Վարդենիսում արձանագրված երեխայի մահվան դեպքը անասելի զայրացնող է․ Թագուհի Թովմասյան

Վարդենիսում արձանագրված երեխայի մահվան դեպքը անասելի զայրացնող է․ Թագուհի Թովմասյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․

«Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը անասելի զայրացնող է: Ինչո՞ւ, որովհետեւ եթե կարճ բնութագրելու լինեմ, ապա այսօր ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում գտնվող, տղա երեխային կորցրած 32 ամյա Ինետա Գալստյանի վիճակի մեղավորը անպատասխանատվության այն շրջապտույտն է, որն անցնում է ՀՀ առողջապահության նախարարության, Պաշտպանության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի միջով:

Բանն այն է, որ 2017 թվականից սկսած Վարդենիսի հիվանդանոցը ՊՆ-ի զինհոսպիտալին միավորվելու գործընթացի մեջ է ու արդեն շուրջ 3 տարի հարցը վերջնականապես չի լուծվում: Վերջին անգամ սեպտեմբերին եմ քննարկում կազմակերպել այս խնդրի շուրջ հիվանդանոցում, բայց մինչ օրս իրավաբանական տարաբնույթ քաշքշուկների պատճառով հիվանդանոցի ապագան չի ուրվագծվում. հաստատությունը դեռ վերջնականապես Պն-ի ենթակայության տակ չի անցնում, մարզպետարանն էլ չի կարողանում՝ որպես Կառավարության ներկայացուցիչ, մասնագետներով համալրել կառույցը:

Արդյունքում Ծովակի բնակիչը, որը դիմել է Վարդենիսի ծննդատուն՝ մանկաբարձական բարդություններով, չի կարողացել բուժօգնություն ստանալ, նրան անմիջապես ուղղորդել են դիմել Մարտունի ԲԿ: Ինչպես տեղեկացա Վարդենիսի հիվանդանոցի տնօրենի արձակուրդի մեջ գտնվող ԺՊ-ից, ծննդկանի մոտ եղել է անհապաղ կեսարյան հատում անելու ցուցում: Բայց քանի որ հիվանդանոցը շուրջօրյա անեսթեզոլոգ չունի, դրա համար են անմիջապես Մարտունի ուղարկել: Նման պայմաններում առնվազն 30 րոպե ճանապարհ հատելուց եւ Մարտունի հասնելուց հետո անհնար է եղել սնուցման աղբյուրներից զրկված ներարգանդային 37 շաբաթական փոքրիկի կյանքը փրկել: Քիչ առաջ զրուցեցի նաեւ Երեւանի «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն, դոցենտ Անդրանիկ Պողոսյանի հետ, որի հսկողության տակ է գտնվում ծննդկանը: Տեղեկացրեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, կայուն վիճակում է:

Այստեղ անհրաժեշտ եմ համարում հիշեցնել ՀՀ առողջապահության նախարարության առաքելությունը, որը չի սկսվում և ավարտվում հակածխախոտային պայքարով: «Առողջապահության նախարարության առաքելությունն է... բնակչության առաջնային և մաuնագիտացված բժշկական oգնության ու ծառայությունների ապահովման կազմակերպումը, մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քաղաքականության իրականացումը, բնակչության առողջության բարելավման միջոցառումների կազմակերպումը և առողջական վիճակի ուuումնաuիրությունը... »:
Եւ ուրեմն հարց. ինչո՞ւ իր պաշտոնական պարտականությունները չի կատարում նախարարությունը և ինչո՞ւ ցայսօր Վարդենիսի հիվանդանոցում չկան մասնագետներ (ընդ որում՝ ոչ միայն մանկաբարձության բնագավառի), ինչո՞ւ հիվանդանոցը չունի շուրջօրյա անեսթեզոլոգ: Քանի՞ մահ պետք է արձանագրվի, որ նախարար Արսեն Թորոսյանը իրականում սկսի զբաղվել Վարդենիսի հիվանդանոցով...

Հ. Գ. Ցավում եմ Ծովակի բնակիչների համար, որոնք երեխայի ծնունդին ուրախությամբ պատրաստվել էին, բայց դժբախտություն տեղի ունեցավ: Ինետա ջան, աղոթում եմ քեզ համար: Չհուսահատվես, կյանքն առջեւում է:

Հ.Գ. նկարը՝ Վարդենիսի հիվանդանոցի վիրահատարանից..»։