Եղծ աղանդոց կամ՝ մի աննախադեպ լայվի պատմություն

Եղծ աղանդոց կամ՝ մի աննախադեպ լայվի պատմություն

Երբ քեզ մի բանի մեջ հանիրավի մեղադրում են, ընդհուպ՝ վիրավորում, պետք է դատի տաս կամ առնվազն հերքես այդ մեղադրանքը: Կա նաեւ երրորդ ճանապարհը՝ պետք է ասպետավարի ապտակես քեզ վիրավորողին: Նշված տարբերակներից Փաշինյանը ոչ մեկը չի կիրառել, բայց «լայվ» է մտել ու մուննաթ է գալիս բոլորի վրա, որովհետեւ բոլորը հավատում են իր մասին ասվող խոսքերին, իրեն ուղղվող մեղադրանքներին, իր անձի հետ կապվող խայտառակություններին: Ու մեկ էլ ասում է՝ մեռանք հերքելով: Սուտ... Երբեք ոչինչ չի հերքել: Պետության հաշվին անհատական ինքնաթիռ է վարձել ու կնոջ հետ թռել ԱՄՆ: Հերքե՞լ է: Պետության հաշվին ավտոշարասյունով մարդը գնում է Արցախ՝ որդուն տեսության: Հերքե՞լ է: Չի հերքել: Ու ո՞նց հերքի, երբ մտել են մի կտոր հաց ուտելու, եւ այդ հաց ուտելը հարամ է արել «ուշացած» ՀԴՄ կտրոնի պատճառով: Ասում է՝ հերքել եմ կառավարական բնակարանի 2 միլիոնանոց (դոլարով) վերանորոգման սուտ լուրը: Էդ ե՞րբ, երբ «ռեմո՞նտդ» էիր ցույց տալիս լայվով, թե՞ երբ ասում էիր, իբր դա քեզ համար չես արել: Այսինքն՝ հիմա մենք ի՞նչ անենք, չհավատա՞նք, որ քեզ համար հատուկ «Մերսեդես» առար, որ խոստումներիցդ միայն մի բան ես կատարել՝ ի հեճուկս աղքատությունից աչք չբացող այս ժողովրդի, միլիոնների ես հասցրել նախարարներիդ ու յուրայիններիդ աշխատավարձերը, միլիարդների պարգեւատրումները: Հերքե՞լ ես, որ նման բան ես արել: 

Մարդը հաթաթա է տալիս՝ ինչ ուզում են, թող ասեն, հոգնեցինք հերքելով, այլեւս չենք հերքելու... Է, մի հերքիր, քեզ ամոթանք ու մեղադրանք ուղղողի աչքը լույս, որն իր շրջապատում հիմա պարծենում է՝ պիտի կարողանա հերքել, որ հերքի: Եվ, ուրեմն, ի՞նչ, Փաշինյանը չի՞ հերքելու իր ընտանիքի անդամների մասնակցությամբ վերջին սկանդալային պատմությունները՝ մաքսանենգ բեռով ինքնաթիռներ, «ադամանդագործություն», այսպես կոչված՝ երկու հետաքրքիր «բիզնես», որ չէր կարող գլուխ գալ առանց ՀՀ կառավարության «դաբրոյի» եւ պետական կառույցների, մասնավորապես՝ ՊԵԿ-ի եւ ԱԱԾ-ի աջակցության:

Փաշինյանի համար, կարծում եմ, մեծ նշանակություն ունի այն, թե ով է իրեն մեղադրում հերթական խայտառակության մեջ: Դիցուք՝ մաքսանենգությամբ եւ ադամանդագործությամբ զբաղվելու մեջ նրան մեղադրել է Միքայել Մինասյանը՝ հայտնի մարդ հայտնի շրջանակներից: Եվ հիմա ո՞նց հերքես այդ մարդու ասածները, երբ նա մինչեւ 1 կգ ճշտությամբ է բնորոշում Երեւան-Վորոնեժ հատուկ թռիչքի ինքնաթիռում եղած «товары народного потребления»-ի քաշը, մեկ հարյուրերորդական կարատի ճշտությամբ հայտարարում Հնդկաստանից բերված ադամանդի արժեքն ու մասնագետների քանակը, որոնք կկարողանային ֆիքսված ժամանակահատվածում մշակել «հանքանյութը»:

Թերթերը գրեցին, որ ԱԱԾ-ում եւ ՊԵԿ-ում վերջերս խառն են: Պատասխանը եկավ, թե նման բան չկա, ոչ ոք չի ազատվել, ոչ մեկին չեն ազատել: Հերքեցին, հասկանում ես: Բայց պարզվեց՝ սուտ են ասում: Խեղճ Նիկոլ, հիմա չգիտի՝ Միքայել Մինասյանի՞ն հերքի, թե՞ ԱԱԾ-ում սկսված «մաքրման» աշխատանքները:

