Երկուշաբթի օրվանից ԱԺ-ում սնունդ կմատուցի նոր ընկերություն, որը չի անցել մրցույթով

Երկուշաբթի օրվանից ԱԺ-ում սնունդ կմատուցի նոր ընկերություն, որը չի անցել մրցույթով

Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 12-ին, տեղի կունենա Ազգային ժողովի նոր ճաշարանի բացումը։ ԱԺ բուֆետը մի քանի ամիս է՝ վերանորոգում էին, թարմացնում էին կահ-կարասին, և երեկ վերջին շտրիխներն էին անում, որ դիմավորեն ճաշարանն աշխատեցնող նոր ընկերությանը։ Մենք պարզեցինք, որ երկուշաբթի օրվանից խորհրդարանի «բնակիչներին» սնունդ կմատուցի «Բլիզարդ քեյթրինգ» ընկերությունը, որն ընտրվել է առանց մրցույթի։ ԱԺ աշխատակազմից հաստատեցին մեր լուրը, որ հենց այդ ընկերությունն է գալու ԱԺ, և որ երկուշաբթի բացումն է լինելու, բայց մանրամասներ չհայտնեցին՝ գրավոր հարցում ուզեցին։


Մենք տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմը տվյալ ընկերության հետ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել, այն էլ՝ ժամանակավոր, մինչև մրցույթ կհայտարարվի և հաղթող կորոշվի։ Մրցույթ հայտարարողն էլ Պետգույքի կառավարման կոմիտեն է, որը, մեր տեղեկություններով, շատ խոշոր՝ մոտ 3 մլն դրամի չափով վարձակալության գումար է սահմանել, ու հիմա ոչ մի ընկերություն չի ցանկանում գալ և այդքան գումար վճարելով՝ վարձակալել ԱԺ բուֆետն ու աշխատեցնել։ Մրցույթն էլ կանցկացվի հավանաբար եկող տարի, ու, ամենայն հավանականությամբ, մասնակից կամ հաղթող չի լինի, ու ավտոմատ «Բլիզարդ քեյթրինգը» կմնա ԱԺ-ում։ ԱԺ աշխատակազմից ասում են՝ «Բլիզարդ քեյթրինգ» ընկերությանը խնդրել-համոզելով են բերել, որ ԱԺ-ն առանց ճաշարան չմնա։ Թեև խոսակցություններ կային, որ այդ ընկերությունը ԱԺ աշխատակազմի ղեկավարի ու նրա տեղակալի մտերիմին է պատկանում, որին «համոզել են» գալ ու իրենց սոված չթողնել։ Ի դեպ, այս տարիներին ԱԺ աշխատակազմն առանձին միջոցառումների մակարդակով մի քանի անգամ օգտվել է այս ընկերության ծառայություններից ու գոհ է մնացել։

Իսկ արդեն նախկին բուֆետն աշխատեցնող «Ազգային սնունդ» ընկերությունը, որը ութ տարի է՝ խորհրդարանի սնունդն էր ապահովում, երկուշաբթի օրվանից դուրս կգա Ազգային ժողովից։ Այս ընկերության հետ դեռևս 2018 թվականին՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարության կողմից հինգ տարով ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր էր կնքվել, ու «Ազգային սնունդը» առանց որևէ գումար վճարելու՝ սննդի մատուցման ծառայություն էր մատուցում խորհրդարանին։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հուլիսին, բայց ԱԺ ղեկավարությունը որոշել է ժամանակից շուտ ազատվել նաև ճաշարանային «նախկիններից»։ Թեև ասացին՝ հին բուֆետի աշխատակիցները միառժամանակ դեռ կմնան ու կաշխատեն նոր բուֆետում, ավելի ճիշտ՝ նրանք, որոնք ցանկությոն ունեն աշխատել նաև նոր ղեկավարության հետ։ Որոշները ընկերության ղեկավարի հետ հեռանալու են՝ չցանկանալով նոր տերերի հետ աշխատել ու համարելով դա սկզբունքային որոշում։