Կարեն Անդրեասյան, կալանավորված անձի դատը ձգձգող դատավորի լիազորությունները չես ուզո՞ւմ դադարեցնել
ԶՈւ հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը, որը կալանավորվել է 2022 թ. դեկտեմբերի 17-ին, այսօր հայտարարություն է տարածել` իր նկատմամբ շինծու եւ ապօրինի հետապնդման մասին, որի պատճառով արդեն 1,7 ամիս կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրօրի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը), որը վերաբերում է 2021 թ. գարնանը Գեղարքունիքի Կութ և Վերին Շորժա գյուղերի տարածք ադրբեջանական զինուժի ներթափանցման հետ. «Ա.Հ.-ն տեղեկանալով, որ իր կողմից 2021 թ. ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որևէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ»: Նա գրում է, որ իրեն կալանքի տակ պահելու միակ հիմքը` վկաների հարցաքննությունն ավարտելն է, եւ երբ վերջին 3 վկան էին մնացել մեղադրողը միջնորդել է նիստը հետաձգել, քանի որ ինքն ինչ քննարկման պետք է մասնակցի: Գեներալը եզրակացնում է, որ գործընթացի միակ նպատակն ամեն գնով իրեն անազատության մեջ պահելն է:
Բայց կալանքի տակ գտնվող անձանց դատերը ձգձգելու համար ոչ մի դատավորի լիազորություններ առ այսօր չի դադարեցվել եւ նրանցից ոչ մեկը չի պատժվել` կալանավորված անձանց իրավունքները ոտնահարելու, կամ` առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի մարդուն տարիներով կալանավայրում պահելու համար: Փոխարենը դադարեցվում է դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները, ում մեղադրում են նրա համար, որ դատավարությունը ձգել է, մեղադրյալին չի կալանավորել եւ պատիժ չի սահմանել: ԲԴԽ-ն մեզանում գործում է որպես պատժիչ համակարգ` դատախազության եւ Քննչական կոմիտեի քույր կառույց, որը իր շեֆի` Նիկոլ Փաշինյանի հրահանգով նրա հակառակորդներին եւ նրա հովանավորությունը չստացած մարդկանց պատժելով է զբաղված:
Արեգ Մարգարյան
Կարծիքներ