Իշխանության գլխին մի պատուհաս էլ հանրաքվեն չեղարկելն է 

Իշխանության գլխին մի պատուհաս էլ հանրաքվեն չեղարկելն է 

«Նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում»,- ասվում է «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետում։

Սա նշանակում է, որ երկրում արտակարգ դրության ավարտից հետո նախագահ Արմեն Սարգսյանը 3 օր ունի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նոր օր նշանակելու համար, սակայն վարչապետը հայտարարել է, որ հանրաքվեն մոտակա մեկ տարում չի կայանա, ուստի իշխանությունն ընկել է իր իսկ լարած թակարդը․ կա՛մ պետք է մեկ տարի շարունակ արտակարգ դրությունը երկարացնի, կա՛մ պետք է հանրաքվեն անցկացնի, ինչը նշանակում է կորոնավիրուսի ավելի ինտենսիվ տարածում, ավելի շատ վարակվածներ և, վերջին հաշվով, ավելի շատ մահեր, իսկ Փաշինյանը հայտարարել է, որ «քաղաքական որևէ նպատակ ավելի կարևոր չէ, քան ժողովրդի առողջությունը»։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավաբան Սիրանուշ Սահակյանից փորձեցինք ճշտել, թե կա՞ իրավական 3-րդ ուղի, որը թույլ կտա արտակարգ դրությունը չերկարացնել և միևնույն ժամանակ հանրաքվե չանցկացնել։ Սահակյանն ասաց, որ եթե չեն ցանկանում հանրաքվեի գնալ, դա չի նշանակում, որ պետք է արհեստականորեն արտակարգ դրությունը երկարաձգեն։

Սահակյանը որպես խնդրի լուծման հնարավոր օրինակ է համարում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելը: «Օրենքի տրամաբանությունը հետևյալն է, որ եթե հանրաքվեն նշանակվել է և չի կայացել արտակարգ դրության պայմաններում, ապա այդ ռեժիմը վերացնելուց հետո անպայման պետք է նշանակվի հանրաքվե, և պրոցեսները պետք է իրենց շարունակությունը ստանան։ Օրենքի միջոցով պետք է կարգավորել, օրինակ, որ եթե հանրաքվեի դրվող հարցը սպառվել է կամ կորցրել է իր նշանակությունը, ապա այս հիմքով հանրաքվեն չանցկացնելու դեպքեր են նախատեսել, բայց գործող կարգավորումները դրա հնարավորությունը չեն տալիս, այսինքն՝ եթե հանրաքվեն նշանակվել է, պետք է անցկացվի, և միակ բացառող հանգամանքն արտակարգ դրությունն է, որը վերանալուց հետո կրկին պետք է անցկացվի։ Հավելյալ օրենսդրական կարգավորումների կարիք է առաջանում, օրինակ՝ եթե նախաձեռնող ուժը հրաժարվում է հանրաքվեի գաղափարից։

Իհարկե, ի սկզբանե այդ հանրաքվեի նշանակումն ու անցկացումը պայմանավորված չեն եղել հանրային հետաքրքրությամբ և քաղաքական նկատառումներ են եղել, և ես չեմ բացառում, որ նույն քաղաքական նկատառումներով պայմանավորված էլ` կբացառվի հանրաքվեի հետագա իրականացումը, ուղղակի այստեղ գործընթացի օրինականությունն ապահովելու տեսանկյունից հավելյալ օրենսդրական կարգավորումների կարիք կառաջանա, որպեսզի արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեն չիրականացվի։ «Հանրաքվեի մասին» օրենքում պետք է համապատասխան փոփոխություններ նախատեսեն և սահմանեն նշանակված հանրաքվեի չանցկացման հիմքեր»,- ասաց Սահակյանը։

Իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հանրաքվեն օրինական ճանապարհով չեղարկելու այլ մոտեցում է տեսնում։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ, իր կարծիքով, ամենակարճ ճանապարհը հանրաքվե նշանակելու իրավական հիմքը վերացնելն է: «Իմ կարծիքով՝ եթե հանրաքվեի իրավական հիմքը վերացվի, որն ԱԺ-ի՝ հանրաքվեի վերաբերյալ համապատասխան որոշումն է, եթե այն Ազգային ժողովի մեկ այլ որոշմամբ վերացվի, ապա այդ պարագայում հնարավոր է հանրաքվեի չանցկացումը։ Ես տարբեր իրավամեկնաբանությունների եմ հանդիպել, որ կա՛մ նախագահը դիմի ՍԴ, կա՛մ նախագահը ընդամենը չնշանակի, իմ կարծիքով՝ այս պրոցեսները բոլորը խնդրահարույց են, և ամենաօպտիմալ եղանակն ԱԺ-ի որոշումը չեղարկելն է։ Հանրաքվեի իրավական հիմքը եղել է ԱԺ-ի որոշումը՝ հանրաքվե նշանակելու մասին, որի հիման վրա էլ նախագահը նշանակել է հանրաքվեի օրը, հիմա ԱԺ-ի կողմից նոր որոշում է ընդունվում` հանրաքվեի մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին, այդ ճանապարհով հանրաքվեի իրավական հիմքը վերացվում է, և նախագահն իրավական հիմք չի ունենում, որի հիման վրա պարտավորված կլինի եռօրյա ժամկետում նորից հանրաքվե նշանակել»,- ասաց Մելոյանը։