Զայրացնող տեսարան

Զայրացնող տեսարան

Բանավեճը, երկխոսությունը, բանակցությունները որոշակի որակներ պահանջող գործընթացներ են՝ պահանջում են մասնակիցների որոշակի գիտելիքներ, կուլտուրա, մարդկանց հետ բանակցելու, շփվելու, փոխզիջումների գնալու կարողություն, սուր կոնֆլիկտները հարթելու ունակություն։ Եվ ամենակարեւորը՝ կյանքի փորձ ու որոշակի անցած ճանապարհ։ Այս որակների բացակայությունն է նաեւ պատճառը, որ մենք այսօր այս վիճակում ենք եւ այս վիճակում ենք վերջին 3 տարին, գուցե ինչ-որ չափով՝ նաեւ դրանից առաջ։

Եթե 2018-ին իշխանության եկած քաղաքական թիմը բանակցելու, վիճելու, զիջումների գնալու, դիմացինին լսելու կարողություն ունենար, երկրի շահն իր անձնական վրեժից բարձր դասեր եւ մարդկանց անտեղի չպիտակավորեր-չհետապնդեր, ապա մեր երկիրն այսօր պառակտված չէր լինի նման թշնամական ճամբարների։ Հասարակությունը բաժանված չէր լինի պողոսների ու պետրոսների, հարուստների եւ աղքատների, սեւերի ու սպիտակների, նիկոլականների ու քոչարյանականների։

Մեր իշխանությունների թեթեւ ձեռքով երկիրն ու հասարակությունն այսօր այնքան են բզկտվել մանր մասնիկների, որ անգամ ընտանիքների ներսում համերաշխություն չկա․ եղբայրը եղբոր դեմ է դուրս եկել, ընկերը՝ ընկերոջ, աշխատողը՝ գործատուի, սփյուռքահայը՝ հայաստանցու։ Եվ սա դեռ վերջը չէ, որովհետեւ երկատված երկրի երկու բեւեռների ամենաանհանդուրժող ներկայացուցիչներն այսօր առերեսվել են միմյանց հետ, եւ խորհրդարանի դահլիճը դարձել է մեր երկրի մասնատվածության ակնառու հայելին։

Ինչպեսեւ կանխատեսում էինք՝ ԱԺ աշխատանքները հենց առաջին օրվանից մտան փակուղի, եւ ընդդիմություն-իշխանություն անհամաձայնությունը խոստանում է գնալով սրվել, ու ցանկացած հարց կարող է դառնալ անլուծելի խոչընդոտ։ Սա որպես տեսարան դիտարժան է, բայց՝ զայրացնող։