Ինչու է ՔՊ-ն «յուրայինների գույքագրում» սկսել

Ինչու է ՔՊ-ն «յուրայինների գույքագրում» սկսել

Ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ Հայաստանի իշխող քաղաքական ուժը մարզերում սկսել է սեփական թիմակիցների կամ ՔՊ-ի նկատմամբ լոյալ տրամադրված անձանց յուրատեսակ «գույքագրում» իրականացնել։ Ըստ այդմ, կազմվում են ցուցակներ։ Սա, ինչ խոսք, բավականին հետաքրքիր է։ Հատկապես երբ նկատի ենք ունենում, որ Հայաստանում այժմ, բացի Երեւանից, լուրջ ընտրական պրոցեսներ կարծես թե չեն սպասվում։ Այդ «գույքագրումը» կարող է ունենալ մի քանի պատճառ։

• Առաջին հերթին՝ իշխող ուժը, նկատի ունենալով վերջին սոցհարցումների արդյունքները, որոնք իրականացվել էին ամերիկյան Հանրապետական ինստիտուտի կողմից եւ բավականին տխուր պատկեր էին արձանագրել, փորձում է հասկանալ, թե որքանով են այդ արդյունքներն ու ռեալ իրականությունը համադրելի։

• Երկրորդ․ լիովին հնարավոր է, որ ՔՊ-ն, նկատի ունենալով առաջիկայում հայ-ադրբեջանական համաձայնագրի կնքումը եւ դրան հետեւելիք հնարավոր զարգացումները, փորձում է հասկանալ, թե մարդկային ինչ ռեսուրս ունի, որպեսզի հարկ եղած դեպքում հակազդող գործողություններ իրականացնի, օրինակ՝ բողոքի ցույցերին հակընդդեմ ցույցերով հանդես գա, ժողովրդի լեզվով ասած՝ մարդկանց փողոց հանի։

• Երրորդ․ չի բացառվում, որ հայ-ադրբեջանական համաձայնագրի կնքումը եւ դրա հետ կապված ներպետական գործընթացներն առաջացնեն այնպիսի իրավիճակ, որ գործընթացի ամբողջական ավարտից հետո առաջանա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն, եւ, ըստ այդմ, ՔՊ-ն փորձում է իր համար հստակեցնել սեփական ռեալ էլեկտորատի թվաքանակը։

Ներկայացված երեք տարբերակներն էլ լիովին հավանական են։ Ի վերջո, ՔՊ-ն այսօր ունի միայն մեկ գերխնդիր՝ հնարավորինս երկար մնալ իշխանության ղեկին։ Հակառակ պարագայում այդ քաղաքական ուժը հաշված ժամերի ընթացքում կկազմալուծվի, ինչպես որ միշտ լինում է այն քաղաքական ուժերի պարագայում, որտեղ իշխողը ոչ թե գաղափարախոսությունն է, այլ շահերի փոխադարձ բարեպատեհ համընկնումը։