«Հրապարակ». Բաքոյանն արհամարհում է դատարանին

«Հրապարակ». Բաքոյանն արհամարհում է դատարանին

ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը երեկ տեղի ունեցած դատական նիստին եւս չի ներկայացել: Մինչդեռ դատարանի որոշմամբ պարտավոր էր գալ եւ ապացույցներ ներկայացնել հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի մասին իր կողմից արված զրպարտչական հայտարարությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Ռուստամ Բաքոյանն Էդգար Ղազարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել, երբ Ղազարյանը, որպես ՄԻՊ-ի թեկնածու, ներկայացել էր ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստին։ Բաքոյանը Ղազարյանի հասցեին նաեւ ասել էր․ «Թմրանյութ դու ու քո նմաններն եք օգտագործում, անուղե՛ղ»:

Ղազարյանը դիմել էր դատարան` զրպարտությունը հերքելու, ինչպես նաեւ վիրավորանքի 11 դրվագների համար ներողություն խնդրելու պահանջով։ Բաքոյանը գործով որեւէ նիստի չի մասնակցել, նիստերին չի մասնակցում նաեւ նրա շահերի ներկայացուցիչը, երեկ տեղի ունեցած նիստն անցել է առանց պատասխանող կողմի, թեեւ նրանք պատշաճ ծանուցված են եղել։

«Ըստ էության, նա իր պահվածքով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում նաեւ դատարանի նկատմամբ՝ ոչ միայն դատավարությանը որեւէ ձեւով չմասնակցելով, այլեւ չտեղեկացնելով դատարանին իր բացակայության պատճառների մասին, չի ներկայացնում դատարանի կողմից պահանջվող տեղեկությունները, անգամ դրանց որեւէ կերպ չի արձագանքում։ Պատգամավորի նման պահվածքը վերաբերմունք է ոչ միայն դատավարության կողմի, այլեւ, առաջին հերթին, դատարանի նկատմամբ։ Հիշեցնեմ, որ Արսեն Թորոսյանը, երբ առողջապահության նախարար էր, պարտվել էր պրոֆեսոր Մինասյանի հետ վեճում դատարանում եւ հրապարակայնորեն հայտարարեց, որ հրաժարվում է կատարել դատարանի պահանջը՝ ներողություն խնդրելու մասին»,- ասաց Ղազարյանը։