴ-ը գտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը​​ չի կարողացել փարատել դիմումատուի՝ Սուրեն Անտոնյանի հիմնավոր կասկածները՝ ԲԴԽ նախագահի անաչառության հետ կապված և որ դիմումատուին այդ առումով բավարար դատավարական երաշխիքներ չեն տրամադրվել։

Հիշեցնենք, որ 2023 թ. հունվարի 26-ին Բարձրագույն դատական խորհրդը՝  նախագահությամբ Կարեն Անդրեասյանի, մասնակցությամբ անդամներ՝ Հայկ Գրիգորյանի, Երանուհի Թումանյանցի, Նաիրա Հովսեփյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի, Վիգեն Քոչարյանի, Սերգեյ Չիչոյանի բավարարել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ և դադարեցրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:

Հարկ է նշել, որ ԲԴԽ-ում գործի քննության ընթացքում Սուրեն Անտոնյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել Կարեն Անդրեասյանին՝ գտնելով, որ կարգապահական վարույթը չի կարող Անդրեասյանի կողմից քննվել անաչառ, քանի որ ԱՆ Գրիգոր Մինասյանի հետ գտնվել է տնտեսական և ֆինանսական կապի մեջ, որը, սակայն, մերժվել էր:

Այսպիսով, որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից»։