Մեր միակ բացթողումն այն էր, որ պետք է ավելի խիստ վերահսկողություն սահմանեինք

Մեր միակ բացթողումն այն էր, որ պետք է ավելի խիստ վերահսկողություն սահմանեինք

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանից երեկ հետաքրքրվեցինք, թե կառավարության հակաճգնաժամային ծրագրերը դեռ շարունակվելո՞ւ են, թե՞ սահմանափակումների վերացումից հետո կարծում են, որ տնտեսական կամ սոցիալական աջակցության կարիք այլեւս չկա։

«Չէ, որոշ միջոցառումներ կան՝ կրկնվում են, օրինակ՝ 5-րդ միջոցառումը, որով բիզնեսին աշխատավարձի 20 տոկոսի չափով օգնություն էին տալիս։ Դա կկրկնվի եւ կընդլայնվի՝ մինչեւ 100 աշխատող ունեցողներին կտրամադրվի, եւ այն մարդիկ, որոնք կորոնավիրուսի պատճառով իրենց աշխատանքը կորցրել էին, նրանց համար էլ միջոցառոմը կկրկնվի։ Այսինքն, եթե նախկինում մարտի 13-30-ն էր, հիմա կլինի մարտի 30-ից մեկ ամիս ժամանակահատված, որի ընթացքում աշխատանք կորցրածները փոխհատուցում կստանան»,- ասաց Թունյանը։

- Հիմա, մի կողմից, կորոնավիրուսի տարածման թվերն ահագնացող տեմպերով աճում են ամեն օր, մյուս կողմից՝ կառավարությունը վերացնում է սահմանափակումները։

- Թվերը բնական է, որ աճելու էին, որովհետեւ մենք արդեն երկու շաբաթ փաստացի թեթեւացած ռեժիմով ենք ապրում, բայց, մյուս կողմից, լրիվ փակ պահելը կարող է տնտեսության համար անդառնալի կորուստների հանգեցնել։ Դրա համար պիտի փորձենք էդ բալանսի կետը գտնել, որ ե՛ւ բիզնեսը շատ չտուժի, ե՛ւ անհատական պատասխանատվության միջոցներ դրսեւորենք։

- Գտե՞լ եք այդ բալանսի կետը։

- Հույս ունեմ, որ այո։

- Հաշվարկներ կա՞ն, թե այս երկու ամսվա ընթացքում որքան տուժեց մեր տնտեսությունը։

- Էսօր արդեն վիճակագրական ծառայությունն ապրիլ ամսվա տվյալները հրապարակել է, եւ միայն ապրիլ ամսին նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվությունը երկնիշ անկում է գրանցել, բնականաբար՝ մայիսի ցուցանիշները նույնպես անկումային կլինեն, բայց, հաշվի առնելով, որ մայիսի մեծ մասը սկսել են արդեն աշխատել, կարծում եմ՝ որոշ ոլորտներում այդ անկումն այդքան խորը չի լինի։ Հիմա մեր նպատակն է, որ տարվա երկրորդ եռամսյակն ու երկրորդ կիսամյակը՝ հուլիսից սկսած, տնտեսությունը կամաց-կամաց սկսի վերականգնվել, ու տարվա վերջին ունենանք մի փոքր ավելի նորմալ ցուցանիշ։

- Կառավարությունն ինչ անում է, ճի՞շտ է անում՝ թե՛ կանխարգելման առումով, թե՛ տնտեսության մասով։

- Էսպես ասեմ․ որոշումը կայացնելուց հետո նայել, թե դա ինչ արդյունք ունեցավ, եւ դրա մասին ճիշտ ու սխալ եզրակացնելը միշտ հեշտ է։ Բայց երբ դու էդ պահին որոշում ես կայացնում, կայացնում ես էդ պահին եղած ինֆորմացիայի հիման վրա, եւ կառավարությունը, կարծում եմ, եղած ինֆորմացիայի հիման վրա ճիշտ որոշումներ է սահմանել։ Իմ կարծիքով՝ մեր բոլորիս միակ բացթողումն այն էր, որ մենք պետք է ավելի կարգապահ լինեինք եւ ավելի խիստ վերահսկողություն սահմանեինք, որ էն երկու շաբաթ կարանտինը, որ սահմանվեց, էդ ժամանակ բոլորն էդ կանոնները պահպանեին։ Ես գիտեմ, որ կարանտինի հաստատված ամենախիստ օրերին եղել է, որ ես բակում նկատել եմ իրենց համար նույն նախկին ռեժիմով իրենց կյանքը շարունակող մարդկանց։ Մենք էլ մեր կողմից մի քիչ երեւի էդ ռիսկը թերագնահատել ենք։