Բայց ասեմ՝ եթե մի բան ոչ մի կերպ չես կարողանում հերքել, պիտի ձեւացնես, որ չես հիշում: Սրա նախադեպն ունենք արդեն: Ասել էր՝ ես չեմ հիշում, որ հայտարարած լինեմ՝ կորոնավիրուսն ում շունն ա, կարելի է տնական արաղով բուժել: Ու վատ էլ չստացվեց: Կարելի է, ինչպես Մաշադյանի պահով արեցին, հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը չորրորդ երեխան ունենալուց հետո է միայն իմացել, որ Հրաչ Հակոբյան անունով աներձագ ունի, իսկ Սիփան Փաշինյան անունով զարմիկ ունենալու մասին էլ թերթերից եւ Միքայել Մինասյանի «խոհանոցային» լայվից է իմացել: Լավ, ենթադրենք, մաքսանենգ սիգարետի գործն այսպես ջրեց, իսկ ի՞նչ անել հնդկական ծագումով ադամանդի հետ: Հայաստան, ախր, հնդիկների մեծ հոսք է եղել, ու եթե ամեն հնդիկ իր հետ մեկ հատիկ քար էլ բերեր... Նույնիսկ կարող է հարց առաջանալ՝ ո՞վ է վճարել հնդիկ զբոսաշրջիկ կուրիերների ճանապարհածախսը:

Իսկ հիմա՝ աննախադեպ լայվի ամենաաննախադեպ հատվածի մասին: Մեծարգո վարչապետը հայտարարեց, որ մարդիկ իր մասին մտածում են ըստ իրենց փչացածության աստիճանի: Սա լրջագույն սայթաքում էր իր կողմից, եւ նա, կարծում եմ, հասկացավ դա: Այժմ արդեն բոլորը գիտեն, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ՀՀ իշխանությունների մասին մտածել է իր փչացածության աստիճանի համեմատ: Մյուս կողմից էլ իմացանք, որ վարչապետ Փաշինյանն իր փչացածության աստիճանով է դատում բոլորի՝ Ռոբերտ Քոչարյանի, ՍԴ նախագահի ու դատավորների, իր ընտանեկան ֆոնդերին «չմուծվող» գործարարների, կուրթանեցի երիտասարդի, մաքսային ծառայության աշխատակցի, ՀՀ իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարը հեգնող հպարտ քաղաքացիների, լրատվամիջոցների եւ, վերջապես՝ Ալիեւի մասին:

Եվ ավարտեմ օրվա կուրսով: Ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը՝ համաճարակը կանգնեցնելու ուղղությամբ: Փաշինյանն իր լայվով հաստատեց, որ ոչինչ չի արել եւ չի էլ պատրաստվում անել: Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունն ու պարետային ժամը վերացրին՝ համարելով, որ կառավարությունը հաղթահարել է ճգնաժամը: Սա, բնականաբար, դուր չի գալիս Փաշինյանին, որովհետեւ իր կառավարությանն այսօր մեղադրում են հանցավոր անգործության, կորոնավիրուսի տարածման դեմ ոչ ադեկվատ գործողություններ կատարելու, համավարակը քաղաքականացնելու եւ սեփական թիմի անճարակությունն արդարացնելու նպատակին ծառայեցնելու մեջ: Դե եկ ու այսքան բան հերքիր, երբ կողքներիս Վրաստանի օրինակն է: Իսկ Փաշինյանը չի էլ պատրաստվում հերքել: Նրա համար ավելի հեշտ է մեղադրել ժողովրդին, մուննաթ գալ, թե թաղում եք գնում, սոցիալական հեռավորություն չեք պահպանում, դիմակ չեք կրում, կեղտոտ ձեռքերով քիթ ու ականջ եք քորում... Ու մատը թափ տալով՝ եթե այսպես շարունակեք, սիրելի քաղաքացիներ, ռեժիմը կրկին կխստացնեմ: Է՜է՜է՜, բալամ, ո՛չ խիստ ռեժիմի ժամանակ էիք մի բան, ո՛չ էլ հիմա, երբ մի հացի փողով մի դիմակ եք ծախում թոշակառուի վրա ու մի բան էլ սպառնում, որ 10 հազար կտուգանեք, եթե դիմակ չունեցավ:

ՀԳ. Հերքումը, որպես երեւույթ, կյանքի կարեւորագույն բաղկացուցիչներից մեկն է: Առանց հերքումների կյանքը պարզապես կանգ կառնի: Արդարադատությունն ու իրավապահ համակարգն ամբողջությամբ կառուցված են մեղադրանքի եւ հերքման վրա: Չկա մեղադրանք՝ չկա մեղավոր, չկա հերքում, ուրեմն մեղավոր է: Երրորդն ուղղակի գոյություն չունի:

ՀԳ 1. Քրիստոնեության վաղ շրջանում, երբ մարդիկ դժվարությամբ էին ընդունում այդ նոր վարդապետությունը, Եզնիկ Կողբացին գրեց «Եղծ աղանդոց» (աղանդների հերքում) կոթողային աշխատությունը, որտեղ քրիստոնեական կրոնի գաղափարաբանական տեսանկյունից հերքվում են հեթանոսական բազմաստվածության հավատալիքները, պարսից զրադաշտական կրոնը, անտիկ հունական որոշ փիլիսոփայական դպրոցների ուսմունքները եւ Մարկիոնի գնոստիկական աղանդը։ Կարող էր, չէ՞, դրանից հետո Կողբացին «լայվ» մտնել ու հայտարարել՝ վերջ, հոգնել եմ հերքելուց: Բայց այդ դեպքում էլ ո՞վ կհավատար նրա «Եղծ աղանդոց»-ին: