Որպես այլընտրանք դիտարկեք ռեալ շանսեր ունեցող կուսակցություններին, այլ ոչ թե նորաթուխներին

Որպես այլընտրանք դիտարկեք ռեալ շանսեր ունեցող կուսակցություններին, այլ ոչ թե նորաթուխներին

Եվ այսպես, հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վերջին ամիսներին բոլորիս աչքի առաջ Հայաստանում ռեկորդային թվով կուսակցություններ են բացվում, ու այս ընտրություններին մասնակցելու հավակնություն շատերն ունեն: Ասում են նաեւ՝ կուսակցաշինության այս բումը, ինչպես նաեւ ընտրություններին հնարավորինս մեծ թվով քաղաքական ուժերի մասնակցությունը խրախուսվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից, որովհետեւ նրանք կմասնակցեն ձայների փոշիացմանը, իսկ դրանից կօգտվի ամենաշատ տոկոսներ հավաքած ուժը կամ ուժերը։

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ առնվազն մեկ տասնյակից ավելի նորաթուխ ուժեր արդեն հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին, գումարած դաշտի հնաբնակ ուժերը, կարելի է կանխատեսել, որ ընտրություններին կմասնակցեն մոտ 20-30 կուսակցություն ու դաշինք։ Որքան էլ ասենք, որ ընտրապայքարը կգնա մի քանի ֆավորիտ ուժերի միջեւ, մասնավորապես՝ իշխանության, ռադիկալ ընդդիմադիր դաշտում տեղակայված երկու դաշինքների՝ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» եւ ՀՀԿ-«Հայրենիք» «Պատիվ ունեմ»-ի, ինչպես նաեւ խորհրդարանական ընդդիմության՝ ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի, իսկ եթե ՀԱԿ-ը մասնակցի՝ այս հինգ հիմնական ուժերի միջեւ, սակայն մասնակից մյուս ուժերը հաստատ զրո ձայն չեն հավաքի, նրանց ընտանիքների անդամները, բարեկամները, հարեւանները, ինչու ոչ՝ ոմանց դեպքում համակիրներն ու աջակիցները, կամա թե ակամա, իրենց ձայնը տալու են նրանց, նրանց կարող է ձայն տալ նաեւ նախկիններին ու ներկաներին մերժողների մի ստվար զանգված, եթե վերը նշված ֆավորիտները չկարողանան լավ քարոզարշավով ընտրողին համոզել, որ իրենք ո՛չ նախկիններին են սերտաճած, ո՛չ ներկաներին։

Այսինքն, արդյունքում ունենալու ենք ձայների փոշիացում։ Ի՞նչ է սա նշանակում, եւ ինչպե՞ս է այս «փոշին» ծառայելու ի նպաստ իշխանության։ Բանն այն է, որ գործող Ընտրական օրենսգրքի համաձայն, Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ ստացվում են յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերը: 

Դիցուք, ընտրությունների արդյունքում խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարում է 3 ուժ, պայմանականորեն՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը, որը, տարբեր հաշվարկներով, ամենաշատ տոկոսները կարող է հավաքել՝ շնորհիվ վարչական ռեսուրսի, Քոչարյանի դաշինքը եւ եւս մեկ ուժ։ Կրկին պայմանականորեն ընդունենք, որ իշխանությանը չի հաջողվում 50+1 տոկոս հավաքել, այլ ստանում է 35 տոկոս ձայն, երկրորդ ուժը՝ 15 տոկոս, երրորդը՝ 10 տոկոս, խորհրդարանի 102 մանդատները ըստ այդմ նույն համամասնությամբ կբաժանվեն 3 ուժի միջեւ․ իշխանական ֆրակցիան 102 մանդատից մոտավորապես 37 մանդատ կստանա, երկրորդ ուժը՝ 15, երրորդը՝ 10, տակը կմնա մոտ 40 տոկոս «փոշի», այսինքն՝ անցողիկ շեմը չհաղթահարած ուժերը մոտ 40 մանդատ կունենան, բայց քանի որ 5 տոկոսի շեմը հաղթահարած չեն լինի, ըստ Ընտրական օրենսգրքի, չեն մտնի խորհրդարան, եւ նրանց ստացած ձայները  կբաժանվեն խորհրդարան անցած ուժերի միջեւ՝ իրենց հավաքածի համամասնությամբ։ Արդյունքում օդում 40 մանդատի 35 տոկոսը՝ 17 մանդատ, կստանա «Իմ քայլը», մնացածն էլ մյուս երկու ուժը կստանան, եւ հնարավոր է այս ճանապարհով անգամ 50+1 ապահովվի իշխանական ուժի համար։

Եթե սրան գումարենք, որ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը նաեւ Ընտրական օրենսգիրքը հարմարեցրեց իր իշխանության հագով, հրաժարվեց ռեյտինգային ընտրակարգից, բնականաբար, ռեյտինգային թեկնածուներ չեն լինելու, որոնք անցած ընտրություններին տարբեր միջոցներով շահագրգռում էին ընտրողին՝ գնալ ընտրության, քվեարկել իրենց օգտին, պլյուս՝ բոլորի նկատմամբ հիասթափությունը, ապա այս ընտրություններին մասնակիցների թիվը նկատելիորեն կնվազի, ինչից էլի կշահի իշխանությունը, որը, որպես կանոն, կայուն ընտրազանգված ունի։ Այսինքն՝ քիչ մասնակցության դեպքում այդ ֆիքսված թիվն ավելի մեծ տոկոս կկազմի։ 
Հետեւաբար, ընտրողը, որի հիմնական նպատակն այս իշխանությունից ազատվելն է, երկրորդը՝ նախկինների վերադարձը կանխելը, պետք է հասկանա, որ «այլընտրանք» պետք է դիտարկի համեմատաբար ռեալ շանսեր ունեցող երրորդ ուժի, այլ ոչ թե նորաթուխ մի կուսակցության կամ դաշինքի, որին ընտրելով՝ իր ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ նպատակն է իրականություն դառնալու, եւ փոշիանալու են ձայները։ Կամ էլ պետք է իր համար որոշի՝ ավելի շատ ուզում է ներկաների՞ն մերժել, թե՞ նախկիններին, եւ ըստ այդմ՝ քվեարկի կա՛մ իշխանության, կա՛մ համեմատաբար մեծ շանսեր ունեցող ընդդիմադիր ուժի օգտին։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ այս ընտրություններին ոչ այնքան ընտրությունների արդյունքների վրա կազդեն փոշիացած ձայները, որքան նվազ մասնակցությունը։ Քանի որ, Քոչարյանի գնահատմամբ, ընտրապայքարի ֆավորիտներն ընդգծված ուժեղ կուսակցություններ են, եւ պայքարը 4-5 ուժերի մեջ է գնալու, այսպես ասած՝ «փոշին» էլ ցածր տոկոս կկազմի․

«Այո, շատ ուժեր կարող են մասնակցել, բայց կարծում եմ՝ շատ ձայներ չեն փոշիանա, որովհետեւ ֆավորիտները տանելու են իրենց ձայները։ Խնդիրն այն է, որ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ կփոշիանա իր քվեն, եթե ինքն իր ձայնը տալիս է իր հարեւանին, քավորին, եղբորը (որովհետեւ այդ ուժերը հասարակության լայն շերտերի ձայները չեն տանելու)։ Իսկ հասարակության լայն շերտերի ձայները տանելու են Ռոբերտ Քոչարյանը, «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքը, «Բարգավաճը» եւ կարծում եմ՝ եւս երկու ուժ՝ ԼՀԿ-ն եւ ՀԱԿ-ը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, եւս շանս ունեն անցնելու, մնացածը շանս չունեն»։ Մինչդեռ չմասնակցածները, ըստ Քոչարյանի, կբարձրացնեն ուժեղների ձայները։ Այսինքն, իշխանությա՞ն։ «Բայց ինչո՞ւ իշխանության, ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ավելի մեծ շանսեր ունի, քան իշխանությունը»։