Ինչ է կատարվում Տեղում․ մարզպետի քրոջ որդին ճնշումների՞ է անցել

Ինչ է կատարվում Տեղում․ մարզպետի քրոջ որդին ճնշումների՞ է անցել

Սյունիքի մարզի խոշորացված Տեղ համայնքում կայանալիք ընտրություններն արդեն իսկ  միջադեպերով են ուղեկցվում, քիչ առաջ «Հրապարակ» -ին էին ահազանգել Կոռնիձորի  մի շարք քաղաքացիներ եւ վստահեցնում էին, որ այս պահին իրենց համայնքում վախի մթնոլորտ է, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին՝ Դավիթ Ղուլունցն ու նրա աջակիցները տարատեսակ մեթոդներով փորձում են ճնշում գործադրել մյուս թեկնածուի՝ Արավուսի գյուղապետ, «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արգամ Հովսեփյանի, նրա թիմակիցների և աջակիցների նկատմամբ։

«Բոլորին ահաբեկում են։ Նույնիսկ զանգում են հերթով էդ 20 թեկնածուներին ու վախեցնում,  որ ինքնաբացարկ հայտնեն, ասում են՝ մենակ մենք պիտի լինենք։ Բուժքրոջն են վախեցրել, թե գործից կհանենք, չեք պատկերացնում՝ ինչ վիճակ է, դրանց, որ տեսնում են գյուղերում, մարդիկ տներն են մտնում, որ խոսակցության մեջ չընկնեն»,-պատմեց մեզ ահազանգած քաղաքացին՝ խնդրելով չհրապարակել անունը։

Կապ հաստատեցինք նաև Արգամ Հովսեփյանի հետ։ Նա, ըստ էության, խուսափեց  պատասխանել՝ ասելով․ «Դե ես քյասիբ, սահման պահող, կռված տղա եմ, իմ տեղը սահմանն է, ես հո մյուսների պես հարուստ չեմ կամ բան․․․։ Իմ ուժը իմ ժողովուրդն է ու հավատը, լավ կլինի, ինչ ասեմ․․․»,-ասաց նա՝ այդպես էլ հստակորեն չպատասխանելով հարցին։
Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Ի դեպ, այսօր «Հրապարակ»-ը գրել էր նաև, որ «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջադրվելու էր Սեւակ Ավետիսյանը, սակայն մեր տեղեկություններով՝ Սեւակ Ավետիսյանին ստիպել են թեկնածությունը չդնել, նա համարվել է ՔՊ-ի հիմնական մրցակիցը եւ բավականին շանսեր ուներ հաղթելու։ Շանտաժ են արել՝ ասելով, թե զինվորական եղբորդ կհանենք գործից, քրեական գործեր կհարուցենք եւ այլն ու նա տեղի է տվել:

Նշենք, որ հավանական թեկնածուի եղբայրը ՊՆ խորհրդական, գեներալ Վարդան Ավետիսյանն է, զինվորական շրջանակներում հայտնի անձնավորություն։ Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի «Ապրելու երկիր» կուսակցությունից Ավետիսյանի փոխարեն առաջադրվել է Արավուս վարչական շրջանի ղեկավար Արգամ Հովսեփյանը։