Սարգսյանին վերջին հրաժեշտ են տվել Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը

Սարգսյանին վերջին հրաժեշտ են տվել Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը

Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը հրաժեշտ են տվել Դոնեցկի «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանին, որը մահացել է «Ալ առագաստներ» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել։ 

Պայթյունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ 1 մարդ մահացել է, 4-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, նրանց թվում է ԴԺՀ-ում կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ նա մահացել է հիվանդանոցում։

Քրեական գործը քննվում է համընդհանուր վտանգավոր եղանակով սպանության, երկու և ավելի անձանց սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:

Շրջանառվող վարկածների մեկի համաձայն՝ հայ գործչին սպանել է մահապարտ-ահաբեկիչը, ով ազգությամբ հայ է:

Միաժամանակ, Վլադիմիր Զելենսկին օրերս խոստովանեց, որ երկրի անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացրել և վնասազերծել Ուկրաինայի համար ոչ ցանկալի անձի՝ չմանրամասնելով,  խոսքը Սարգսյանի մասի՞ն է, թե՞ ոչ: