Տոտալիտար Աղանդներ

Տոտալիտար Աղանդներ

2018 թվականի ապրիլին մարդիկ դուրս եկան փողոց, որպեսզի վերացնեն նախկինների օրոք ձևավորված ավտորիտար համակարգը: Բնականաբար, այդ համակարգին բնորոշ բացասական կողմերով ու այլանդակություններով: Չորս տարի անց կարող ենք արձանագրել, որ դա մեզ «հաջողվեց»՝ մենք հաղթահարեցինք ավտորիտար համակարգը: Սակայն տեղի ունեցավ ոչ թե անցում դեպի ժողովրդավարություն՝ ինչպես հռչակում է գործող իշխանությունը, այլ դրա հակառակ ուղղությամբ: Իսկ հակառակ ուղղությունը տոտալիտար պետության ձևավորումն է: Ինչին, իհարկե, համաձայն չէ միջազգային կոչված հանրությունը, բայց դրանից այն չի փոխում իր էությունը: Ի դեպ, դեպի տոտալիտարիզմ անցում կատարելուն աջակցեցինք բոլորս: Գիտակցում եմ, որ արդարացի չէ, երբ մարդ անընդհատ պայքարել է ընդդեմ «նիկոլիզմի», իսկ հետո ինքն իրեն ու իր նմաններին մեղադրում է տոտալիտար պետության ձևավորման մեջ: Բայց մենք իսկապես մեղավոր ենք և մեղավոր ենք այնքանով, որքանով Փաշինյան Նիկոլին հաջողվում է պահպանել բռնապետական, անձնական իշխանությունը: Եվ դա էլ ծառայեցնել ոչ թե հայրենիքի հզորացմանը (այդպիսի տարբերակ էլ կարող էր լինել՝ նայենք մեր արևելյան հարևանին), այլ խեղճացմանն ու անդունդ գլորելուն:

Ինչևէ, մենք, որպես տոտալիտար պետության քաղաքացիներ, ցուցաբերում ենք անհանդուրժողական վերաբերմունք մեկս մյուսի նկատմամբ: Բայց միջանձնային հարաբերություններից բացի առկա է նաև մեկ այլ տեսակի՝ հարաբերություններ մարդկանց որևէ խմբի և անհատի միջև: Դա դրսևորվում է հատկապես կայքային և սոցցանցային հարթակներում: Դրսևորվում է բացասական առումով հենց ֆեյսբուքում, և, դժբախտաբար, այլ կերպ լինել չէր կարող: Եվ այդ հարցում որևէ դեր չի խաղում մարդկանց կրթվածությունն ու նախկինում ստացած՝ կարծես թե դրական դասիարակությունը: Չէր կարող, քանի որ այդ հարթակում ձևավորվում են լիդերի կամ լիդերների նեղ խմբի շուրջ հավաքված մարդկանց խմբավորումներ: Եվ լիդերի կամ խմբի որևէ անդամի և նրա գրառման (հիմնականում հենց գրառման) նկատմամբ որևէ բացասական վերաբերմունքը հանգեցնում է խմբի այս կամ այն անդամի կամ միանգամից մի քանիսի կողմից իրենց համախոհին պաշտպանելու խմբային կենդանական բնազդի արթնացմանը: Դա ես կբնութագրեի որպես ոչ թե սկզբունքների և քաղաքական հայացքների, այլ տոտալիտար աղանդի վարքականոնի դրսևորում: Ինչը բնական է, քանի որ պետության ձևավորումն իր հետ բերում է նաև տոտալիտար աղանդների առաջացում:

Տեսական այս նախաբանից անցում կատարելով ֆեյսբուքյան իրականությանը՝ արձանագրեմ, որ վերջին մի քանի տարում դա զգացել իմ անձամբ իմ մաշկի վրա: Սկզբում իմ նախկին համախոհների՝ ՀՀ առաջին նախագահի շրջապատի կողմից: Դա 8-9 տարի առաջ էր, երբ Տեր-Պետրոսյանը որոշեց բուժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնել Գագիկ Ծառուկյանի հիմնական «ֆիզիկական» մասնակցությամբ: Հենց միայն այն հանգամանքը, որ ես մերժեցի դա, բավարար էր, որպեսզի վերածվեի տեր-պետրոսյանական շրջապատի համար այլախոհի: Եվ ենթարկվեի հարձակումների: Հետագայում դա մեկ-մեկ կրկնվում էր, եթե «սխալվեի» ու հրապարակային անհամաձայնություն հայտնեի վերջիններիս մտքերի առումով: Իսկ մի անգամ էլ ուղղակի հարձակման ենթարկվեցի, երբ իրենց վերաբերյալ տեքստում «նրանք» դերանվան փոխարեն օգտագործեցի «սրանք» դերանունը: Պատկերացնում եք, թե ինչ աստիճան վիրավորվեց առաջին նախագահի խիստ «քաղաքակիրթ» շրջապատը, որ լրիվ մոռացավ քաղաքակրթության մասին: Ինչն, ի դեպ, շարունակվեց երկու թե երեք օր: 

Զարմանալիորեն, տոտալ աղանդի շատ ավելի քաղաքակիրթ դրսևորմանը բախվեցի մի քանի անգամ ԱԺԲ-ականների հետ բանավիճելիս: Բայց քանի որ տարիքի հետ մարդ արդեն ցանկություն չի ունենում անիմաստ ու ավելորդ վիճաբանությունների մեջ մտնելու, նախկին դիվանագետ Արա Պապյանին առաջարկեցի ձևավորել բանավեճի ջենթլմենական ձևաչափ: Առաջարկեցի, որպեսզի հարգելի բանախոսն իր կոմնակիցներին հորդորեր չխառնվել մեր բանավեճին: Հորդորեր նաև, որ ֆեյսբուքից իր դուրս գալուց հետո մեր բանավեճը կոմնակիցների համար համարվեր ավարտված: Այլապես ստացվում էր, որ ես ավելի շատ ժամանակ էի ծախսում, քան ինքը, և կռիվ էի տալիս միանգամից մի քանիսի դեմ, ինչը հեչ  արդար չէ: Իսկ հանուն ավելի լավ հասարակության ու իշխանության համար իրապես պայքարողները պետք է իրենց վարքագծով օրինակ ծառայեն մնացածներին: Բայց Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան և ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջն ավարտած, Կանադայում 6 տարի որպես Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան հանդես եկած անձը չարձագանքեց բանավեճի ջենթլմենական ձևաչափի առաջարկին: Ու ես ստիպված եղա ֆեյսբուքյան իմ ընկերների ցանկից հանել նրա բոլոր կողմնակիցներին՝ պահելով միայն իրեն:

Հ.Գ. Զարմանալիորեն, 5-10 տարվա «նիկոլական» իմ նախկին ընկերները երբևէ չեն անհանգստացնում ինձ ֆեյսբուքյան հարթակում: Կա՛մ նրանք չեն տեսնում իմ գրառումները և կա՛մ վերջին 3-4 տարում ես հասցրել եմ նրանց բոլորին հանել իմ ընկերների ցանկից: Երկու դեպքում էլ իրավիճակը ձեռք է տալիս ինձ, քանի որ նրանց հետ բանավիճելն ուղղակի անիմաստ ժամանակի ծախս կլիներ: