Օրակարգում` բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ ամեն գնով. լինի Արցախը, թե Սահմանադրությունը

Օրակարգում` բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ ամեն գնով. լինի Արցախը, թե Սահմանադրությունը

Մեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը։ 

- Բելառուսի նախագահ Լուկաշենկոն կոչով դիմեց հայ գործիչներին՝ խորհուրդ տալով կտրուկ շարժումներ չանել ու չշտապել որոշումներ ընդունելիս, որովհետեւ Ֆրանսիան իր ուսերի վրա չի դնելու Երեւանը։ Գիտենք, որ Լուկաշենկոյի շուրթերով Կրեմլն է խոսում։ Սա սթափության կո՞չ էր։

- Շատ մեծ չափազանցություն կլինի, եթե ասենք, որ Լուկաշենկոն փաստացի Կրեմլի խոսնակն է դարձել՝ այդպես չէ։ Կրեմլն ունի իր խոսնակը, ունի այլ կոմունիկացիոն հնարավորություններ, որպեսզի իր կարծիքը հայտնի, բայց Լուկաշենկոն կարող է հայտարարել այն հիմնական մոտեցումը, որը կա Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից, որովհետեւ շատ բաներ, իհարկե, ռազմավարական առումով կոորդինացվում են։ Դա կարող է այդպես արտահայտվել, բայց ոչ թե, որ ես լիազորված եմ Մոսկվայի անունից խոսել՝ նման բան չկա, դա մեծ չափազանցություն կլինի։ Բայց դա ընդհանուր մոտեցում է, որը կա ոչ միայն Մոսկվայում եւ Բելառուսում, այլեւ Ղազախստանում եւ այլ պետություններում։ Երբ խոսում ենք փորձագետների հետ` ոչ միայն հետսովետական տարածքից, այլ նաեւ արեւմտյան երկրներից, բոլորը նույն բանն են ասում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը ձեզ ոչ մի բան չի տա, բայց կարող է ձեզ համար խնդիրներ ստեղծել։ Սա ասում են մեր արեւմտյան գործընկերները՝ փորձագիտական դաշտից։ 

- Մակրոնն իր հերթին հայտարարում է, որ իրենք թույլ չեն տա, որ Ուկրաինայում Ռուսաստանը հաղթի, ու չնայած կոնսենսուս չկա, բայց հնարավոր է, որ երրորդ երկրի ուժեր մտնեն Ուկրաինա, որ ռուսները չհաղթեն։ Սա բացահայտ հայտարարությո՞ւն է Ռուսաստանի դեմ պատերազմի մասին։

- Լինի դա հավաքական Արեւմուտք, լինի քաղաքական Արեւմուտք, իրենք արդեն գտնվում են Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, ոչ թե կոնֆլիկտի, այլ պատերազմի մեջ, որովհետեւ զենքը մատակարարում են, իրենց զինվորներն այնտեղ զոհվում են, հետախուզական ոլորտում մարտերը շարունակվում են, իրականում իրենք դե ֆակտո պատերազմի մեջ են, իսկ դե յուրե դա հայտարարված չէ։ Այն, որ Փաշինյանը Փարիզում հայտարարեց այն մասին, որ ՀՀ-ն սառեցնում է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, դա դե յուրե պաշտոնական փաթեթավորումն էր այն գործընթացի, որը դե ֆակտո արդեն տեղի էր ունեցել։ Իսկ իրականում չեմ տեսնում, որ որեւէ երկիր ունի հնարավորություն` թե՛ քաղաքական կամքի առումով, թե՛ ռազմական, ներգրավվել Ուկրաինայի պատերազմի մեջ պաշտոնապես եւ ուղիղ պատերազմել Ռուսաստանի դեմ։ Որոշ երկրներ էլ ստորագրեցին անվտանգության երաշխիքների հայտարարություն Ուկրաինայի հետ՝ սկսած Մեծ Բրիտանիայից, հիմա էլ հերթը հասավ Իտալիային, բայց իրականում ոչ մի պարտականություն այդ երկրներն իրենց վրա չվերցրին։ Նրանք ստորագրեցին այդ համաձայնագիրը, բայց ոչ ոք Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չմտավ։

- Այդ դեպքում ինչո՞ւ է Մակրոնը նման հայտարարություն անում։

- Ուկրաինայի դեմ պատերազմն արդեն Ռուսաստանի համար պարտություն է՝ դա բոլորը հասկանում են, որովհետեւ եթե դու հասցրիր իրավիճակը պատերազմի, որ արտաքին ու ներքին տնտեսությունդ ամբողջովին այդ ուղղությամբ է, արդեն պարտվել ես։ Հիմա նույնիսկ Ռուսաստանում միանշանակ պատասխան չկա, թե ինչ է նշանակում իրենց համար հաղթանակ Ուկրաինայի պատերազմում։ Ուկրաինայի համար պարզ է՝ հաղթանակը նշանակում է, որ վերադարձնեն բոլոր տարածքներն իրենց վերահսկողության տակ, ընդհուպ մինչեւ Ղրիմ, որն այսօրվա դրությամբ անհնարին է։ Ոչ միայն Ֆրանսիան, այլեւ Գերմանիան ու Մեծ Բրիտանիան էլ պատրաստ են դիմադրել Ռուսաստանին՝ Ուկրաինայի տարածքում, որովհետեւ ոչ ոք չի ուզում դիմադրել Ռուսաստանին իր տարածքում։ Եվ դա է հիմնական մեսիջը, որ իրենք փորձում են հասցնել իրենց հանրությանը, որ եթե մենք այսօր այստեղ չպահենք, վաղը պահելու ենք մեր սահմանների մոտ։ Ինքն ավելի շատ պերֆորմատիվ նպատակ ունի, ոչ բովանդակային, այլապես հիմա ամբողջ եվրոպական ռազմական մեքենան ուղղված կլիներ դեպի Ուկրաինա։ Սակայն մենք տեսնում ենք, որ որոշ դեպքերում նույնիսկ Եվրոպայում գտնվող պետությունները չեն ուզում զենք տրամադրել Ուկրաինային, որովհետեւ որոշ նրբություններ կան։ 

