Մենք երկրում թշնամիներ չունենք. «Վերնատուն» ակումբը հայտարարություն է տարածել

Մենք երկրում թշնամիներ չունենք. «Վերնատուն» ակումբը հայտարարություն է տարածել

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ամփոփել է նոյեմբերի 15-ին կայացած իր համաժողովի արդյունքները:

Հայտարարությունում ասվում է.

«Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը: Ակումբի անդամներից բացի, հրավիրված էին արտախորհրդարանական քաղաքական ուժերի, փորձագիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։

Օրակարգում հանրային հնչեղության հարցեր էին․

•  Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),

•  Հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),

•  Դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաեւ իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական–ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):

Գնահատելով համաժողովում հնչած ելույթների որակն ու արդիականությունը՝ ակումբը արձանագրում է․

Ստանալով հիմնարար բարեփոխումներ անելու հանրային լայն աջակցություն՝ գործող իշխանությունն ընթացել եւ ընթանում է այդ ռեսուրսի մսխման, անպտուղ պոպուլիզմի, տված խոստումներին հակասող ճանապարհով։ Արդյունքում նվազել է Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգը արդյունավետ չէ, չեն գործում զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, առկա է անձնիշխանության իրական վտանգ:

Մեկնելով այս հաստատումներից՝ «Վերնատուն»-ն առաջադրում է հետեւյալ քայլերն ու պահանջները․

Արցախ

1. ԼՂ հակամարտության կարգավորման հիմքը արցախահայության ինքնորոշման իրավունքն է։ Պաշտոնական Երեւանը պետք է դադարեցնի Արցախի ինքնորոշման իրավունքին հակասող որեւէ հայտարարություն հնչեցնել, ինչպես նաեւ պետք է զերծ մնա իրարամերժ տեսակետներ հայտնելուց։ Բացառել հակամարտության կարգավորման որեւէ փաստաթղթի կամ  տարբերակի նույնիսկ քննարկում, որը չի ամրագրում Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։

2. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ համայն հայության առաջնահերթ խնդիրն է։

3. ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններ վերադարձնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգը։

4.   Անթույլատրելի է Արցախի ներքաղաքական գործընթացներին, առաջիկա համապետական ընտրություններին միջամտելու ցանկացած փորձ։

Հանրային մթնոլորտ

1.  Դադարեցնել իշխանության ամենաբարձր մակարդակով խրախուսվող ատելության քարոզը։

2.  Վերջ տալ հանրությունը, քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցներին հեղափոխականների ու հակահեղափոխականների, մերոնք–ձերոնքի բաժանելու հռետորաբանությանը եւ գործելաոճին։

3.  Դատապարտել ազգային–պետական արժեհամակարգի (հայոց լեզու, պատմություն, եկեղեցի, մշակույթ, ռազմահայրենասիրական դաստիարակություն) վարկաբեկման փորձերը։

Դատաիրավական համակարգ

1. Հրաժարվել Սահմանադրական դատարանը, դատական իշխանությունն ամեն գնով գործադիր իշխանությանը ենթարկեցնելու սեւեռումից։ ՍԴ դատավորներին «օրենքի ուժով» կենսաթոշակի ուղարկելու փորձը  անընդունելի է։

2. Հրաժարվել սեփականության վերաբաշխման, վախի ու շանտաժի մթնոլորտ հաստատելու բացահայտ ու քողարկված նպատակներից․ անցումային արդարադատությունը եւ առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման օրինագիծը հակասում են իրավական պետության եւ ժողովրդավարության սկզբունքներին։

3. «Մարտի 1»–ի գործը չծառայեցնել քաղաքական նպատակադրումների, փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը։ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ։

Մենք համախմբման, համերաշխության եւ հանդուրժողականության կողմնակից ենք։ Վստահ ենք, որ հանրությունը, քաղաքական ուժերը (նաեւ՝ խորհրդարանական), հասարակական կազմակերպությունները, քաղաքականապես ակտիվ ու գիտակից անհատները ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ուղիներ կփնտրեն, ջանքեր կգործադրեն։ Չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուրը պատասխանատու է լինելու արածի ու չարածի համար։

«Վերնատուն»-ը շարունակելու է մնալ հասարակական-քաղաքական հարթակ՝ նպատակ ունենալով ձեւավորել քննարկումների առողջ միջավայր։ Ընդլայնվող ու զարգացող ակումբը առաջնորդվելու է նշյալ եւ այլ խնդիրները հետեւողականորեն լուծելու սկզբունքով։ 

Մենք երկրում թշնամիներ չունենք, բայց եւ վճռական ենք ազգային-պետական նպատակների իրագործման, մեր քաղաքացիներին արժանապատիվ կյանք երաշխավորելու, նոր որակի ժամանակակից պետություն կառուցելու հարցում։