Քաղաքացուն ոստիկանների ուղեկցած հիվանդանոցում սալջարդ են ախտորոշել, մեկ այլ հիվանդանոցում` կոտրվածք. Ռուբեն Մելիքյան

Քաղաքացուն ոստիկանների ուղեկցած հիվանդանոցում սալջարդ են ախտորոշել, մեկ այլ հիվանդանոցում` կոտրվածք. Ռուբեն Մելիքյան

«Մայիսի 17-ին ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս վնասվածք ստացած քաղաքացուն առաջին համալսարանական հիվանդանոցում սալջարդ են ախտորոշել, իսկ հաջորդ օրը մեկ այլ հիվանդանոցում կոտրվածք են ախտորոշել»։ 

Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մայիսի 17-ին քաղաքացիներից մեկը` արցախյան պատերազմի հաշմանդամ, ոստիկանության ծառայողների մեկի կողմից Տերյան փողոցում անհամաչափ ուժ կիրառելիս մայթից բերման ենթարկվելիս արմունկի վնասվածք էր ստացել, մենք գնացել էինք, հանցագործության մասին հաղորդում էինք տվել: Դրանից առաջ ոստիկանությունը ապահովել էր քաղաքացու տեղափոխումը առաջին համալսարանական հիվանդանոց, այնտեղ ռենտգեն էին արել, ասել էին` ամեն ինչ նորմալ է, թեթեւ սալջարդ է, սառը դրեք, կանցնի: 2 օր անց պարզվում է, որ քաղաքացին խայտառակ ցավեր է ունեցել, ձեռքը ուռել է, հաջորդ առավոտյան մեկ այլ  բուժհաստատություն է դիմում, ռենտգեն են անում, պարզվում է կոտրվածք է: Այսօր խոսում եմ քաղաքացու հետ, ասում է, որ գիտես` այնտեղ ես լսեցի, որ ասում էին ցուցարար է: Հիմա հարց առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավարությանը` դուք արդյոք տարբերակում եք դնում բողոքի մասնակիցների եւ այլ քաղաքացիների միջեւ, եթե տարբերակում չեք դնում, ինչով կարող եք բացատրել սա»,-ասաց նա` կոչ անելով հիվանդանոցի ղեկավարությանը պարզել միջադեպը:

Նշենք, որ իրավապաշտպանի հայտարարությանը արձագանքել են առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավարությունից` նշելով, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո արված ռենտգեն հետազոտության արդյունքում քաղաքացու մոտ կոտրվածք չի եղել:

«Ի պատասխան իրավապաշտպանի լայվի... Եվ այսպես, վստահ եմ, որ կասկածի նշույլ անգամ որևէ մեկի մոտ չկա, որ շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունը՝ ողջ ծավալով: Հնչեցրած մեղադրանքին ի պատասխան.
⦁ քաղաքացուն, ի թիվս այլ հետազոտությունների արվել է նաև ռենտգեն հետազոտություն՝ երկու տարբեր դիրքերով,
⦁ համաձայն հետազոտության պատկերի,հիվանդանոց դիմելու պահին, կոտրվածք առկա չէ,
⦁ քաղաքացին, իր համաձայնությամբ և ստորագրությամբ, դուրս է գրվել բուժհաստատությունից՝ բժշկի ցուցումներին ծանոթնալուց հետո (տնային ռեժիմ, արմունկի ֆիքսված դիրք... )
⦁ քաղաքացու համաձայնությամբ, հնարավոր է ռենտգեն հետազոտության պատկերը և եզրակացությունը տրամադրվի նաև այլ մասնագետի:
Կասկածի տակ չդնելով, քաղաքացու խոսքերը, այնուամենայնիվ պնդում եմ, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում արված ռենտգեն հետազոտության պատկերում հստակ է՝ ակնհայտ կոտրվածք առկա չէ:

Հավելեմ, նաև, որ լսելով իրավապաշտպանի մեղադրանքը,հիվանդանոցի բուժանձնակազմը կրկին ցուցաբերեց մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ և դիմեց Հայաստանի առաջատար մասնագետներին՝ վնասվածքաբաններին և ռենտգենոլոգներին, կարծիքի և կրկին հաստատվեց, թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ռենտգեն հետազոտության եզրակացությունը՝ հետազոտություն արված պահին ակնհայտ կոտրված առկա չէ:
Այնուամենայնիվ, պատրաստակամ ենք նաև թե իրավապաշտպաններին և թե այլ մասնագետներին ևս տրամադրել քաղաքացու հիվանդության պատմագիրը, եթե իհարկե լինի քաղաքացու համաձայնությունը:

Ինչ վերաբերվում է, մեղադրանքին, որ տուժածին չի ցուցաբերվել համապատասխան բուժօգնության, ապա ասեմ կարճ՝ հուսով եմ, որ մարդկային ազնվությունը կհաղթի ստին:
Խնդրում եմ ու հորդորում եմ, գնահատել գիշեր ու ցերեկ ծանրաբեռնվածությամբ աշխատող սպիտակ խալաթ հանգող յուրաքանչյուր անձի ու երբեք չփորձել ստվերել նրանց անձնուրած ու գնահատելի ծառայությունը:
Հ.Գ. Հրապարակում եմ միայն մասնագետի եզրակացությունը, որտեղ անձնական տվյալներ առկա չեն, տուժածի բժշկական պատմագիրը չեմ հրապարակում, քանի որ չունեմ քաղաքացու համաձայնությունը:
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն»։