«Գազելները» չեն աշխատում, տաքսիստների «բախտը» բացվել է
Վերջին երկու տարում սկսեցին անկանոն աշխատել Երեւան-Վանաձոր ուղեւորափոխադրումներն իրականացնող գազելները, որոնք Երեւանի Կիլիկիա ավտոկայանից վերցնում էին ուղեւորներին, հասցնում Վանաձորի ավտոկայան եւ հակառակ ուղղությամբ: Հարկ է նշել, որ այս ընթացքում Կիլիկիա ավտոկայանում ամեն ինչ կանոնավոր էր ու նորմալ կազմակերպված. ուղեւորը տոմսարկղից գնում էր տոմսը, նստում իր տոմսի վրա գրված տեղում եւ հանգիստ մեկնում: Այլ իրավիճակ էր Վանաձորի ավտոկայանում, որտեղ մարդիկ գալիս էին, նստում գազելի մեջ ու ժամերով սպասում, թե երբ կշարժվի մեքենան: Երբ երթուղու պատասխանատուին`«դիսպեչերին» հարցնում էին, թե երբ է շարժվելու մեքենան, հստակ պատասխան չկար. «Չեմ կարող ասել, տաքսիները կանգնած են, տաքսիներով գնացեք, եթե շտապ եք»: Ուղղակի ուղղորդում էին գազելների ուղեւորներին` դեպի տաքսիներ: Տպավորություն էր, թե մարդիկ ավելի շատ շահագրգռված են տաքսիների աշխատանքով, քան այն երթուղու, որի համար իրենք աշխատում են: Ուղեւորներն էլ ստիպված նստում էին տաքսիներն ու մեկնում: Թեեւ կա գնային տարբերություն, ուղեբեռի խնդիր. տաքսիներում ուղեբեռը հաճախ չի տեղավորվում:
Իսկ հիմա արդեն տեւական ժամանակ է երթուղին սպասարկող գազելներն այլեւս չեն աշխատում: Թե ինչու, հարցի պատասխանը փորձեցինք լսել Վանաձորի ավտոկայանից: Հարցն վերահասցեագրեցին դեպի Երեւանի Կիլիկիա ավտոկայան, այստեղից էլ` Հյուսիսային ավտոկայան: Վերջապես գլխավոր տնօրեն Կարեն Գրիգորյանը հարցին ի պատասխան ասաց. «Հայավտոկայան ՓԲԸ-ն մատուցում է ավտոկայանային ծառայություն: Ձեր հարցի հասցեատերը փոխադրող ընկերությունն է: Եթե չվերթները հավուր պատշաճի չեն իրականացվում, դա փոխադրող ընկերության բաթողումն է: Ամեն դեպքում, Ձեր ասածը շատ մտահոգիչ է` կապված Վանաձորի ավտոկայանի աշխատակիցների պահվածքի առումով: Ես անպայման կզբաղվեմ այդ հարցով, դրա ետեւից ես կգնամ: Այն տեղերում, որտեղ մենք անցում ենք կատարել միասնական օպերատորի սպասարկմանը, այնտեղ նման խնդիրներ չեն առաջանում: Առաջին հարցը, որ լուծվում է, տրանսպորտային միջոցների թարմացումն է, երկրորդ խնդիրը, որ լուծվում է` ամբողջ ՀՀ-ում միասնական օպերատորին անցնելու գործընթացն է: Մենք ունենք տեղեր, որտեղ հաջողվել է: Առաջիկայում էլ մրցույթներ են սպասվում: Լոռու մարզը եւս այդ ցանկում է: Վստահ եմ, որ անցնելու դեպքում հարցը կլուծվի»:
Ըստ «Հրապարակի» աղբյուրի, Երեւան-Վանաձոր ուղեւորափոխադրումն իրականացնող ընկերությունը`«Ոսկեթեւ Գլասուռն» է, որը դուրս է եկել պայմանագրային պարտավորություններից, գումար չի վճարել եւ գնացել է լուծարման: Այս ընկերությունը պարբերաբար հայտնվում է նման իրավիճակներում. 2 տարի առաջ էլ էր դադարեցրել աշխատանքը, թանկացրել ուղեվարձը, ինչը կարգավորվեց միայն ՏՄՊՊՀ-ի եւ Կապի ու Տրանսպորտի նախարարության միջամտությամբ: Եթե ընկերությունը չի իրականացնում իր պայմանագրային պարտավորությունները, ապա պետք է անցկացվի նոր մրցույթ եւ նոր ուղեւորափոխադրող ընկերություն ստանձնի ուղեւորափոխադրումը:
Իսկ այս ընթացքում, մինչ վերեւներում կգտնեն հարցի լուծումը, Վանաձորից Երեւան ուղեւորափոխադրող տաքսի ծառայությունների բախտը բերել է: Օրինակ, «Տասքի Ֆայտոն»-ը մեկ անձի փոխադրմելու արժեքը 1200 դրամից դարձրեց 1500 դրամ: Իսկ մեկ ուղեբեռի համար մարդը վճարում է մեկ անձի ուղեվարձ` 1500 դրամ: Դա պատճառաբանում են, թե մեքենայի բեռնախցիկում տեղ չկա, մեկ ուղեւորի տեղ պետք է պահեն եւ ուղեբեռը դնեն նրա նստատեղում: Սակայն, երբ տաքսին գալիս է, պարզվում է` բեռնախցիկում լավ էլ տեղ կա, որտեղ հանգիստ կարելի է ուղեբեռ դնել: Իսկ «Վանաձոր» տաքսի ծառայության գները առհասարակ «կայուն ծանր» են` 2000 դրամ, այն էլ` հնամաշ մեքենաներով:
Հատկապես ամռան օրերին, երբ ուղեւորահոսքը մեծանում է, կանոնավոր աշխատելու դեպքում պետական վերահսկողության տակ աշխատող ուղեւորափոխադրողը կարող էր եկամուտով աշխատել, ոչ թե անհատ «գրդոնչի» տաքսի ծառայությունների գործին նպաստել, որոնց աշխատանքի նկատմամբ ոչ մի վերահսկողություն չի իրականացվում:
Կարծիքներ