Դաստով տեղափոխություններ, «գյադեք էս կողմ, գյադեք էն կողմ»

Դաստով տեղափոխություններ, «գյադեք էս կողմ, գյադեք էն կողմ»

Զրո տոկոս թափանցիկություն ունեցող Նիկոլ Փաշինյանը, որը պատերազմի թեժ պահին ԱԱԾ տնօրեն փոխեց, հետպատերազմյան շրջանում ևս մի քանի ԱԱԾ տնօրեն նշանակեց, հանեց (մյուս նշանակում-հանումներին չենք անդրադառնում), Երասխում, Գեղարքունիքում ադրբեջանական զինուժի կողմից ինտենսիվ կրակ բացելու հաջորդ օրը պաշտոնից ազատեց Պաշտպանության նախարարին, այսօր էլ ազատել է փոխնախարար Սուրեն Սահակյանին, որն այս պաշտոնում նշանակվել էր ընդամենը հունվար ամսին։ Գրիչը ձեռքն առած Նիկոլ Փաշինյանը շարունակում է կադրային մասսայական փոխատեղումները՝«գյադեք էս կողմ, գյադեք էն կողմ» սկզբունքով։

Նշանակման պահին քաղաքական ու լրագրողական դաշտի որոշ հնաբնակներից բացի Սուրեն Սահակյան ազգանունը նշանակման պահին ոչինչ չէր ասում։ Այն աստիճան, որ ՔՈ-ի Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան գրառում արեց, որ այդ Սուրեն Սահակյանն ինքը չէ։ Թե ինչու և ինչպես աշխատեց Սուրեն Սահակյանը պաշտոնավարման 7 ամիսներին, անհայտ է մնում։ Չի բացառվում, որ նա էլ Վաղարշակ Հարությունյանի հետ գնա ԱԽ, կամ եթե Արարատ Միրզոյանին չկարողանան համոզել՝ ԱԳՆ, որպես տեղակալ։ Դեռ Սուրեն Սահակյանի նշանակման առիթով գրել էինք, որ Սուրեն Սահակյանը ռուսական կողմնորոշում ունեցող նախկին դիվանագետ է, որը  քաղաքականության մեջ եղել է դեռ 90-ականներին։

Նա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանում առաջին՝ 1991-1992թթ․, 1993թթ. Հայաստանի հարկային պետական ​​տեսչության պետն էր, (այդտարիներին նրա տեղակալը ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանն էր), ապա երկար տարիներ ՀՀ դեսպանը՝ Ռուսաստանում։

Կրթությամբ ֆիզիկոս Սուրեն Սահակյանին քաղաքականություն, ապա վաղ 90-ականներին իշխող էլիտա էր մտցրել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ում հետ Սուրեն Սահակյանը լավ հարաբերություններ ուներ մինչև բոլորովին վերջերս։

Երկար տարիներ նա ճանաչում ու լավ հարաբերություններ ուներ նաև Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ ու ՀՀՇ-ի՝ ում օրոք Սահակյանը սկսեց իր կարիերան, սակայն պաշտոնավարեց նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ հենց նրա կողմից նշանակվելով ՌԴ-ում ՀՀ դեսպան։

Դեսպանական պաշտոնը թողնելուց հետո Սուրեն Սահակյանը ապրում է Հայաստանում՝ Ծաղկաձորում, խուսափում է քաղաքականությունից ու ավելի շատ զբաղվում է իր հոբբիներով․ երբեմն մոտոցիկլետ է վարում, հող է մշակում։

Այս պահին ՊՆ-ն ունի 2 փոխնախարար՝ Արշակ Կարապետյան և նախկին ոստիկանապետ Արման Սարգսյան։