Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի նախագահի նկրտումները. Նաղդալյան

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի նախագահի նկրտումները. Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը:

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը:


Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ:

Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ:

Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։

Հիշեցնենք, որ Ալիևն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով: «Մենք կկատարենք Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը, անկախ նրանից` ուզում է դա Հայաստանը, թե ոչ: Եթե ​​Հայաստանը ցանկանա, այն կարելի է լուծել հեշտությամբ, եթե ոչ` մենք դա կլուծենք ուժով»,- ասել է նա: