Ավինյանի դեմքը որ տեսնում եմ, կյանքից հիասթափվում եմ

Ավինյանի դեմքը որ տեսնում եմ, կյանքից հիասթափվում եմ

Առաջիկայում Երեւանի քաղաքապետի ընտրություններ են սպասվում: Հայաստանի եվրոպական կուսակցությունը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր, որ քաղաքապետի իր թեկնածուն երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է: Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր,  որ այդ որոշման հիմքում Նատալյա Ռոտենբերգին հակադրվելն է եղել, ինչ վերաբերում է վերջնական որոշմանը, ապա այն դեռեւս չի կայացվել։ «Գուցե Ռուբեն Հախվերդյանին առաջադրենք, գուցե՝ ոչ, դեռ հստակ որոշում չունենք: Ոչինչ չեմ բացառում»,- ասում է Խզմալյանը: Երգիչ Ռուբեն Հախվերդյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը մի մարդ է, որին երեւանցիները սիրում են, եւ որը երբե՛ք չի լափի:

- Պարոն Հախվերդյան, օրեր առաջ Ձեր թեկնածության մասին խոսվեց, արդեն որոշե՞լ եք մասնակցել ընտրություններին, առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, թե՞ ոչ:

- Դեռ մտմտում եմ, չեմ որոշել:

- Ի՞նչն է պատճառը:

- Դե, Ավինյանի դեմքը որ տեսնում եմ, կյանքից հիասթափվում եմ:

- Ինչո՞ւ:

- Ես որ մարդու դեմքին նայում եմ, հասկանում եմ, թե իրենից ինչ ա ներկայացնում:

- Ձեր կարծիքով` ի՞նչ է ներկայացնում:

- Այ, էդ չգիտեմ: Մարդը որ տեսակ չի ունենում, շատ վատ է: Մարդիկ կան, որ գոնե տեսակ ունեն` վատ կամ լավ… Տեսակ չունեցող մարդ է նա, իսկ տեսակ չունեցող մարդուն երեւանցին չի սիրում:

- Իսկ եթե Դուք մասնակցեք ընտրություններին, վստա՞հ եք, որ կընտրվեք: Գուցե Դուք սիրված եք, բայց երեւանցին Ձեզ կընտրի՞:

- Ի՞նձ: Չգիտեմ, դա ինձ չի հետաքրքրում, եթե անկեղծ: Մարդիկ եթե ընտրեն, ես իրենց համար եմ աշխատելու:

- Շատերն ասում են` սողացող պատերազմի օրերին, երբ ամեն րոպե թշնամին կրակում է արդեն Հայաստանի վրա, Երեւանի քաղաքապետի ընտրություններն ուղղակի անիմաստ են:

- Երեւանն ունի բազմաթիվ խնդիրներ. կանաչապատման խնդիր, ջրամատակարարման խնդիր, տրանսպորտի խնդիր: Դրանք մեծ պրոբլեմներ են:

- Երեւանի սրտում ծառեր կտրեցին, նոր ծառեր տնկեցին: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Դա էլ է կանաչապատման խնդիր: Չեմ ուզում առանձնացնել ոչ մի հարց: Ընդհանուր խնդիրներ են, վատ է:

- Հաճախ Ձեզ տեսնում ենք Սայաթ-Նովա փողոցի «Հին Արենի» համալիրում: Ի՞նչը ստիպեց երգել այնտեղ:

- Արդեն երկար տարիներ է՝ այնտեղ եմ աշխատում: