Ինձ համար հանելուկ է, թե Դավիթ Գյուրջինյանն ինչ նյութական եւ բարոյական վնասներ է կրել, ինչպես է իր արժանապատվությունն ու գիտնականի համբավը ոտնահարվել 

Ինձ համար հանելուկ է, թե Դավիթ Գյուրջինյանն ինչ նյութական եւ բարոյական վնասներ է կրել, ինչպես է իր արժանապատվությունն ու գիտնականի համբավը ոտնահարվել 

Հարցազրույց Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ

- Տիկին Հարությունյան, օրեր առաջ Բրյուսովի անվան համալսարանում ձեւավորված 3 հոգանոց ժամանակավոր խորհուրդը` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ եւ ոստիկանների ուղեկցությամբ, համալսարանին ներկայացրեց խորհրդի կողմից նշանակված ռեկտորի ԺՊ Դավիթ Գյուրջինյանին: Ինչո՞վ եք բացատրում նախարարության նման վերաբերմունքը Բրյուսովի անվան համալսարանի հանդեպ` թե՛ ռեկտորի ընտրություններից առաջ եւ թե՛, առավելապես, դրանից հետո:

- Անկեղծորեն՝ չեմ կարող ասել, թե համալսարանի ու իմ անձի հանդեպ այդ վերաբերմունքը երբ փոփոխություն կրեց, բայց հակված եմ մտածելու, երբ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ համալսարանները միավորում են միմյանց, ես փորձեցի հիմնավորել, որ այս ձեւի միավորումը ճիշտ չէ, եւ Բրյուսովի, մանկավարժական համալսարանները, ֆիզկուլտինստիտուտը միմյանց հետ փոխհատվող շատ քիչ բան ունեն: Այդ փաստարկները ես բերել եմ դեռ անցած ամռանը՝ պարոն Դումանյանի հետ հանդիպման ժամանակ՝ ասելով, որ դա ճիշտ չէ: Խոսվել է նրա մասին, որ կարիք կա մանկավարժական կրթությունը բարելավելու, ու ես ասել եմ, որ այս 3 համալսարանների միավորումը ոչ մի ձեւով չի նպաստի մանկավարժական կրթության բարելավմանը, որովհետեւ դա արհեստական միավորում է:

- Բայց հիմա պաշտոնական մակարդակով ասում են, որ գոնե այս պահին նման խնդիր դրված չէ: Այսինքն՝ այս հարցը ժամանակավորապես սառեցվել է, Դուք ինչպե՞ս եք ընկալում բուհերի միավորման շուրջ ընթացող այդ գործընթացը:

- Նորից վերադառնալով պարոն Դումանյանի հետ ամռանը կայացած մեր հանդիպմանը՝ ասեմ, որ այդ ժամանակ ինքը մեզ` ռեկտորներիս ասաց, որ դա որոշված հարց է: Իսկ իմ այն հարցին` երբ, ոնց, ինչ ժամկետներում, հստակ պատասխան չտվեց՝ ասելով, որ այդ ամենը դեռ որոշված չէ, բայց այդ հարցը հանկարծակի բացվեց այն օրը, երբ հոգաբարձուների խորհրդի նիստ էր նշանակված, եւ պետք է ռեկտորի մրցույթի հարցը բարձրացվեր, սակայն միայն նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ այդ հարցն ուզում են օրակարգից հանել: Երբ խորհրդի անդամները փորձեցին հասկանալ` ինչու, ստիպված բարձրաձայնեցին, որ զուգահեռ գործընթաց է գնում՝ 3 բուհերի միավորման, եւ նպատակահարմար չէ ռեկտորի մրցույթ անել: Հաջորդիվ զարգացումներին արդեն բոլորն ականատես եղան. ուսանողությունն իր ձայնը բարձրացրեց` ցույցեր, դասադուլներ, ու քանի որ ես կանգնեցի ուսանողության, դասախոսական անձնակազմի կողքին, որովհետեւ, եթե ռեկտոր եմ, ապա իմ առաջնային պարտականությունն է՝ պաշտպանել համալսարանի շահերը...

- Որը Ձեզ չներվեց....

- Այո, կարծում եմ` դա ինձ չներվեց, եւ հակված եմ ենթադրելու, որ դա ունեցավ իր մեծ ազդեցությունը նրա վրա, որ ես չպետք է ընտրվեմ ռեկտոր, այնուամենայնիվ, դեկտեմբերի 9-ին առանց որեւէ խախտման, ընթացակարգային խնդիրների, օրենքի տառի ճշտությամբ, մրցույթն անցկացվել է, հաշվիչ հանձնաժողովի նախագահը տիկին Անդրեասյանն է եղել, ինքն է եղել այն սրահում, որտեղ մարդիկ քվեարկել են ու հետո ձայները հաշվել են, որի արդյունքում ես 12 ձայն եմ ստացել, պարոն Գյուրջինյանը՝ 8: Տիկին Անդրեասյանն է հենց հրապարակել մրցույթի արդյունքները, որը միաձայն հաստատվել է խորհրդի բոլոր անդամների կողմից, իսկ դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին արդեն բոլորը տեղյակ են: Ընտրություններից մոտ 20 օր անց Դ. Գյուրջինյանը դիմեց դատարան` պահանջելով, որ այդ օրվա նիստի արձանագրությունն անվավեր ճանաչվի...

- Դուք եւս դիմել եք դատարան` պահանջելով, որ կառավարությունը հաստատի մրցույթի արդյունքները, քանի որ կան փաստական բոլոր հիմքերը, անկախ նրանից, որ արձանագրությունը խորհրդի նախագահի կողմից չի ստորագրվել: Ի՞նչ ընթացքի մեջ են թե՛ Ձեր, թե՛ Գյուրջինյանի դատական հայցերը:

- Առայժմ որեւէ դատական նիստ նշանակված չէ այդ գործով, ինչ վերաբերում է պարոն Գյուրջինյանի հայցին, առաջին դատական նիստը նշանակված էր երեկ, բայց քանի որ որեւէ մեկը հայցվորի կողմից չներկայացավ, նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 10-ը: Այնուամենայնիվ, իր հայցի ապահովումը դատավորը բավարարել էր, ինչը ես գտնում եմ շատ անարդար: Հայցի ապահովմամբ ինքը պահանջել էր, որ ինձ հետ աշխատանքային պայմանագիր չկնքվի` մինչեւ այս դատական գործընթացն ավարտվի, եւ դատարանը որոշում կայացնի` արդյոք Դ. Գյուրջինյանի պահանջն անվավեր համարվո՞ւմ է, թե՞ ոչ: Արդյունքում ինձ հետ աշխատանքային պայմանագիր չկնքվեց, իսկ պարոն Գյուրջինյանին արագ ձեւավորված ժամանակավոր խորհուրդը շատ արագ նշանակեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Ես չեմ բացառում, որ հենց վաղը հայտարարվի մրցույթ` առանց սպասելու այս դատական որոշումների հրապարակմանը:

- Դավիթ Գյուրջինյանի հետ Ձեր հարաբերություններն ինչպե՞ս են, առիթ ունեցե՞լ եք զրուցելու ընտրությունների արդյունքների շուրջ, ու ի՞նչ խախտումներ է նկատել, որի համար դիմել է դատարան:

- Պարոն Գյուրջինյանին ես վաղուց գիտեմ եւ իրեն հարգում եմ որպես հայոց լեզվի լավ մասնագետ: Իր նշանակման հաջորդ օրը ես նրան հանդիպել եմ, նրան փոխանցեցի համալսարանի իրավական կարեւոր փաստաթղթերը, համալսարանի կնիքը, բանալիները եւ այլն: Շատ կարճ խոսակցություն ունեցանք, ինձ համար շատ կարեւոր էր իր ուշադրությունը հրավիրել համալսարանի համար առաջնահերթ այն հարցերի վրա, որոնք շատ կարեւոր են, մասնավորապես այն, որ այս տարի համալսարանն անցնում է հերթական հավատարմագրում, ասացի ռազմավարական ծրագրի մասին, որի ավարտն այս տարի է, եւ պետք է գնահատում արվի, ու նոր ռազմավարական ծրագիր արվի, քննարկեցինք հնարավոր բյուջեն, որի նախագիծը ես պատրաստել էի, եւ ուզում եմ ընդգծել, որ համալսարանը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ իր բանկային հաշիվների վրա ունի 1 մլրդ 200 մլն դրամի կարգի գումար, այն դեպքում, որ երբ ես ստանձնել եմ ռեկտորի պաշտոնը, համալսարանն ունեցել է բացասական բյուջե` մոտ 200 մլն դրամի չափ, իսկ բանկային հաշիվներին եղել է մոտ 700 մլն դրամ, որի մի մասն արտաքին դրամաշնորհներ է եղել: Համալսարանի ֆինանսական կայունությունն այս 5 տարում գրեթե կրկնապատկվել է, եկամուտները՝ նույնպես, ու դա չի եղել նրա հաշվին, որ ես կարեւոր ծախսերի խնայողություն եմ արել: Ավելին` վերանորոգություններ ենք արել, դասասենյակներ, սանհանգույցներ, տանիք, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներ, լսարաններ: Նաեւ աշխատավարձերն էին մոտ 60 տոկոս բարձրացվել, եւ ես պլանավորել էի, որ այս տարի էլ առնվազն 10 տոկոս աշխատավարձի բարձրացում պետք է լինի, այդ թվում՝ նախատեսում էի առողջապահական ապահովագրություն ձեռք բերել աշխատողների համար:

- Այդուհանդերձ, Դ. Գյուրջինյանի հետ խոսե՞լ եք, թե ինչ խախտումներ է նկատել ընտրությունների ժամանակ:

