Ես հիմա էլ եմ առաջնագծում. Գորիսի համայնքապետ

Ես հիմա էլ եմ առաջնագծում. Գորիսի համայնքապետ

«Հրապարակի» տեղեկություններով՝ կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից և հրադադարի հաստատումից հետո ՀՀ զինված ուժերը սկսել են ավելի ամրացնել Սյունիքի մարզի պաշտպանությունը։

Ինչպես արդեն հայտնի է, ԼՂՀ-ի տարածքների մեծ մասն արդեն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ թվում՝ տարածքներ, որոնք եղել են նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ. այս իրողությունը ևս մեկ անգամ եկավ հաստատելու գործող իշխանությունների ապիկարությունը։ Բացի այդ, իշխանությունները ոչ մի էական քայլ չեն կարողացել կատարել հայ ռազմագերիների վերադարձի հարցով, ուստի հարազատները ստիպված դիմել են  Հայաստանում ՌԴ դեսպանատանը, միջազգային կառույցներին։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտնել էր, որ հայ գերիների վերադարձի հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ադրբեջանին անցնող տարածքների հետ կապված բավականին անորոշ իրավիճակ է ստեղծվել, իսկ անորոշությունները որոշելիս Հայաստանի իշխանությունների որևէ ներկայացուցիչ որևէ էական բան չի կարողանում անել։ 

Կապիտուլյացիայի փաստաթղթի համաձայն՝ ի թիվս այլ կետերի, նշվում է, որ Մեղրիով պետք է անցնի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանին միացնող ճանապարհ։ 

Սյունիքում իրավիճակի հետ կապված «Հրապարակը» կապ հաստատեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ։ Նա ասաց, որ դեռեւս առաջնագծում է։ Հետաքրքրվեցինք Սյունիքի պաշտպանության ավելի ուժեղացումից։ 

«Ես հիմա էլ եմ առաջնագծում։ Մեր քաղաքի առաջնագիծն է, հերթափոխ է եղել, 4 օր առաջ ենք կրկին սահման վերադարձել»,- նշեց Գորիսի համայնքապետը։ Վերջինս սահմանային իրավիճակը կայուն գնահատեց, սակայն դեռևս ուշադրության կենտրոնում են պահում սահմանների հսկողությունը։

«Սահմանը պահում ենք և մինչև վերջ պահելու ենք։ Երբ պատերազմը կանգնել է, որտեղ եղել ենք, այդտեղ էլ կանգ ենք առել»,- եզրափակեց Գորիսի համայնքապետը։