«Հրապարակ». Դեռ 20-ին ՀՀ ԱԳՆ-ում կային այդ տրամադրությունները՝ որ եթե դուք մեզ չօգնեք, մենք կգնանք դեպի Արեվմուտք
Օրեր առաջ շրջանառվող տեղեկությունը, թե Հայաստանը դիմել է Միացյալ Նահանգների Միջուկային համաձայնագրին միանալու համար, կարծես իրական է։ Պետդեպարտամենտի խոսնակը ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան ասել էր, որ ուսումնասիրում են Հայաստանի դիմումը, եւ եթե այն հաստատվի, ապա մեր երկիրը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։ Եթե Հայաստանը միանա 123-րդ համաձայնագրին, ապա կարող է ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան կառուցել, իսկ Մեծամորի ատոմակայանը՝ փակել։ Պետդեպարտամենտը նման գործարքներ ունի 48 երկրների հետ։ Նոր ատոմակայան կառուցելու հարցը քննարկվում է վաղուցվանից, իշխանությունը հայտարարել էր, որ նման առաջարկներ ստացվել են ե՛ւ Ռուսաստանից, ե՛ւ ԱՄՆ-ից, անգամ Կորեան է նման առաջարկ արել: Թեմայի շուրջ հարցեր ուղղեցինք քաղաքագետ, ՄԳԻՄՈ-ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի նախկին ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովին:
- Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Միջուկային համաձայնագրին Հայաստանի միանալը։ Հնարավո՞ր է, որ արդյունքում մնանք ե՛ւ առանց ամերիկյան տեխնոլոգիաների, ե՛ւ առանց ատոմակայանի։
- Հիմա յուրօրինակ արտաքին քաղաքական խաղ է գնում։ Փաշինյանի կառավարությունն ամեն կերպ փորձում է խայթել Ռուսաստանին` պրոադրբեջանական դիրքորոշման համար։ Սա ինչ-որ տեղ կարելի է հասկանալ։ Արեւմտյան կողմնորոշումը, ԵԽ մտնելու հայտը, ավելի ճիշտ` մտորումներն այդ հայտի շուրջ, ամերիկացիների հետ համատեղ զորավարժությունները, ի վերջո՝ ամերիկյան ատոմային տեխնոլոգիաների հայտը՝ այս ամենը պետք է դիտարկել որպես փորձ՝ ցույց տալու Ռուսաստանին, որ նրա կառավարությունը սխալ կուրս է ընտրել, որ իզուր է հրաժարվել Հայաստանից, Հայաստանին օգնելուց, եւ որ Հայաստանը կգնա դեպի Արեւմուտք, եւ Ռուսաստանը պետք է փոխի իր քաղաքականությունը։ Կարծում եմ՝ Փաշինյանի խաղը հենց այս նպատակն ունի, որովհետեւ հասկանալի է, որ ամերիկացիների հետ կապվելը թանկ է նստելու հենց Հայաստանի վրա։ Նրանք կսկսեն պայմաններ առաջադրել, այդ թվում` գործող ատոմակայանի փակումը, իսկ ինչ կստանաք նրանցից՝ անհասկանալի է։ Եվ հետո` այնտեղ շուտով նոր նախագահ է լինելու, որն ընդհանրապես կարող է ասել, որ ինքը կապ չունի այս ամենի հետ։ Բավական է որպես օրինակ դիտարկել Իրանի ատոմակայանի փորձը։ Ամերիկացիները թուրքերի հետ էլ են իրենց այդպես պահում, նաեւ՝ Պակիստանի․ ինչ-որ բան նրանց դուր չեկավ, եւ միանգամից խզեցին կործանիչների մատակարարման պայմանագրերը։ Եթե լրջորեն մտածենք, կհասկանանք, որ Հայաստանի հայտը, իհարկե, ոչինչ չի տա Հայաստանին, բացի պրոբլեմներից։ Բայց քանի դեռ քաղաքական խաղ է գնում, եւ ամերիկացիները խաղում են Փաշինյանի կողմից, նրանց համար կարեւոր է ցույց տալ, որ Ռուսաստանը կորցնում է ազդեցությունը, թուլանում է։ Մենք էլ մեր կողմից ցույց ենք տալիս, որ մենք գրոհում ենք, որ մեզ աջակցում է ամբողջ աշխարհը, որ Արեւմուտքը մեկուսացման մեջ է հայտնվել, իրենք էլ՝ հակառակը․ փորձում են ցուցադրել, թե Ռուսաստանը կորցնում է դաշնակիցներին, որ գրոհ չկա, որ մենք կորցնում ենք Կուրսկի մարզը, որն իբր գրավել են։