- Ես այդ հարցը չեմ ուզում քննարկել իր հետ, որովհետեւ ավելի քան համոզված եմ, որ որեւիցե խախտում չի եղել, եւ արդեն նշեցի, որ ընտրություններն անցել են օրենքի տառին համապատասխան, եւ ես չգիտեմ՝ ինչի մասին են իրենք խոսում, ընտրության բոլոր փաստաթղթերը, թե՛ քվեաթերթիկներ, թե՛ հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը հանձնել եմ իրեն եւ ասել եմ, որ եթե դատական գործընթացներում անհրաժեշտ լինի, ինքը դրանք տրամադրի: Եվ եթե որեւիցե խախտում լիներ, չէին հաստատի եւ դրա մասին չէին բարձրաձայնի ընտրություններից միայն 20 օր հետո: Հատկապես որ ինձ համար հանելուկ է այն, որ իր հայցի ապահովման միջնորդությունում նշում է, որ կրել է նյութական եւ բարոյական վնասներ, իր մարդկային արժանապատվությունն ու գիտնականի համբավը ոտնահարվել են, եւ եթե այդ ենթադրյալ խախտումը չլիներ, ինքն ընտրված կլիներ: Ես ուզում եմ իմանալ` ինքը երաշխի՞ք էր ստացել, որ ընտրվելու է..., որովհետեւ մեր պարագայում 3 հնարավոր ելք կարող էր լինել, կարող էի ընտրվել ես, կարող էր ընտրվել նա, եւ թեկնածուներից որեւէ մեկը չընտրվեր, այսինքն՝ թե՛ իմ, թե՛ պարոն Գյուրջինյանի ընտրվելու հավանականությունը 33 տոկոս էր, բայց երբ ինքն իր դատական հայցում նշում է, որ 100 տոկոս կլիներ ընտրված, եթե այդ ենթադրյալ խախտումը չլիներ, ու քանի որ չի ընտրվել, կրել է բարոյական եւ նյութական վնաս, որովհետեւ ընտրվելու դեպքում կստանար բարձր աշխատավարձ: Ի դեպ, չեմ կարծում, որ Բրյուսովի համալսարանի ռեկտորի աշխատավարձն ավելի բարձր է, քան Լեզվի կոմիտեի նախագահինը:    

- Ի դեպ, օրերս պրն Գյուրջինյանն ասել է, որ նման դիմադրություն եղել է «Բրյուսովի» բոլոր ռեկտորների դեմ: Ձեր դեպքո՞ւմ էլ:

- Ես չգիտեմ՝ ինչ է նա նկատի ունեցել, բայց որեւիցե դիմադրություն չի եղել, ես միաձայն ընտրվել եմ ու 5 տարի հաշտ-համերաշխ աշխատել եմ կոլեկտիվի հետ, որի ապացույցն այն էր, որ երբ ավարտվեց իմ պաշտոնավարման ժամկետը, համալսարանի բոլոր ստորաբաժանումները միաձայն առաջադրեցին իմ թեկնածությունը:

- Ի վերջո, սա միայն բուհի ռեկտորի հա՞րց էր, թե՞ ավելին, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ ընտրություններից անմիջապես հետո եղան հայտնի հրաժարականները․ նախ` Համբարձում Մաթեւոսյանի, ապա՝ Վահրամ Դումանյանի:

- Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել... կարող է՝ դրա հետ էր կապված, կարող է՝ այդպիսի որոշում վաղուց կար, ուղղակի սա առիթ հանդիսացավ, այսինքն՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ...:

- Ամեն դեպքում, Տիգրան Թորոսյանն օրեր առաջ հրապարակավ համալսարանում հայտարարեց, որ գործ ունենք պարզ վրեժխնդրության հետ: Խնդիրը միայն ռեկտորի՞ հարցն էր, թե՞ նաեւ համալսարանը լուծարման տանելու:

- Լուծարման մասին չեմ կարող խոսել, բայց մի բան կարող եմ հստակ ասել, որ երբ համալսարանը ներկայացրեց գրություն վարչապետի անունով, որն առաջարկությունների գրություն էր, ոչ թե բողոքի, դրան կցված էին համալսարանի մոտ 3 հազար ուսանողի, դասախոսի ստորագրություններ: Օրեր անց ստեղծվեց աշխատանքային խումբ, որը նաեւ մեր առաջարկությունների մեջ կար, ճիշտ է՝ դրա արդյունքները դեռ չենք տեսել, բայց տեսանք այլ բան, որ երբ հրապարակվեց գործողությունների ժամանակացույցը՝ մինչեւ 2030թ․ ծրագրի, ապա տեսանք, որ միավորման բուն գործընթացը նախատեսվում է սկսել 2027-ից:  

- Հիմա Ձեր առնչությունը «Բրյուսովի» հետ ինչքանո՞վ է, շարունակո՞ւմ եք դասավանդել:

- Այո, շարունակում եմ դասավանդել, բայց ապագայի պլաններն ապագան ցույց կտա, դրա մասին դեռ չեմ ուզում խոսել, որովհետեւ ինքս էլ վերջնական որոշում չունեմ` կշարունակե՞մ համալսարանում աշխատանքս, թե՞ ոչ: