Ինչից էր ծագել «Իմ Քայլի» պատգամավորների «ռազբորկան»

Ինչից էր ծագել «Իմ Քայլի» պատգամավորների «ռազբորկան»

Այսօր ազգային քառօրյան մեկնարկեց մեծ «ռազբորկայով», սկզբում հաշիվներ էին պարզում իշխանություն-ԲՀԿ պատգամավորները, քիչ անց քվեարկությունը կռիվ քցեց նաեւ «Իմ քայլի» տունը, պատգամավորները ըստ ականատեսների խորհրդարանի միջանցքում ազատություն են տվել նույնիսկ ձեռքերին, քաշքշել ու հրմշտել իրար։ 

Ամեն ինչ սկսվեց Գեւորգ Պետրոսյանի չարաբաստիկ նախագծից։ Ընտանեկան օրենսգրքում Պետրոսյանն առաջարկում էր փոփոխություններ անել, որպեսզի օրենքով արգելվեն նույնասեռականների ամուսնությունը եւ երեխա որդեգրելը։ Նիստի սկզբում նախագիծն օրակարգ ընդունելու հարցն էր դրված, եւ անհրաժեշտ էր քվեարկություն։ Մինչ այդ բուռն քննարկում ծավալվեց, իմքայլականներն ու ԲՀԿ-ականները փոխադարձ մեղադրանքներով հանդես եկան, հիշեցին մեկմեկու անցյալը։

Պետրոսյանը ելույթ ունեցավ ու հորդորեց պահպանել ազգային արժեքները եւ ընդունել առաջարկված փոփոխությունները։ «Մենք նահապետական ժողովուրդ ենք, ամենաավանդապաշտ ազգն ենք: Ի՞նչ է նշանակում՝ երկու համասեռամոլ երեխա որդեգրեն, էդ երեխան ի՞նչ է մեծանալու: Որ էսպես խոսում եմ, ասում եք՝ մուննաթով ես խոսում, բա ո՞նց խոսամ, ծա՞փ տամ էս թեմայով, ո՞վ ինձ կհասկանա, թող նախագիծը վերցնի, մեկ ուրիշը ներկայացնի: Լավ, ամուսնությանը կողմ եղաք, գոնե սրան դեմ եղեք: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երեւույթ տեսնել»,- ասաց Պետրոսյանը:
Հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ «Ի՞նչ ես խոսում, էս ի՞նչ ես խոսում»,- պոռթկաց նա։ «Ինչ ես խոսում չէ` ինչ եք խոսում»,- Միրզոյանին ուղղեց Պետրոսյանը։ «Պարո´ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է՝ դուք կուզանա՞ք ձեր ընտանիքում... էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա, սրա․․․»,- խոսքը կիսատ թողեց ԱԺ նախագահն ու ԱԺ քարտուղարությանը հորդորեց իրեն տրամադրել կանոնակարգ-օրենքի այն դրույթը, որով կարող է զրկել ձայնի իրավունքից։ Միրզոյանը փրփրեց, թե այս ձեւն արդեն չափ ու սահման չունի։ «Այս հարցը պետք է կարգավորվի, սենց չի կարող մնալ»,- ասաց նա եւ տեղում «լուծեց» Պետրոսյանի հարցերը՝ անջատելով խոսափողը։

