Դեժավյու

Դեժավյու

Հերթական նոր նախաձեռնությունն է ծնվել` «Զանգ» անունով, եւ ես դեժավյուի զգացողություն ունեմ: Հատկապես 2000-ականներին բազմաթիվ հար եւ նման նախաձեռնություններ էին ծնվում ու անհետանում. «Ես եմ տերը մեր երկրի», «Սկսել ա», «Չեմ լռելու», «Էլեկտրիկ Երեւան», «Դեմ եմ», «Ոչ տրանսպորտի թանկացմանը», «Մերժիր Սերժին»: Այնքան շատ էին, որ շատերի մասին մոռացել ենք: Բայց հենց այդ շարժումները հասունացրին 2018-ի հեղափոխությունը եւ հանրային բողոքի ու դժգոհության ալիք գեներացրին 2000-ականներին: Հիմա, թվում է, թե բողոքի ու դժգոհության ավելի շատ պատճառներ կան, բայց բողոք չկա, բողոքողներ չկան:

Ժամանակին դժգոհում էինք տրանսպորտի գինը 50 դրամով բարձրացնելու, Մաշտոցի պուրակում մի քանի կրպակ դնելու դեմ եւ ճիշտ էինք անում, հիմա չենք բողոքում անգամ հայրենիք կորցնելու, զոհեր ու անդառնալի կորուստներ ունենալու իրողությունից: Ավելին` ամեն նոր ծնվող շարժումն ու պայքարող մարդիկ թիրախավորվում են, ծաղրի ենթարկվում, մերժվում հանրային տարբեր շրջանակների կողմից:

«Համախմբում», «Միասին», 5165, Դիմադրության եւ Հայրենիքի փրկության շարժումներ, իսկ այսօր` «Զանգ» նախաձեռնություն. ոչ մեկի նկատմամբ մենք ներողամիտ ու հանդուրժող չենք եղել, բոլորին տարբեր պիտակներ ենք կպցրել ու արագ վարկաբեկել: Եվ դա արել է ոչ միայն իշխանությունը` կերակրատաշտին մոտ կանգնածների բազմության հետ, այլեւ նույն ընդդիմադիրները, հանրային դժգոհ շրջանակները, մտավորականները` բոլորը: Համընդհանուր մթնոլորտն այնպիսին է, որ նոր ստեղծվող միավորին ոչ թե աջակցում են, օգնում, որ կայանա, այլ սաղմի մեջ խեղդում են` արմատախիլ անում, որ հանկարծ ծիլ չտա: Եվ դա անում են նրանք, ովքեր իրենք ոչնչի ունակ չեն եւ ոչինչ անելու ցանկություն էլ չունեն: