«Հրապարակ»․ Հեղափոխության գնացքը դուրս է եկել գծերից, մենք ենք հեղափոխությունն ավարտին հասցնելու

Հարցազրույց Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանի հետ։
-Ձեր տեսանյութը ֆուրոր է արել համացանցում, ֆայտոնի վրա դերասա՞ն, երգիչ, թե՞ քաղաքական գործիչ Արտյոմ Թումանյանն էր խրոխտ կագնած շրջում։
-Այո, դա գյումրիական էր, դրա համար էլ այդպես արձագանքեցին։
-Ռոմանտիկ, պաթետիկ․․․
-Միգուցե․․․ Ես հիսուն տարի է ապրում եմ Գյումրի քաղաքում, ես գյումրեցի եմ՝ հոգով–սրտով, մարմնով եւ մտքով։ Մենք մեր սրտի թելադրանքով որոշեցինք առաջնորդվել եւ մեր մեկնարկն այդպես ազդարարել։
-Այնպիսի մի բան էիք ուզում անել, որ ուշադրություն հրավիրեի՞ք ձեր վրա, բոլորը ձեր մասին իմանայի՞ն։
-Ոչ, եթե դուք չեք մոռացել, ինձ երկրորդ անուն ունեմ, ինձ ասում են Գյումրեցի, ովքեր Գյումրիից դուրս են գտնվում, հանրապետությունից դուրս՝ սփյուռքում բոլորը ինձ ճանաչում են գյումրեցի։
-Դե, բոլոր գյումրեցիներին էլ գյումրեցի են որպես ճանաչում։
–Չէ, ինձ՝ որպես գյումրեցի Արտյոմ Թումանյան։
-Դուք այս իշխանությունների մոլի աջակիցներից եք, մինչեւ այս պահը թաքցնում եք, թե որ ուժի ցուցակով եք առաջադրվելու։
-Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության հետ միասին ենք մասնակցում։
-Ասում են՝ ձեզ նաեւ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն են աջակցում։
-Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում, մեր հետեւին, մեր մեջքին ոչ մի ուժ չկա կանգնած, բացի ժողովրդից։ Եւ ասեմ, որ միակ թեկնածուն եմ, որ չի պատկանում այս կամ այն քաղաքական ուժին։ Մեր տերը մեր ժողովուրդն է ու Աստված։
-Մինչեւ Գյումրու փրայմըրիզը ՔՊ–ի մոլի աջակիցն էիք, բայց ձեզ մերժեցին․․․
- Ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ առաջիկա ասուլիսում։
-Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որ թեկնածու դառնաք փրայմըրիզին, հիմա ասում եք, թե՝ ոչ մի ուժինը չեք։
-Ես երդվում եմ իմ արժանապատվությամբ, որ գյումրեցու տված ոչ մի քվե, ոչ մի մանդատ չի տրվելու այս կամ այն քաղաքական ուժին կամ գործչին, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, մեր հաղթանակը, ժողովրդի հաղթանակը շատ մոտ է։
-Իսկ եթե բացարձակ հաղթանակ չտանեք, կմիանա՞ք ՔՊ–ին։
- Ոչ մեկին, եթե ես ասում եմ՝ ոչ մեկին, ապա ՔՊ-ին էլ է վերաբերում։
- Իշխանության մոլի աջակցից մի օրում ընդդիմադիր դառնո՞ւմ են։
-Այդ մասին մանրակրկիտ կխոսեմ, դա մեկ բառով պատմելով չէ։ Ես ժողովրդական, հեղափոխական մարդ եմ, իմ համար չկան արտոնյալ գործիչներ, ազգի 90 տոկոսի նման եղել եմ հեղափոխական, այսօր էլ մնում եմ, ոչ քոչարյանական եմ, ոչ սերժական։
- Նիկոլ Փաշինյանն էլ է հեղափոխական։
-Հեղափոխությունը՝ մի փուլում գնացքը դուրս եկավ գծերից, մենք մնացինք այն տեղում, որտեղ եղել ենք, հիմա էլ շարունակելու ենք հեղափոխությունը ավարտին հասցնել։
-Ըստ իրավապաշտպաններից մեկի՝ լուսահոգի Արմեն Գրիգորյանի դեմ «տռավլյան»՝ նրա դեմ քրգործի հարուցումը կազմակերպած անձն եք, որին հետո ձերբակալեցին, ապա մահացավ դատարանի դահլիճում։
-Ով գյումրեցուն կհամարի թուրք կամ թշնամի կամ թուրքից սերված միանշանակ պատասխանը ստացել եւ ստանալու է։
-Ձեր կենսագրության այդ «էջը» չի՞ խանգարի, որ քվե ստանաք, ի վերջո, ձեր գործողություններով աջակցել եք, կազմակերպել մարդու մահը։
-Մեր գործողության հետեւանքով չէ, նա վիրավորել է շիրակցիներին՝ անվանելով թուրքի ծնունդներ, թուրքի վիժվածքներ, ես էլ պատասխանը տվել եմ, ժողովուդն էլ իմ հետ։ Անձի դեմ ոչինչ չունեմ։
Կարծիքներ