Դատական համակարգը գաստրոնոմի Մարգոն չի

Դատական համակարգը գաստրոնոմի Մարգոն չի

Դատավորների թոշակավորման շուրջ նոր աղմուկ է հասունանում։ Անցյալ տարվա նոյեմբերին կառավարությունը «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ էր կատարել՝ սահմանելով պետական պաշտոնյաների կենսաթոշակի վերին շեմ՝ 160-250 հազար դրամ։ Փոփոխությունն առաջացրել էր ամենաբարձր թոշակ ստացող խավի՝ դատավորների վրդովմունքը։ Մինչ այդ փոփոխությունը նրանց կենսաթոշակն իրենց աշխատավարձի 75 տոկոսն էր կազմում՝ հասնելով 350-400 հազար դրամի։ Մինչդեռ նոր հաշվարկի համար հիմք էին դարձրել 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացվող աշխատավարձի 55 տոկոսը, բայց ոչ ավելի, քան դրույքաչափի 92 տոկոսը։

Հին օրենքը չեղարկել են, նորն էլ չկա

Այս տարի արդեն՝ հունիսի 18-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը դատավորներից մեկի հայցի հիման վրա ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը եւ դատավորների կենսաթոշակային ապահովության հարցերը կարգավորող բոլոր իրավական նորմերը։ Նաեւ վերջնաժամկետ սահմանեց հոկտեմբերի 30-ը։ Մինչ այդ Ազգային ժողովը, ԲԴԽ-ն, արդարադատության նախարարությունը կամ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որը մշակել էր նշված օրենքը, պետք է լրացնեին ստեղծված իրավական վակուումը եւ որոշեին, թե ինչ իրավակարգավորումներ են կիրառելու հակասահմանադրական ճանաչվածի փոխարեն, այսինքն՝ հոկտեմբերի 30-ից հետո։ Սակայն նոր օրենք մինչ օրս չի ընդունվել:

Դատարաններում կա 20 դատավորի հայցադիմում

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին նախագահ Անատոլի Մաթեւոսյանը, որի 65 տարին լրացել է անցյալ տարվա ապրիլի 16-ին, «Հրապարակի» հետ զրույցում մեկնաբանում է․ «Եթե դատավորն արդեն ձեռք է բերել իր թոշակի իրավունքը, դուք իրավունք չունեք հետադարձ ուժ հաղորդել վիճակը վատթարացնող օրենքին։ Այս պահի դրությամբ դատարաններում կան 20 դատավորների հայցադիմումներ։ Ասենք, ես գնացել եմ թոշակի 2018 թվականին, իսկ իրենք ինձ թոշակ չեն տալիս, ասում են՝ քո ստաժը պետք է 14 թվի դրությամբ հաշվենք, այսինքն՝ նրանք օրենքի վատթարացնող դրույթին հետադարձ ուժ են տվել։ Աշխատանքային օրենսգիրքն ասում է, որ երբ որ այդ մարդը գնում է թոշակի, աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ հաշվի նրա թոշակը, թող գնա։ Թող գնա, ինչո՞ւ ես տանում հետ։ Ահա ինչու դատավորներից մեկի հայցի հիման վրա էլ Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց հակասահմանադրական ճանաչել այդ օրենքը եւ 4 ամսից մի քիչ ավելի ժամանակ տվեց, որ կառավարությունը թոշակը հաշվարկելու նորմեր մշակի։ Եթե ես գնում եմ թոշակի, ասենք, նոյեմբերի 1-ից, իմ վիճակը ո՞նց է լինելու, եթե թոշակը նշանակելու ու հաշվարկելու նորմ չկա»։

Մեր դատավորներին չենք թողնի, հաստատ, առանց կարգավորման

«Արդյոք սահմանված ժամկետում լուծվե՞լ են Սահմանադրական դատարանի պահանջները։ Ինչպե՞ս են 2019 թվականի հոկտեմբերի 31-ից նշանակվելու ու հաշվարկվելու մարդկանց կենսաթոշակները»․ հարցն ուղղեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանին։ «Քանի որ այս պահին նախագիծն ընդունված չէ, դատավորի կենսաթոշակի իրավունքը կիրացվի օրենքի երկրորդ հոդվածով, հինգերորդ հոդվածի սահմանված կարգով, մինչեւ որ կարգավորումները կլինեն։ Դրանց լինելուց, բնականաբար, հետադարձ ուժ կլինեն, այնպես որ՝ մեր դատավորներին չենք թողնի, հաստատ, առանց կարգավորման»,- պատասխանեց Անահիտ Գալստյանը։ Երկրորդ հոդվածը որոշում է կենսաթոշակ ստանալու դատավորի իրավունքը, հինգերորդը սահմանում է հաշվարկի կարգը։ «Կենսաթոշակը հավասար է․ հիմնական կենսաթոշակ՝ բազմապատկած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը, գումարած մասնագիտական ստաժ՝ բազմապատկած մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը»։

Պարզաբանում է սոցապփոխնախարար Սմբատ Սաիյանը․ «Հիմնական կենսաթոշակը, որը կառավարությունն է սահմանում եւ որը 14 հազար դրամ է, բազմապատկում ենք աշխատավարձի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող անհատական գործակցով, որին գումարվում է մասնագիտական ստաժի համար տրվող հավելումը։ Օրինակ, սովորական առաջին ատյանի դատավորի գործակիցը տասն է։ Մյուսներինը՝ ավելի բարձր»։
Հարցեր Սայիյանին․

- Թոշակի գնացող դատավորի գործակիցը, ասենք՝ գիտաշխատողից բա՞րձր է։

- Ամեն դեպքում, այո, նրա թոշակը, միեւնույն է, բարձր է, որովհետեւ մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը, օրինակ, 5 հազար դրամ է։ Նկատի ունեցեք, որ տասը տարվա սովորական դատավորը կստանա մոտ 190 հազար թոշակ։

- Որից իրենք դժգոհ են, նախկինում ստանում էին 350-450 հազար։

- Բնականաբար։

- Իրենք սա մեկնաբանում են, որ եթե չկա նոր օրենք, ստանալու են ընդհանուր կարգով։

- Այո, իրենց կատեգորիաների համար՝ ընդհանուր կարգով։

- Փաստորեն, ձեր անցյալ տարվա հաշվարկած շեմից՝ 160 հազարից, էլի մեծ տարբերություն չկա։

- Ոչ, ես ասացի 10 տարվա դատավորի համար, բայց 30 տարվա դատավորը, հաստատ, շատ է ստանալու։

Ամեն տարի խորհրդարանն է որոշելու դատավորի թոշակի չափը

Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում սեպտեմբերին տեղադրված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի նախագիծ, որը դեռեւս քննարկման փուլում է։ Տեքստում կարդում ենք․ «Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով»։

Այս իրավակարգավորումը եթե ընդունվի, ապա կստացվի, որ ամեն տարի պատգամավորներն են որոշելու, թե ինչքան փող տան թոշակի անցած դատավորներին, եւ եթե նրանք իրենց լավ պահեն, ուրեմն թոշակի գնալուց հետո շատ փող կստանան, իսկ եթե՝ վատ, ապա կարող են ընդհանրապես զրկվել թոշակից։ Որքանո՞վ է սա երաշխավորում անկախ ու ազնիվ, կոռուպցիայից հեռու դատական իշխանություն։

Նախարարության կենսաթոշակային վարչության պետ Անահիտ Գալստյանը պատասխանում է․ «Խնդրում եմ, տարբերակեք չափը եւ չափի հաշվարկելու համար մեծությունները։ Ենթադրենք, մարդու կենսաթոշակը 100 հազար դրամ է, այդ 100 հազար դրամը ոչ մի տարի բյուջեում չի հաշվարկվում, բայց այդ 100 հազար դրամը ստացվել է հիմնական կենսաթոշակի կիրառմամբ եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի կիրառմամբ, այդ երկուսն է, որ կառավարությունը կսահմանի օրենքով»։

Գաստրոնոմի Մարգոն 100 ռուբլի աշխատավարձ էր ստանում

«ՍԴ-ն ասում է՝ մի վատթարացրեք այդ մարդկանց վիճակը, սոցապն էլ ասում է՝ քանի որ ՍԴ-ն անվավեր է ճանաչել դատավորներին արտոնյալ թոշակ ստանալու մասին օրենքի դրույթը, նշանակում է` բոլոր դատավորները պետք է ընդհանուր կարգով թոշակներ ստանան։ Սոցապի երկրորդ առաջարկն այն է, որ ինքը դատավորներին կլյաուզնիկ ժողովուրդ է համարում, ուրեմն թող Ազգային ժողովն ամեն տարի բյուջեն հաստատելուց նրանց թոշակի չափն էլ որոշի։ Ահա որտեղ է աբսուրդը։ Սոցիալական երաշխիքը հավասարեցնում են զրոյի ու հետո էլ ասում են՝ ուզում ենք ունենալ անկախ դատարան։ Դատարաններում կոռուպցիան ավելի փոքր է, քան դատախազությունում, այլ մարմիններում, նայեք վիճակագրությունը։ Բայց դատարանները չսիրված համակարգ են դարձրել, քավության նոխազ, որովհետեւ վճռաբեկի նախագահը թույլ էր, չէր դիմադրում, ու նա իր հարցը լուծեց, գնաց, իսկ համակարգը մտցրեց ցեխի մեջ»։ Անատոլի Մաթեւոսյանը հիշեց խորհրդային ժամանակների գաստրոնոմը, որի աշխատողը՝ Մարգո անունով, 100 ռուբլի աշխատավարձ էր ստանում, բայց օրվա մեջ մի տոննա թուղթ էր ծախում։ «Հա՞, էդ ձեւո՞վ ա լինելու։ Ես հասկանում եմ, որ կառավարությունն այդ ձեւը չի ուզում, բայց սոցապի էն «հներն» ասում են՝ Մարգոյի սիստեմը լավն էր, եկեք նորից այդպես անենք»։