5000 մարդ սպանածի համար ի՞նչ տարբերություն՝ 5000, թե՞ 125.000
«Հրապարակի» զրուցակիցը ռեժիսոր Արշակ Զաքարյանն է:
- Երեկ ուշ երեկոյան ձերբակալվել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Մեզանում վերջին տարիներին սովորական բան է դարձել զինվորական գործիչներին, երկրի կայացման գործում ավանդ ունեցողներին ուղղակիորեն ոչնչացնելը: Այս երևույթը մի՞շտ է եղել մեզանում, թե՞ նոր է ձեւավորվել:
- Որ ասեմ առաջ չի եղել նվաստացնելու, ճնշելու երևույթը, սուտ կլինի: Առհասարակ եղել է նման երևույթ, բայց նայած թե ում հանդեպ: Դեռ Սովետական միության շրջանում ոստիկանությունը ոչնչացրել է նրանց, ովքեր ցանկալի չեն եղել: Օրվա իշխանության ծառայելու հնազանդությունը եղել է: Միշտ էլ պատվերներ կատարել են, սակայն, որ հերոսների հետ այսպես վարվեն, չի եղել նման բան: Ընդ որում` սա ոչ թե իշխանության պատվերն է, այլ դրսից` թշնամու պատվերն է: Ալիևները նման բան կարող էին տեսնել միայն իրենց երազում: Իհարկե, նախքան 2018 թվականը նման բան չի եղել: Ճնշումներ, բռնություն եղել է, բայց որ զինվորական գործչի, հերոսի հետ այսպես վարվեն, սա նորություն է 2018 թվականից հետո: Թշնամի երկրի երազանքն է սա: Մանվել Գրիգորյանն էլ հայտնվեց ճաղերի ետևում, հետո մահացավ: Գեներալներին ճաղերի ետևում պահելն Ադրբեջանի ցանկությունն է: Հիմա փաստորեն Ադրբեջանի երազանքները կատարվում են հեշտությամբ: Չեմ խոսում այն մասին, թե ով ինչ հանցանք է գործել, որովհետև ՔՊ-ում կան զինվորականներ, որոնք բազմաթիվ հանցանքներ են գործել` միլիոնավոր: Ինչո՞ւ պատասխան չեն տալիս: Այսօր ականատես ենք լինում էժանագին թատրոնի: Հարճի պես իրենց տերերին դուր գալու համար ինչ ասես, որ չեն անում սրանք:
- ՔՊ-ական ի՞նչ զինվորականների եք ակնարկում:
- Բոլոր նրանք, ովքեր այսօր սրանց ծառայում են: Կան գեներալի պագոններ կրողներ, որոնք ծառայում են թշնամու ռեժիմին: Իսկ ի՞նչ է թշնամու ռեժիմը՝ երկիր հանձնող ռեժիմ է: Գեներալները մի մեղք ունեն, որ հանդուրժեցին այս դավաճաններին, այդ իսկ պատճառով էլ դավաճաններն այսօր ուժ են կիրառում հենց իրենց վրա:
- Արցախում բավականին լարված իրավիճակ է: Այսօր հանրահավաք եղավ:
- Որ տեսնում եմ, թե ովքեր են կանգնած այդ հանրահավաքի շարքերում, խոսելս չի գալիս: Դժվարանում եմ ինչ-որ բան ասել: Բլոկադայի մեջ գտնվող մեր հայրենակիցները պետք է փորձեն հնարավոր ամեն ինչ անել, իրավիճակը փոխելու համար, սակայն մենք էլ այստեղ շատ բան ունենք անելու: Մենք առաջին հերթին պետք է օգնենք մեր եղբայրներին, նրանք մտածում են, որ մենք իրենց լքել ենք, որովհետև Արցախից ձեռք են քաշել Հայաստանի իշխանությունները: Պետք է ոտքի կանգնել: 88-ին էլ եթե Արցախին մենակ թողնեինք, ոչինչ չէր կատարվելու: Շատ լավ է, որ «Հայաքվե» են իրականացնում, սակայն նախ և առաջ պետք է վճռական քայլերի գնալ: Պատկերացրեք տուն մարդասպաններ են մտել, տան անդամների կեսին սպանել են, մյուս կեսին էլ դանդաղ սպանում են, իսկ մենք փոխանակ դանդաղ սպանվող մարդկանց փրկենք, դատական գործ ենք սկսում: Ասածս ինչ է` նախ պետք է մարդասպանի ձեռքը բռնել:
- Ճի՞շտ հասկացա, որ չեք ողջունում «Հայաքվե» նախաձեռնությունը:
- Ողջունում եմ, բայց կարծում եմ, որ զուգահեռաբար պետք է արվեն նաև գործնական քայլեր: «Հայաքվեն» խոսում է բուն հանցագործության մասին, բայց նախ և առաջ պետք է բռնել հանցագործի ձեռքը, նոր իրավական պրոցես սկսել: 5000 մարդ սպանածի համար ի՞նչ տարբերություն՝ 5000, թե՞ 125.000: Ձեռքը սովոր է, մեկ է գիտի, որ այլևս փրկություն չկա իր համար:
Կարծիքներ