Հետո սկսվեցին փոխադարձ վիրավորանքները, ու անգամ սպառնալիքներ հնչեցին։ Ալեն Սիմոնյանը նախ նկատեց, որ հայության հետ կապ չունեցող եւ միաժամանակ թուրքական եւ վատ մշակույթ ունենալով ներսում՝ շատերը փորձում են «Իմ քայլի» այն մարդկանց, որոնք դրսում են սովորել եւ վերադարձել ՀՀ-ն հզորացնելու, սարքել սատանայապաշտ, այլասերված, ապա ԲՀԿ-ին վախեցրեց իր անցյալի մասին ակնարկներով։ «Նպատակը քաղաքական է: Թող բոլորը հիշեն՝ ՀՀ իշխանությունը եւ «Իմ քայլը» խմբակցությունն ամենահայկական, ամենաավանդապաշտ եւ միաժամանակ ամենաաշխարհիկ, ամենա-ամենա իշխանությունն է: Հռոմի պապից կաթոլիկ լինել մի փորձեք, այլապես պատմությունը հետ կթերթենք եւ ցույց կտանք, թե ով որտեղ ինչպես է քվեարկել եւ ինչ է արել: ՀՀ քաղաքացին արդեն գիտի դա»,- ասաց նա։ «Տպավորություն է, որ այս ամբիոնից արդեն սպառնալիքներ են հնչում, որ եթե այսպես չլինի, ուրեմն այնպես կլինի, ուրեմն սա կանենք, նա կանենք… կոռեկտ չէ»,- ԱԺ փոխխոսնակին պատասխանեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «ԲՀԿ-ին քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այս դահլիճում որեւէ մեկը չի վաստակել: Հանկարծ չմտածեք, թե մեր հիշողությունը ձեր հիշողությունից փոքր է»,- հայտարարեց Զոհրաբյանը, ապա խոսակցությունը տարավ «ճշտի» ու «տղամարդկայինի» դաշտ, կասկածի տակ դրեց ոմանց տղամարդկությունը․ «Այս տգեղ խոսակցությունը հարիր չէ այս խորհրդարանին: Ի՞նչ է պատահել: Գեւորգ Պետրոսյանը կարծիք է հայտնել: Տղամարդ պատգամավորն այս պահին դահլիճում չէ, իսկ մյուս տղամարդ պատգամավորները քննարկում են նրան: Սա ճի՞շտ է: Եթե համաձայն չեք կարծիքի հետ, դա չի նշանակում, որ այդ կարծիքը գոյություն ունենալու իրավունք չունի: Սպառնալիքներ հնչեցնելը մանկամտություն է»: Ի վերջո, հայտարարվեց քվեարկություն, խորհրդարանը մերժեց նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը, բայց ոմանց քվեարկությունը դուր չեկավ։ Ու սկսվեց ավելի մեծ «բոլոլա», քան ընդդիմություն-իշխանություն ճակատում էր բռնկվել։ Քվեարկությունից հետո իմքայլական տղամարդիկ միանգամից լքեցին նիստերի դահլիճը, հետո ականատեսները մեզ պատմեցին, որ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի ու Վարդան Աթաբեկյանի միջեւ խոսակցությունն ավարտվել է քաշքշուկով։ Պատմեցին, որ բանը կարող էր հասնել ձեռնամարտի, եթե կողմերին «չբաժանեին» մյուս պատգամավորները։

Հետո պարզեցինք, թե որն է միջադեպի պատճառը։ Բանն այն է, որ իշխանական 5 պատգամավոր՝ ավանդապաշտները, ձեռնպահ են քվեարկել չարաբաստիկ նախագծին․ նրանք են՝ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Արտաշես Պետրոսյանը, Տիգրան Կարապետյանը եւ Արտակ Մանուկյանը։ Մի քանիսն էլ պարզապես չէին քվեարկել՝ Սասուն Միքայելյան, Սոֆյա Հովսեփյան, Կարեն Համբարձումյան, Սերգեյ Ատոմյան եւ այլք։ Քվեարկությունից հետո լուսատախտակի գույներից Սիմիդյանն առաջինը հաշվել էր, որ Աթաբեկյանը ձեռնպահների մեջ է, եւ թեքվելով՝ տհաճ արտահայտություններ էր արել։ Աթաբեկյանն էլ նրան դուրս էր հրավիրել՝ հաշիվ մաքրելու։ Կողմերը հետո հաստատեցին միջադեպի փաստը, ասացին միայն, որ քաշքշոց չի եղել, բայց չխոսեցին պատճառների մասին՝ վստահեցնելով, որ լավ ընկերներ են եղել եւ կմնան՝ ամեն ինչ անցել է։ Մինչ լրագրողներս փորձում էինք պարզել, թե ինչ է տեղի ունեցել, դահլիճը լքեցին նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Գեւորգ Պետրոսյանն այլեւս չվերադարձավ դահլիճ, ավելի ուշ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ամբողջովին կիսում են Պետրոսյանի տեսակետները։