- Դուք ասում եք, որ Փաշինյանի կողմից սա խաղ է՝ ցույց տալու Ռուսաստանին, թե ինչպես է նա սխալվել՝ աջակցելով Ադրբեջանին։ Այսինքն, ստացվում է՝ Փաշինյանն իրականում չունի՞ ակնկալիք ամերիկացիներից եւ լուրջ չի՞ վերաբերվում նրանցից միջուկային տեխնոլոգիաներ ստանալու հնարավորությանը, որ սա ուղղակի շոո՞ւ է ռուսական կողմի համար։
- Սա շոու չէ, սա քաղաքականություն է։ Այդպիսին է Փաշինյանի արտաքին քաղաքական ուղղությունը։ Ես դա նկատել եմ դեռ 20 թվականին, երբ ղարաբաղյան երկրորդ պատերազմը նոր էր սկսվել։ Այն ժամանակ արդեն Հայաստանի ԱԳՆ-ում կային այդ տրամադրությունները՝ որ եթե դուք մեզ չօգնեք, մենք կգնանք դեպի Արեւմուտք, եւ հիմա սա ամեն կերպ ցուցադրվում է։ Ես չգիտեմ, թե որքանով սա արդյունավետ կլինի։ Իրականում Ռուսաստանն այսօր այն վիճակում չէ, որ անգամ օբյեկտիվորեն, ցանկության դեպքում կարողանա էապես օգնել Հայաստանին։ Չնայած ես համարում եմ, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության քննադատություն Ռուսաստանում պետք է հնչի։ Այդ քննադատությունը Ռուսաստանին՝ մեզ, ոչինչ չարժե, բայց որպես սկզբունքային դիրքորոշում՝ այն կգնահատվի հայաստանյան հանրության կողմից։ Իսկ Ադրբեջանի հետ սիլի-բիլիի քաղաքականությունը եւ մշտապես հնչող քննադատությունը Հայաստանի հասցեին Հայաստանում միայն դժգոհություն են առաջացնելու։ Եվ ինչի՞ է սրանով ուզում հասնել մեր կառավարությունը, հասկանալի չէ։ Ի վերջո, սա բերելու է նրան, որ Հայաստանն ամբողջությամբ կհայտնվի Արեւմուտքի գրկում, եւ Արեւմուտքը Հայաստանի հետ կանի այն, ինչ ցանկանա, ինչպես անում է Ուկրաինայի հետ։ Մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում է հայտնվել Ուկրաինան` իր իշխանությունների քաղաքականության հետեւանքով։ Նույնը լինելու է Հայաստանի հետ։ Իսկ Ռուսաստանը տանուլ կտա իր ազդեցությունն Անդրկովկասում, եթե շարունակի մտածել միայն Փաշինյանին վնասելու մասին։
- Մեր էներգահամակարգը՝ ատոմակայանի մատակարարումը, էլեկտրական ցանցերը, ռուսական ձեռնարկությունների ձեռքում են։ Հասկանալի է, որ Ռուսաստանը նյարդային է արձագանքելու ԱՄՆ տեխնոլոգիաներ ստանալու մեր ձգտմանը, ինչն արեց, օրինակ, հայտարարելով, որ հայկական կոնյակը վտանգավոր է առողջությանը։
- Հայկական կոնյակի հետ կապված պատմությունը մաքուր քարոզչական քայլ էր։ Դեռ 90-ականներից գիտենք, որ հայկական կոնյակը՝ Երեւանի գործարանի արտադրանքը, շատ լավն է։ Այն Ռուսաստան է մատակարարվում խիստ սահմանափակ չափաբաժիններով, չի վաճառվում խանութներում, գալիս է զուտ բացառիկ պատվերներով։ Իսկ այն, ինչ վաճառվում է խանութում, ֆալսիֆիկատ է, որը հիմնականում սարքում են Ռուսաստանում։ Այնպես որ, եթե սահմանափակումներ մտցվեն, դրանցից տուժելու են միայն ժուլիկները, ովքեր կեղծում են ձեր կոնյակը, ես չեմ կարծում, որ հայկական կոնյակի գործարանը տուժելու է։ Ես այստեղ խնդիր չեմ տեսնում։ Սա փորձ է՝ վախեցնել հայերին գոյություն չունեցող բաներով։
Կարծիքներ