Գուցե նաև դրա հե՞տ է կապված Վանեցյանի ընդհարումը իշխանության հետ

 Գուցե նաև դրա հե՞տ է կապված Վանեցյանի ընդհարումը իշխանության հետ

Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականներին ծնկի բերելու վերաբերյալ հայտարարությունը հենց այնպես  չի արվել։ Արմատները ավելի խորն են , քան երևի պատկերացնում եք։ Ասեմ, որ շատ մտածված ու հոգեբանական ազդեցությամբ հայտարարություն է։ Ինչու՞։ Շատերը կարող են մտածել՝ դե հո ինքը եկեղեցու դեմ չի պայքարում, առանձին հղփացած եկեղեցականների դեմ է պայքարում։ Ի դեպ իշխանական ֆեյքերը հենց այդ թեզն էլ  զարգացնում էին՝ վարչապետը պայքարում է առանձին եկեղեցականների հոռի բարքերի դեմ և ոչ թե եկեղեցու։ Շատ վտանգավոր է նման ձևով եկեղեցու դեմ պայքարելը։ Անառիկ ամրոց մտնելու համար պարտադիր չէ ամրոցի վրա գրոհել, չնայած դա էլ է արվել ու անհաջող փորձ էր, բավական է ընդամենը մի փոքրիկ դուռ, ճեղք բացել ու․․․ Ամրոցը հանձնվում է։

Անկախ աշխարհիկը հաղթահարելու դժվարությունների ու գայթակղությունների, մեր եկեղեցին ծառայում է իր նպատակին՝ ժողովրդի միասնականության ու համախմբվածության առումով։ Դա մեր ժողովրդին օդ ու ջրի պես անհրաժեշտ է, և կարծում եմ, խոհեմ մարդիկ դա գիտակցում են։ Եկեղեցականներին ծնկի բերելու, վախեցնելու  հարկ չկա, նրանք ծնկի են գալիս միայն Աստծո առաջ ու զորավոր են Նրանով։ Աստծուց զորություն ստացողն ամենազորեղն է,  հեշտ չէ նրան ընկրկել։

Եկեղեցու շուրջ բարձրացված աղմուկը, հենց զուտ աղմուկը կամ խոսակցությունը հայ ազգի միասնականությունը ջլատելու փորձ եմ համարում։ Պատերազմական այս վիճակում ամենազորեղ զենքը Եկեղեցին ու հավատն է և պետք է համախմբվել եկեղեցու շուրջ։ Հավատը սարեր կարող է շրջել, ժողովրդին մի զրկեք հավատից։ Կարծում եմ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի լուրջ ընդհարումը իշխանության հետ նաև այդ հարցի հետ կապված է եղել։ Hraparak. am –ի աղբյուրներին հայտնի դարձավ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը Արցախում է։ Այնտեղ է գտնվում Արցախի հոգևոր վերածննդի 30-ամյակի տոների առթիվ։ Դա էլ վկայում է, որ ԱԱԾ նախկին տնօրենը ազգային անվտանգության տեսանկյունից խիստ կարևորում է  հոգևոր միասնությունը, եկեղեցու կարևորությունը՝  իր ներկայությունն ապահովելով։