«Հրապարակ». Ինչո՞ւ են պասիվացել «Սասնա ծռերը»

«Հրապարակ». Ինչո՞ւ են պասիվացել «Սասնա ծռերը»

2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի ՊՊԾ գունդը գրաված եւ երեք ոստիկանի մահվան պատճառ դարձած «Սասնա ծռեր» խմբավորումը, որին այն ժամանակ որպես ահաբեկչական խմբավորում էր ներկայացրել ԱԱԾ-ն, այսօր իրեն հռչակել է Ազգային ժողովրդավարական բեւեռ եւ պայքարում է Ռուսաստանի, Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի դուրս եկած ընդդիմադիր ուժերի եւ մի քիչ էլ՝ օրվա իշխանությունների դեմ։ Բայց ավելի շատ՝ ընդդիմության ու Ռուսաստանի։ Այս տարվա մայիսի 28-ին, սակայն, «Սասնա ծռերի» դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ, եւ ժամանակավորապես ազատության մեջ գտնվող «ծռերը» ձերբակալվեցին ու բանտ տեղափոխվեցին, նրանց թվում՝ «Սասնա ծռերի» պարագլուխներից Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը, որը վաղուց խզել էր կապերը «Սասնա ծռերի» հետ եւ միայնակ էր գործում։

Մանուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի ու խմբի մյուս անդամների միջեւ հարաբերություններն այնքան էին լարվել, որ վերջերս անգամ Ազատության հրապարակում միջադեպ էր եղել՝ Մանուկյանն ամենավերջին հայհոյանքներն էր տեղացել իր նախկին ընկերների եւ հատկապես Ժիրայր Սեֆիլյանի հասցեին։ Այսօր Սեֆիլյանն ազատության մեջ է, իսկ Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանն ու մյուսները՝ բանտում։ Սակայն «Սասնա ծռերի», այժմ ԱԺԲ անդամ համարվողներն իրենց ահաբեկիչ կամ հանցագործ չեն համարում, այլ կարծում են, որ ապստամբություն են իրականացրել այն ժամանակվա իշխող ռեժիմի դեմ, ուստի իրենք ապստամբներ են։

Ինչեւէ, մինչ ընդդիմությունը վրան կխփեր ու փողոցային պայքարի կելներ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, Ազգային ժողովրդավարական բեւեռն էլ իր կողմից զուգահեռ ակցիաներ էր իրականացնում՝ պիկապներով փոքրաթիվ անձանցով շրջելով մայրաքաղաքի փողոցներով ու իրենց լոզունգները տարածելով՝ կոչ անելով, որ միանան իրենց։ ԱԺԲ-ականները, որ սնվում են Արեւմուտքից եւ ֆինանսավորվում ԱՄՆ-ից, թշնամաբար են տրամադրված ինչպես ներկայիս իրական ընդդիմության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության դեմ՝ պարբերաբար հանդես գալով նրանց մերժելու կոչերով։

Սակայն Վարուժան Ավետիսյանի ու մյուսների բանտարկությունից հետո կարծես լռել են, մասամբ անցել ընդհատակ, պասիվացել։ Այլեւս ցույցեր, երթեր, միտինգներ չեն անում, չնայած Ազատության հրապարակը մեկ ամսով բրոնյա էին արել՝ Երեւանի քաղաքապետարանից հանրահավաքներ անելու թույլտվություն ստանալով։ Ֆեյսբուքում էլ այլեւս այդքան ակտիվ չեն։ Միայն երբեմն-երբեմն հուսահատ կոչեր են հնչեցնում, թե ինչու մարդիկ չեն պաշտպանում իրենց։

Երեկ փորձեցինք ԱԺԲ-ից, մասնավորապես՝ Ժիրայր Սեֆիլյանից ճշտել, թե ինչու են պասիվացել, ինչու այլեւս միտինգներ չեն հրավիրում կամ երբ են պատրաստվում նորից փողոց դուրս գալ, ինչ-որ գործողությունների դիմել։ Սեֆիլյանը մեր զանգերին չպատասխանեց։ Իսկ ԱԺԲ մամուլի խոսնակ Հերմինե Մկրտչյանն ասաց, որ հարցերը գրավոր ուղարկենք՝ պարոն Սեֆիլյանը միայն գրավոր է պատասխանում, պետական որոշ գերատեսչությունների նման։ Երբ պնդեցինք, որ բանավոր զրույց ենք ուզում կա՛մ Սեֆիլյանից, կա՛մ գոնե իրենից, Հերմինե Մկրտչյանը «Սասնա ծռերին» հատուկ ագրեսիվ տոնով արձագանքեց․ «Գրավոր չեք ուզում՝ ի՞նչ ասեմ։ Ասենք՝ ես էլ եմ լրագրող, հիմա ուզում եք ինձ համոզե՞լ՝ որն է ճիշտ, որն է սխալ։ Ես էլ եթե պատասխանեմ, գրավոր եմ պատասխանելու»։

Նշենք, որ ԱԺԲ-ականների էջերում այս պահին հիմնականում հայ-ամերիկյան բարեկամություն ու Ռուսաստանի հետ թշնամություն քարոզող տեսանյութեր են, որոնցում իրենք՝ «ծռականները», իրար հետ զրույցներ են վարում, իրար հարց տալիս ու պատասխանում, թե ինչքան լավն է Ամերիկան, եւ որքան վատն է Ռուսաստանը։