Ուզում ես ասած լինես՝ ես շատ մե՞ղք եմ գործել. Վարդանիկ (տեսանյութ)

Ուզում ես ասած լինես՝ ես շատ մե՞ղք եմ գործել. Վարդանիկ (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ Վարդանիկը, այսօր լրագրողներին փորձում էր համոզել, որ ինքը երբեք արտոնյալ պայմաններում չի եղել, «Իմ քայլի» պատգամավոր, գյումրեցի Նազելի Բաղդասարյանին էլ, որը «Օրենքով գողերի դեմ» նախագծի հարակից զեկուցողն է, չի սպառնացել:

Նա նորից պնդեց, թե իր համաքաղաքացի պատգամավորին, որը նախկինում, երբ լրագրող էր, բազմիցս իրենից հարցազրույց  է վերցրել, չի ճանաչում: Ապա առաջարկեց այլ հարցեր տալ իրեն:
Երբ լրագրողներից մեկը հարցրեց, թե Գյումրիում գործող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը ի՞նչ միջոցներով է կառուցել, Վարդան Ղուկասյանն անցավ հակահարձակման՝ փորձելով վիրավորել լրագրողներին. «Գնացեք հանքարդյունաբերության, գնացեք 100 տեղանոց հյուրանոցների մասին մտածեք, գնացեք ձեր տերերի մասին մտածեք, դուք շատ փոքրիկ ես»:

Hraparak.am-ը Վարդանիկին հիշեցրեց, որ եթե մի բան ասում է, պարտավոր է դրա համար նաև պատասխան տալ՝ առաջարկելով նշել, թե ովքեր են մեր տերերը, բայց Վարդանիկը այդպես էլ չկարողացավ իր անպատասխանատու հայտարարությունների համար պատասխան տալ՝ հակադարձելով, թե «դեռ փոքրիկ ենք, ուշադիր լինենք, կիմանանք»:

-Պարոն Ղուկասյան, Դուք հիմա արտահայտություններ եք թույլ տալիս, որոնց համար պետք է նաև պատասխան տաք, ի՞նչ է նշանակում՝ փոքր ենք, Դուք դրանց պատասխանը կարո՞ղ եք տալ:

-Ուրեմն ինչ է նշանակում փոքր, դու փո՞քր չես մեզանից:

-Բոլորս էլ ինչ-որ մեկից փոքր ենք: Դուք էլ Ձեզնից տարիքով մեծերից եք փոքր:

-Հա, ի՞նչ է եղել, որ, մի ջղայնացի:

Վարդան Ղուկասյանը նաև հիշեցրեց, որ ինքը փոքրուց աշխատել է, աշխատատեղեր է ստեղծել, եկեղեցաշինությամբ է զբաղվել:

«Մինչև քաղաքապետ լինելը ես եկեղեցիներ եմ կառուցել, ողորմած եմ եղել, մարդկանց տեր եմ եղել, հասնող եմ եղել, էնպես որ, իմ ապրած կյանքը բոլորի աչքի առջև է եղել, դուք ձեր մասին մտածեք, գնացեք օֆշորների մասին մտածեք»-ասաց նա՝ նշելով, որ ինքը դա անում է, որ հոգին հանգիստ լինի, և որ ինքը մի եկեղեցի չի, որ կառուցել է:

Hraparak.am-ը նկատեց, թե մարդիկ ավելի շատ մեղքերի թողության համար են եկեղեցի կառուցում, Ղուկասյանն ասաց. «Ուզում ես ասած  լինես՝ ես շատ մե՞ղք եմ գործել, այո, ես շատ մեղք եմ գործել»: Ապա սկսեց մեջբերումներ անել Նարեկացուց ու Շնորհալուց:

Մանրամասն՝ տեսանյութում: