Լոնդոնյան երազողն առաջարկում է խաչ քաշել երրորդ հանրապետության վրա

Լոնդոնյան երազողն առաջարկում է խաչ քաշել երրորդ հանրապետության վրա

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավոր Անգլիայում ազատ ժամանակ շատ ունի եւ որոշել է իրեն նվիրել պատմական խրոնիկաների ժանրին։ Երեկ նա ծավալուն հոդված է գրել, որում անդրադարձել է անցած-գնացած օրերին, վերջում էլ խոստացել է, որ շարունակություն կլինի։ Մեր հայրենասեր նախագահի մտորումները հեռավոր Ալբիոնում պտտվում են հայոց պետականությունը վերականգնելու մասին հայ ժողովրդի երազանքի շուրջ։

«Այն բխում էր ոչ միայն սեփական մշակույթը, ինքնությունն ու պատմությունը պահպանելու համար ազգային օջախ ունենալու անհրաժեշտությունից, այլ նաեւ սեփական ճակատագրի տերը դառնալու ձգտումից»․ այսպիսի դասական նախաբանից հետո, որը կրճատել ենք, նախագահը փորձում է գտնել այսօրվա վիճակի պատճառները։ «Փրկիչներ» փնտրելը՝ «ի դեմս առանձին անհատների կամ երկրների», դրանցից մեկն է։ «Ջղաձգական փնտրտուքների հետեւից ընկած՝ մենք բոլորովին մոռացել ենք, որ այդ ուղին գտնվում է ուղիղ մեր աչքերի առջեւ եւ կոչվում է անկախ Հայաստանի Հանրապետություն»,- գրում է «անկախության ջատագով» Արմեն Սարգսյանը, որը 1996-ին դառնալով ՀՀ վարչապետ, փայլուն հնարավորություն ուներ ամրապնդելու դրա հիմքերը, բայց փախավ Անգլիա՝ Վազգեն Սարգսյանի «կաբինետի» հետ հայտնի միջադեպից հետո։ Հիմա նա քննադատում է ոչ մի տեղ չփախած ՀՀ բոլոր կառավարիչներին այն բանի համար, որ նրանք իմիտացիոն գործունեությամբ են զբաղվել։

«Չգցվեց ներքին իմունիտետի՝ պետական կառավարման արդյունավետ համակարգի հիմքը՝ հիմնված իշխանության գործադիր, օրենսդիր եւ դատական ճյուղերի միջեւ պատասխանատվության իրական բաժանման վրա․․․ 1994թ. մենք ազատագրեցինք Արցախը, եւ ընդհուպ մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը մեզ մոտ չկար Արցախի քաղաքական ապագայի վերաբերյալ հստակ տեսլական․․․ Գոյություն ուներ սոսկ դիվանագիտական ճանապարհով նոր պատերազմ թույլ չտալու տակտիկա, որն ի սկզբանե դատապարտված էր․․․ Մենք բավարար ուշադրություն չդարձրինք Արցախի զարգացման եւ ամրապնդման իրական գրավականներին՝ բնակչության աճին․․․ ռազմական արվեստի կատարելագործմանը, սպառազինության նորացմանը, հագեցվածությանը եւ այլն․․․ Մենք տանուլ տվեցինք տեղեկատվական պատերազմում՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին դաշտում: Տարիներ շարունակ մենք ցանկալին մատուցում էինք իրականի տեղ: Սուտը՝ իրականության իմիտացիան, սողոսկել էր ամենուրեք՝ դառնալով ազգային անվտանգության սպառնալիք: Երեւակայական այդ աշխարհում մենք իբր թե ունեինք կազմակերպված պետություն, առաջանցիկ տնտեսություն եւ գիտություն, ուժեղ բանակ, ժողովրդավարական հասարակություն, ազատ մամուլ, սակայն իրականում պատկերը բոլորովին այլ էր: Մենք հաջողացրել էինք խաբել միայն ինքներս մեզ եւ դրանով իսկ արդեն ստորագրել պարտության թղթի տակ»,- գրում է նախագահը մտքեր, որոնք այս օրերին կարելի է լսել ցանկացած տաքսիստից, պարզապես տաքսիստը լոնդոնյան երազողի նման գրական հայերենով չի կառուցում իր խոսքը։ Նախագահը տաքսիստից հեռու է գնում, ասում է, թե ինչ է պետք անել. «Միակ տրամաբանական եւ քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով, որոնք թույլ կտան պետական շինարարության իրական գործընթացն սկսել մաքուր էջից»: Նոր կառավարությունը, ըստ նախագահի, պետք է վերացնի պատերազմի հետեւանքները, բուժի գերիներին, վիրավորներին, վերադարձնի պատանդներին, տնազուրկներին տուն տա, երկիրը դուրս բերի տնտեսական ճգնաժամից եւ այլն։ Նախագահին էլ կարող ենք օգտագործել որպես փրկօղակ։ Այն նախագահին, որը խաչ է քաշում երրորդ հանրապետության վրա․ «Հայաստանի «Երրորդ հանրապետությունն» այլեւս անցյալ է, մենք առերեսվում ենք նոր իրականության հետ, որը մեզ ստիպում է լինել չափազանց սթափ, հաշվենկատ եւ նպատակասլաց»։ Արմեն Սարգսյանն առաջարկում է կառուցել «Չորրորդ հանրապետություն»։ Երեւելի հայերն էլ Սփյուռքից պետք է օգնեն։

ՀԳ․ Մենք պատրաստ ենք մոռանալ խորտակվող նավի ու առնետների մասին ասացվածքը, պատրաստ ենք հավատալ, որ ՀՀ նախագահն իրոք առողջական խնդիրներ ունի, որոնք չէր կարող վստահել իր երկրի առողջապահական համակարգին, եւ դրա համար է այս խառը օրերին լքել նավը, որից «ն» տառն է մնացել, որ նա բրիտանական հատուկ ծառայությունների՝ ՄԻ-6-ի գործակալը չէ, միայն թե չգրի Նոյի թվից սկսվող իր երկար-բարակ «էքսկուրսները»։ Դրանք կարդալու ո՛չ ժամանակ կա, ո՛չ ներվ։