Թրաշամանուկի մեծամիտն է լավը

Թրաշամանուկի մեծամիտն է լավը

Թրաշամանուկները գնալով անտանելի են դառնում: Նրանք սկսել են արդեն գուշակություններով զբաղվել, իսկ դա նրանց պարագայում վտանգավոր զբաղմունք է: Վտանգավոր՝ իշխանության գլխի տակ փափուկ բարձ դնելու իմաստով: Անդրադառնալով ԲՀ-ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների՝ ս.թ. հոկտեմբերի 8-ին տեղի ունենալիք հանրահավաքին՝ թրաշամանուկներից մեկը, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի իմքայլական նախագահ Ռուբեն Ռուբինյանը, թերահավատություն է հայտնել ընդդիմադիր երեք ուժերի այդ ձեռնարկի կապակցությամբ: 

«Ուզում են հանրահավաք անեն, թող անեն, չեմ կարծում, որ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել՝ երկու պատճառով: Նախ, չեմ կարծում, որ, բոլոր խնդիրներով հանդերձ, այդ թվում՝ կորոնավիրուսային համաճարակի առաջացրած, հանրության շրջանում մեծ դժգոհություն կա: Երկրորդը․ չեմ կարծում, որ նույնիսկ, եթե նման դժգոհություն լիներ, այդ ուժերն էին, որ որեւէ մեկին պիտի մոբիլիզացնեին»,- ասել է թրաշամանուկը՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

Օֆ, օֆ… Անգրագետի մեծամտությունից Աստված հեռու պահի… Բա հիմա չասե՞ս, տո հեր օրհնած, էս որ մի նախադասության մեջ հինգ անգամ ասում ես՝ «իմ կարծիքով», գոնե գիտե՞ս, թե քանի հոգու է հետաքրքիր քո կարծիքը: Ես նրան՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ոչ բարով նախագահին, կառաջարկեի իր վարչապետի եւ արտգործնախարարի՝ դրսում կերած մեծ-մեծ բողկերից խոսել, բայց վախենում եմ ավելի խայտառակ բաներ ասի ու փչացնի առանց այն էլ չափից ավելի տխուր իրավիճակը արտաքին ճակատում:

Եվ հիմա ստիպված եմ իշխանության այս «չիմացյալ» ներկայացուցչին հարցնել՝ ինչո՞ւ ես այդքան թերահավատ խորհրդարանի երկրորդ ուժի՝ ԲՀԿ-ի, 130-ամյա պայքարի փորձ ունեցող Դաշնակցության եւ «Հայրենիք» կուսակցության՝ հանրային մոբիլիզացիա առաջ բերելու հնարավորությունների նկատմամբ: Դու ի՞նչ գիտես այդ քաղաքական ուժերի հնարավորությունների մասին, բացի այն, որ հենց ԲՀԿ-ի ու Դաշնակցության շնորհիվ հայտնվեցիք իշխանության գլխին, բացի այն, որ Վանեցյանի՝ սպային վայել պահվածքի պատճառով խայտառակ չեղաք աշխարհով մեկ: Եվ էլի մեկ հարց՝ եթե իրոք «չեք կարծում» (այս անգամ ամբողջ թիմով), որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիքը» կկարողանան հանրային մոբիլիզացիա առաջ բերել, ինչո՞ւ եք այդքան վախեցած, ինչո՞ւ եք քրեական գործերով ու հետապնդումներով սպառնում այդ քաղաքական ուժերին:

Ասում է՝ չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ, այդ թվում՝ կորոնավիրուսային համաճարակի առաջացրած, հանրության շրջանում մեծ դժգոհություն կա: Իսկ ձեր երկամյա կառավարման արդյունքում ի՞նչ կա հանրության շրջանում այսօր՝ ուրախությո՞ւն, երջանկությո՞ւն, գուցե մարդիկ սկսել են լա՞վ ապրել, գործարաններն սկսել են աշխատե՞լ, կրթության հարցե՞րն եք լուծել, թե՞ առողջապահության: Պարապ-սարապ թրեւ եք եկել եւ հիմա, երբ հեռանալու վրա եք, չե՞ք կարծում, որ դժգոհություն կա: Չէ, իսկապես շատ վտանգավոր բան է ասում այս թրաշամանուկը: Նա այսկերպ կարող է մոլորության մեջ գցել իր ողջ թիմին, որի ներսում շփոթմունքն ու իրարանցումը հասել են գագաթնակետին: 

Ռուբինյանը շարունակում է զարմացնել տարրական բաների իր չիմացությամբ. «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այդ երեք ուժերը չեն կարող եւ երբեւիցե չեն կարողանալու Հայաստանում լայն աջակցություն մոբիլիզացնել եւ դրա պատճառներն իրենք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում եւ այլ տեղերում»: Եթե թրաշամանուկի համար ընդամենը երկու տարվա վաղեմության իրադարձություններն անցյալ են, կարող եմ նրան հիշեցնել, որ երկու տարի առաջ Փաշինյանը համագործակցության հուշագիր է ստորագրել ԲՀԿ առաջնորդի հետ, այսինքն՝ համարյա կոալիցիա կազմել, իր կառավարությունում ուներ դաշնակցական նախարարներ եւ մարզպետներ, ԱԱԾ տնօրեն էր նշանակել Արթուր Վանեցյանին: Ու այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ Փաշինյանը չկարողացավ աշխատել հենց այս երեքի հետ: Չի՞ կարծում, արդյոք, իմքայլական թրաշամանուկը, որ խնդիրը, առհասարակ, Փաշինյանն է՝ իր հեղափոխական թիմով, եւ ոչ թե մյուսները, որ չկարողացան կամ չցանկացան համագործակցել նրա հետ: Իսկ ինչ վերաբերում է ներկային, ապա ամենախայտառակ ներկան Փաշինյանի եւ Ռուբինյանի ներկան է: Ես չգիտեմ որեւէ ուժի, որին այսօր քննադատեն այնքան, որքան ամեն ինչ ձախողած, հանրությանը հիասթափության հասցրած «Իմ քայլին» են քննադատում:

Իսկ ինչպիսի՞ ընդդիմություն կուզենար ունենալ իմքայլական պատգամավորը: Երեւի՝ թավշյա: Բայց ինչ անել, երբ այդ բառից հանրությունն արդեն զզվում է ինչպես դոնդողանման լպրծուն բանից: Մեկ մարդու գրպանի կառավարություն, գրպանի ԱԺ, գրպանի ՍԴ, հիմա էլ՝ գրպանի ընդդիմությո՞ւն… Ստեղծեք, ունեցեք, եթե կարող եք, ավելի ճիշտ՝ եթե կհասցնեք: Սեփական ընդդիմություն ունենալու ցանկությունը հենց միայն բավական է, որպեսզի խոսենք գործող իշխանության՝ երկրի կարեւորագույն օրակարգերից դուրս ընկնելու, ներքաղաքական իրավիճակին չտիրապետելու մասին: Ռուբինյանն իր ճամարտակությամբ հենց սա է խոստովանում, ինչը, նորից ասեմ, քաղաքական անգրագիտության հետեւանք է եւ ամենաշատը վնասում է սեփական թիմին: