Ինքը պատասխանեց, որ «լեզվիդ ես տալիս, ոնց որ ասացի, այդպես էլ կանեք»

Ինքը պատասխանեց, որ «լեզվիդ ես տալիս, ոնց որ ասացի, այդպես էլ կանեք»

ԵՊՀ լրատվական վարչության ղեկավար Գևորգ Էմին-Տերյանը գրառում էր կատարել, որում նշել էր, որ համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը 11 հոգուց բաղկացած իր վարչության աշխատակիցներին ստիպել է գնալ համալսարան և այնտեղից աշխատել։ Մեզ հետ զրույցում Էմին-Տերյանն ասաց, որ ինքն աշխատանքի գնացել է, բայց աշխատակիցները՝ ոչ։ Հիշեցնենք, որ երկրում արտակարգ դրության պայմաններում փակվել են ուսումնական հաստատությունները:

«Ասաց, որ հեռավար ուսուցման վերաբերյալ եթեր դնենք ու դրա համար բոլորով գանք գործի, պրոռեկտորներից ում ասեն, իր հետ հարցազրույց անենք ու անպայման դնենք գլխավոր նյութ։ Պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն ասել է՝ մենք աշխատանք ենք արել, ինչո՞ւ մեր մասին նյութեր չկան։ Իհարկե, աշխատակիցները չեն գնացել աշխատանքի, ես եկել եմ, բայց իրենք չեն եկել։ Հարցազրույցը հեռախոսով կարելի է անել, դրա համար կարիք չկա համալսարան գալու»,-ասաց Էմին-Տերյանը։Նրան նաև խնդրեցինք մանրամասներ ներկայացնել հեռախոսազրույցից:

«Ասաց, որ այս ընթացքում մենք պետք է գանք գործի, ու պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը և Ռաֆայել Բարխուդարյանը մեզ կտան ցուցումներ, թե ումից է պետք հարցազրույց վերցնել, որ բոլոր ֆակուլտետների հեռավար ուսուցման մասին լինի նյութ։ Ես իրեն ասացի, որ դրա համար կարիք չկա գալու, դա կարելի է տնից անել, բայց քանի որ մենք IP-ներ քիչ ունենք, մի հոգի է կարողանում նյութերը տեղադրել, խնդրեցի, որ IP-ներն ավելացնի, գոնե 3 IP տա, որ գոնե 3 լրագրող կարողանա տնից հերթով տեղադրել։ Դրան ինքը պատասխանեց, որ «լեզվիդ ես տալիս, ոնց որ ասացի, այդպես էլ կանեք»։ Ես էլ այդ արտահայտությունից հետո մի քիչ բորբոքվեցի, ձայն բարձրացրի ու ասացի, որ ես դրա մասին գրառում կանեմ, որովհետև դուք մեզ ստիպում եք, որ գանք գործի, ասաց՝ եղավ, և անջատեցինք»։

Մենք խոսեցինք նաև Գեղամ Գևորգյանի հետ։ Վերջինս ասաց, որ ինքը որևէ մեկին չի ստիպել աշխատանքի գալ, ասել է, որ հեռախոսով անեն հարցազրույցը․

«Դա սուտ է։ Ես ի՞նչ եմ արել, ծեծե՞լ եմ։ Ես զանգել եմ, բայց չեմ ասել, որ պիտի գա գործի, բայց երբ իրեն պետք է եղել, ինքը եկել է համալսարան և իր մասնավոր գործերն արել է։ Դուք հիմա ինչպե՞ս եք աշխատում, հեռախոսով, չէ՞, Գևորգ Էմին-Տերյանն ու իր աշխատակիցը կարո՞ղ էին հեռախոսով աշխատել, իրեն դա էլ առաջարկվել է, ինքն ասաց, որ գործի մեջ չեն»,- պատասխանեց Գևորգյանը։