Բա եթե փող չեն ստանում, ինչո՞ւ են Ձեզ քննադատում, պարո՛ն վարչապետ

Բա եթե փող չեն ստանում, ինչո՞ւ են Ձեզ քննադատում, պարո՛ն վարչապետ

Նիկոլ Փաշինյանը նորից բանուգործը թողել ու անզորությունից հարձակվել է լրագրողների վրա։ Երեկվա իր «թավշյա» լայվում Փաշինյանը նորից հիշել է մեզ՝ լրագրողներիս, որոնք դեռ Սերժ Սարգսյանի օրոք մեղադրվում էին «գաղջ» մթնոլորտ տարածելու մեջ։ Հիմա էլ մեր նախկին գործընկեր, Սերժի ու Քոչարյանի թվերին մեզ պես հազար ու մի ճնշումների ենթարկված, հալածված Նիկոլ Փաշինյանն այսօր իր գործընկերներին մեղադրում է նախկիններից փող վերցնելու մեջ։

«Լրատվական դաշտն ինչպե՞ս է կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը եւ լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել։ Հիմա չի ստանում, եւ ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ, որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»,-ասել է նա իր երեկվա լայվում։

Հետաքրքիր է, իհարկե, թե ինչպես է նա այդ հաշվարկը կատարել, որ ստացել է 99 տոկոս «ծախված» լրատվամիջոց։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ամբողջ լրատվական դաշտին համարում է ծախու և պատվեր կատարող, ինչ-որ անհասկանալի ուժերից ֆինանսավորվող։ Իսկ ո՞րն է այն 1 տոկոսը, որն ինչքան ուժ ունի՝ ազնիվ է ու անաչառ և երբեք որևէ շրջանակից գումար չի ստացել իր թերթը կամ կայքը պահելու համար։ Չենք կարծում, որ վարչապետն այնքան մեծամիտ գտնվի, որ այդ 1 տոկոս «ազնիվ ու անբասիր» լրատվամիջոցների ցանկում հենց իր ղեկավարած «Հայկական ժամանակը» ներառի։ Նա, կարծում եմ, լավ գիտի, որ սա փոքր երկիր է, բոլորը բոլորին շատ լավ ճանաչում են, ուստի գիտեն նաև, թե նախկինում կամ հիմա ով ում որքան գումար է տվել և տալիս ու ինչի դիմաց, կամ ով է հետո հանուն այդ գումարի ձեռք բերած պայմանավորվածությունները խախտել, հետո ինչ է տեղի ունեցել այդ մարդու կամ լրատվամիջոցի հետ և այսպես շարունակ։ Դեպքերը, օրինակները, փաստերը բազմաթիվ են, ու մի օր կարող է ոմանք իսկապես չդիմանան և սկսեն խոսել, պատմել, հիշեցնել։ Ուստի Նիկոլ Փաշինյանին դեռ իր լրագրողական գործունեության տարիներից լավ ճանաչողները պիտի որ իրեն խորհուրդ տային չմտնել այս թեմայի մեջ, ինչը բնավ իր շահերից չի բխում։ Բայց մեր սիրելի վարչապետը, չգիտես ինչու, ամեն անգամ ձեռքը տանում է կրակին, քանի որ ասում են՝ նա խորհուրդներ լսել չի սիրում, ո՞վ այդքան «դուխ» ունի վարչապետին խորհուրդ տա։ Խորհուրդ տալու լինեին, էնօրվա ուղերձի ժամանակ խորհուրդ կտային` 90-ականների մութ ու ցուրտ տարիները հիշեցնող ֆոնի վրա ժողովրդին ուղերձով չդիմել կամ, առհասարակ, նման անիմաստ ու ոչինչ չտվող ուղերձներով քիչ զբաղեցնել հասարակությանն ու «պողոսներին»։

Բայց Նիկոլ Փաշինյանի խոսքերի մեջ նաև անտրամաբանական մի նյուանս կա։ Ասում է՝ ամբողջ լրատվական դաշտը կատաղած է իր վրա, որովհետև հիմա փող չի ստանում չգիտեմ ումից։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, ակնարկում է այն, որ այսօր շատ լրատվամիջոցներ իրեն քննադատում են, որովհետև նախկիններից փող են ստանում։ Այսինքն՝ ինքը շատ լավ է աշխատում, բայց ինչ-որ նախկիններ փող են տալիս որոշ լրատվամիջոցների, որ զոռով իրեն քննադատեն։ Ուրեմն ստացվում է՝ այլևս ոչ ոք չպիտի իրեն քննադատի, որովհետև, ինչպես իր աղբյուրներն են պնդում, հիմա փող չեն ստանում։ Բա եթե փող չեն ստանում, ինչո՞ւ են Ձեզ քննադատում, պարոն վարչապետ։ Մի բան էն չի Ձեր ասածի մեջ։ Մյուս կողմից, որպես երբեմնի անաչառ ու ազնիվ, երբեք որևէ մեկից որևէ լումա չստացած լրագրող, որ մշտապես օրվա իշխանությանը քննադատել է բացառապես նրա համար, որ վատ են աշխատում, ինչո՞ւ Ձեր մտքով չի անցնում, որ այսօր էլ Ձեզ քննադատում են հենց դրա համար, որովհետև լավ չեք աշխատում, սխալներ եք թույլ տալիս, թերանում եք։ Չքննադատե՞նք։ Համ ասում եք՝ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել՝ ով ինչ ուզի, կարող է գրել իշխանության հասցեին, համ ասում եք, որ բաց եք քննադատության առջև, համ էլ քննադատողներին մեղադրում եք սրանից-նրանից փող վերցնելու մեջ։

Բա մամուլի հանդեպ ճնշումը պոզով-պոչո՞վ է լինում, որ նրանք, որոնք զուտ իրենց համոզմունքներից ու Ձեր վատ աշխատանքից ելնելով են Ձեզ քննադատում, կաշկանդվեն, չքննադատեն, որ հանկարծ վարչապետն իրենց էլ ծախված չհամարի։