- Հունական մամուլում հրապարակումներ եղան, որ ՀՀ-ն կարող է միանալ Փարիզ-Աթենք փաստացի հակաթուրքական ալյանսին։ Միաժամանակ մարտի 1-3-ը Արարատ Միրզոյանը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Սա ի՞նչ է՝ բարդ մտածված շախմատային քաղաքականությո՞ւն, թե՞...

- Ոչ, կան հայտարարություններ, եւ կա իրականություն։ Այսօրվա Հայաստանը երբեք Թուրքիայի դեմ մեկ քայլ եւ հայտարարություն չի արել՝ երբեք, 2020 թվականից հետո, երբ շատ հաճախ ասում էին, որ Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորված մեր դեմ են գործում, 100 տոկոս դատապարտող ինչ-որ հայտարարություններ Ռուսաստանի դեմ հնչում էին, բայց Թուրքիայի դեմ` զրո։ Որպես այդպիսին, ալյանս ձեւավորված չկա, կա քաղաքական միավոր, որը որոշակի հանգամանքներում կարող է ինչ-որ բաներ քննարկել։ Հետախուզական տեղեկությունների փոխանակում, տնտեսական կապերի ամրապնդում, համատեղ զորավարժություններ եւ այլն՝ համատեղ ծրագիր պիտի լիներ, բայց Հայաստանը, օրինակ, այսօր պատրաստ չէ զորավարժություններ անցկացնել Ֆրանսիայի հետ՝ Թուրքիայի դեմ, որովհետեւ այսօրվա օրակարգն է՝ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ ամեն գնով՝ լինի դա Արցախի գնով, լինի դրա գինը Սամանադրություն փոխելը, թե մեր տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության գինը։ Փաստացի, երբ մենք խոսում ենք Սահմանադրության փոփոխությունից կամ ամեն գնով, հիմա, երբ Հայաստանն այդքան բան տվել է, զոհել է, որպեսզի բարելավի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, գնում է, հակաթուրքական քայլ է անում… որ այդ ամեն ինչը հանուն ոչնչի լիներ՝ այդպես չի լինի։

- Հայաստանի կողմից այս չկանոնակարգված քայլերն ինչի՞ են հանգեցնելու, ի՞նչ ամպեր են մեր գլխին կուտակվում։

- Մեր գլխին ամպերը կուտակվում են, որովհետեւ, եթե դու ասում ես, որ դիվերսիֆիկացիա ես անում, դա նշանակում է, որ դու համագործակցում ես բոլորի հետ, ու եթե դու համագործակցում ես մեկի հետ, որը թշնամի է մի կողմին, ու նրա հետ հարաբերություններդ նվազեցնում ես, դա դիվերսիֆիկացիա չի կոչվում, կոչվում է replacmenet՝ փոխարինում։ Հայկական կողմի հայտարարությունները ցույց են տալիս, որ Արեւմուտքից ակնկալիքներ ունեն, որովհետեւ, եթե դու հակառուսական ոչ մի բան չես անում, ոչ մի օգնություն Արեւմուտքը չի տրամադրի․ դա պետք է բոլորս շատ լավ հասկանանք։ Երբ Ռուսաստանի դաշնակիցը ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում հայտարարում է, որ սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, դա նշանակում է դիվանագիտական հաջողություն, եւ դու կարող ես ակնկալել որոշ օգնություն Արեւմուտքից։ Բայց խնդիրն այն է, որ այդ օգնությունը մենք չենք ստանում։

- Ու դժվար էլ ստանանք։

- Խնդիրն այն է, որ Արեւմուտքը պատրաստ է մեզ օգնել, եթե մենք համաձայնենք մտնել պայքարի մեջ Ռուսաստանի դեմ, եթե մենք պլանավորում ենք դիմադրել Ադրբեջանին, ապա ոչ ոք մեզ օգնություն չի տրամադրելու։ Մեզ կօգնեն, եթե մենք որոշենք պայքարի դուրս գալ Իրանի դեմ, օրինակ։

- Այսինքն՝ Ուկրաինայից շատ ավելի վատ վիճակո՞ւմ պիտի հայտնվենք, որպեսզի մեզ օգնություն ցույց տան։

- Այո, բայց խնդիրն այն է, Ուկրաինան ունի ռազմավարական խոհունություն, որը մենք չունենք, որովհետեւ մեր պետականությունը կարող է կործանվել, ցավոք, մի քանի օրվա ընթացքում։