Եվս մի քանի օգտակար խորհուրդ՝ ոչ մասնագետից 

Եվս մի քանի օգտակար խորհուրդ՝ ոչ մասնագետից 

Եթե ուրիշի համար կարված կոստյումը իսկը քո հագով է, ապա քո ուսապարկն էլ կարող է մեկ ուրիշի հագով լինել։

Եթե դդումը շենքից շենք ես տեղափոխում, եւ այն կառքի չի վերածվում, դու այլեւս կախարդական փայտիկ չունես։

Եթե կախարդական փայտիկդ վերածվել է սելֆիի ձողիկի, երբեք չփորձես ոսկե ձկնիկ բռնել։

Եթե ճակատիդ խարանն այլեւս չի մաքրվում, եւ քեզ ամենուր անպատվում են՝ կրիր դիմակ, փրկիր կյանքեր։

Եթե քեզ ի վերջո հաջողվել է հասնել լափամանին, եւ պարզվել է, որ այն արդեն դատարկ է, դու զույգ ոտքով հայտնվել ես թակարդում։
Երբ աղվեսը պնդում է, որ էդ սարն իրենն է, էդ ծառն իրենն է, համոզի՛ր, որ արջն է եկել, տիրացել թաքուն։

Թե ասեն, որ տեսքդ դժգույն է ու դժբախտ, ցույց տո՛ւր երկրիդ հակառակ կողմը։
Կարող ես մերժել աղքատությունը, կարող ես արհամարհել, բայց երբեք մի քարկոծիր՝ կվնասես քո եւ իմ գլուխներին։

Երբ շուրջբոլորդ տեսնում ես քեզ թալանած գումարներով կառուցված ճոխ դղյակներ, դիմիր միջազգային «Քցողներ՝ առանց սահմանների» կամ «Ո՛չ ինձ, ո՛չ քեզ» կազմակերպությունների ծառայություններին։

Թե փնտրում ես կորցրած պատիվդ կամ արժանապատվությունդ, հիշի՛ր, թե վերջին ժամանակներում ում հետ ես շփվել Ֆեյսբուքում։

Երբ սարը չի մոտենում Մուհամեդին, Մուհամեդն է մոտենում նաեւ քո սարին։ Եթե անդունդը չի մոտենում Պողոսին, մի՛ տար նրան դեպի անդունդ։

Երբ անդունդն արդեն տեսանելի է, քայլ արա՛, մերժիր վրեժին։

Իմ խոսելը քո քայլելուն վնաս չէ։

Արա ՍԱՄՍՈՆՅԱՆ 
Մեքենաշինության ինժեներ, Գերմանիա